«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԸ» ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՂԵՆԻՇ

 

Մարտի 28-ին Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի պրոֆեսոր Վ. Քոսյանի անվան լսարանում տեղի ունեցավ «Գրական թերթ» ակումբի հանդիպումը թերթի աշխատակազմի և ժամանակակից գրողների հետ: Հանդիպումը կազմակերպել էր Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը:

Բանասիրական ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը, վստահեցնելով, որ «Գրական թերթը» բանասիրական ֆակուլտետի ուղենիշն է, ասաց. «Գրական թերթը» իր ձեռքը կարծես դրել է ժամանակի զարկերակին: Առաջին էջում խմբագրի սյունակը՝ խմբագրի հստակ, վճռորոշ ձեռամբ գրված, ավելի է ուժ տալիս թերթին»:

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը շեշտեց, որ ուսանողները պետք է անպայման կարդան «Գրական թերթը», քանի որ այն այսօրվա հայ գրականության զարկերակն է: Ապա ներկայացնելով հյուրերին՝ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին, «Գրական թերթի» խմբագիր Կարինե Խոդիկյանին, բանաստեղծներ Խաչիկ Մանուկյանին, Սամվել Կոսյանին, գրականագետներ Պետրոս Դեմիրճյանին, Արմեն Ավանեսյանին, հանգամանորեն անդրադարձավ նրանցից յուրաքանչյուրի գործունեությանը: Ա. Դոլուխանյանը մասնավորապես արժևորեց Էդ. Միլիտոնյանի՝ կյանքի ստվերոտ կողմերը սրամիտ ներկայացնող բանաստեղծությունները, Խ. Մանուկյանի՝ հոգեպես հարստացնող ստեղծագործությունները, Ա. Ավանեսյանի գրականագիտական հոդվածները, Ս. Կոսյանի քաղաքական սյունակը, որով միջազգային կյանքի նորությունները ներկայացվում էին և՛ հայկական, և՛ միջազգային օրենքների դիտակետից: «Կարինե Խոդիկյանը խիստ արթուն է մեր կյանքում ստվերոտ կողմերը նկատելու և դրանք ներկայացնելու առումով»,- ասաց նա:

Գիտական ընկերության նախագահ Կարլեն Նազարյանը, խոսելով «ԳԹ»-ի հետ իր առաջին ծանոթության մասին, նկատեց, որ ժամանակակից մարդուն նախ և առաջ պետք է ժամանակակից գրականություն, մերօրյա մարդը պիտի ծանոթ լինի իր հետ ապրող և ստեղծագործող գրողներին: «ԳԹ»-ն մեծ հնարավորություն է տալիս, որ ուսանողը ճանաչի ժամանակակից գրողներին»,- ամփոփեց նա:

«Մեզ համար մշակութային առումով աղբյուրի առաջին ակը «Գրական թերթն» է»,- նշեց գրականագետ Սուրեն Դանիելյանը՝ երկուստեք կարևորելով կապը ուսանողության հետ՝ և՛ ուսանողների-դասախոսների, և՛ գրողների համար:

ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը խոսեց ընթերցողի դերի մասին՝ փաստելով, որ մարդկանց՝ անցած տարիներին ընթերցանությունից հետ մղվելը ժամանակակից գրականության վրա բացասական ազդեցություն է ունեցել: «ԳԹ»-ն հնարավորություն է տալիս ծանոթանալ հատկապես ժամանակակից գրողների ստեղծագործություններին և ծառայում է ազգի ոգին, միտքը, մշակույթը պահպանելու և հանրահռչակելու գործին, որպեսզի մեր շարունակելիությունն ապահովենք համաշխարհային մշակութային բարձր գիտակցության տարածքի մեջ»,- ընդգծեց նա:

Ելույթ ունեցան նաև դրամատուրգ Կ. Խոդիկյանը, բանաստեղծներ Խ. Մանուկյանը, Ս. Կոսյանը,  Պ. Դեմիրճյանը, Ա. Ավանեսյանը, 4-րդ կուրսի ուսանողուհի Կարինե Հովհաննիսյանը, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի գրադարանի գրադարանավարուհի Նելլի Թադևոսյանը և ուրիշներ:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։