Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի հյուրընկալ հարկի ներքո տեղի ունեցավ մեր ժամանակի նշանավոր մտավորականներից մեկի` բանաստեղծ, արձակագիր, մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ և ԼՂՀ պետական մրցանակների դափնեկիր Մկրտիչ Սարգսյանի ծննդյան 95-ամյակին նվիրված հուշ-երեկո:
Դահլիճում էին Մ. Սարգսյանի գրչակից ընկերները, հարազատները, կինը` Ելենա Դավթյանը: Թեև արդեն 17 տարի գրողը հրաժեշտ է տվել կյանքին, սակայն նրա անունն ու գործը շարունակում են ապրել իր` «Սերժանտ Կարոն», «Տիրամոր պատկերի առջև», «Շահմարի առեղծվածը», «Ճակատագրով դատապարտվածները», «Քաջ Նազար», «Գարուն էր, ձյուն էր արել» և բազմաթիվ այլ վեպերում, պատմվածքներում, երգիծական մանրապատումներում:
Գրողի կյանքը` հայրենի Ջավախքից մինչև Հայրենական պատերազմ, մինչև մեր օրերը, նրա ստեղծագործական ուղին ամփոփ ներկայացրեց ՀԳՄ քարտուղար, բան. գիտ. դոկտոր Պետրոս Դեմիրճյանը: Իրենց ավագ գրչընկերոջ հասցեին գնահատանքի խոսք ասացին ՀՀ մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Ա. Ավագյանը, բանաստեղծուհի Խանդութը, Թորոս Թորանյանը, «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը, Մ. Սարգսյանի անվան գրական հանձնախմբի անդամ, բանաստեղծ Ներսես Աթաբեկյանը: Հոր մասին հուշեր պատմեցին, նաև նրա գրական գործունեության առանձնահատկությունները, գրական հարուստ ժառանգությունը հակիրճ ներկայացրին որդիները` գրականագետ, բան. գիտ. թեկնածու Վահագն Սարգսյանը, արձակագիր Դավիթ Սարգսյանը: Ելույթներն ընդմիջվում էին անվանի ասմունքողների, նաև Երևանի Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի աշակերտների` Մ. Սարգսյանի հայտնի մանկական բանաստեղծությունների կատարումներով:
«Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը միջոցառման ամփոփիչ խոսքում տեղեկացրեց, որ Մկրտիչ Սարգսյանի անունը կրող մրցանակաբաշխության հանձնախումբը 2016-2018 թթ. լույս տեսած լավագույն գիրք է ճանաչել՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակված, արձակագիր Տիգրան Նիկողոսյանի «Ցավի և սիրո բացիկներ» գեղարվեստական հրապարակախոսությունների ժողովածուն: Հանձնաժողովի որոշմամբ՝ Վ. Սարգսյանը Մկրտիչ Սարգսյանի անվան գրական մրցանակը հանձնեց գրող, հրապարակախոս, ՀՀ վաստակավոր ժուռնալիստ Տիգրան Նիկողոսյանին: Վերջինս հանդես եկավ շնորհակալական խոսքով` շեշտելով, որ գրական մրցանակը կկրի ակնածանքով և գրականության հանդեպ մեծ պատասխանատվությամբ:
Շամիրամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ