Հայ-իրանական գրական կապերը գնալով ավելի են մերձենում: Իրանի դրամատուրգների միությունը, ի դեմս նախագահ Բեհզադ Սադեղիի, մի խումբ գրողների հրավիրել էր Թեհրան՝ համաձայն 2011 թ. ստորագրված երկկողմ համաձայնագրի, օգոստոսի 25-ից սեպտեմբերի 1-ը մի շարք միջոցառումների մասնակցելու: Պատվիրակության կազմում էին Լևոն Մութաֆյանը, Գևորգ Ասատրյանը, Գուժ Թադևոսյանը, Նաիրա Ջուլհակյանը և Լիլիթ Կարապետյանը (գրականագետ Արմեն Ավանեսյանի ղեկավարությամբ):
Պատվիրակության անդամներին ընդունեց Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանը:
Ամեն օր տեղի էին ունենում ժամանակակից հայ դրամատուրգների երկերի գեղարվեստական ընթերցումներ (Աղասի Այվազյան, Պերճ Զեյթունցյան, Գուրգեն Խանջյան, Սամվել Կոսյան, Աստղիկ Սիմոնյան): Ընթերցումներից հետո լինում էին քննարկումներ: Պետք է նշել, որ Թեհրանի պետական թատրոնում բեմականացվում է Կարինե Խոդիկյանի «Թոռնիկ պատվիրե՞լ եքե պիեսը, որի առաջնախաղը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին:
Վերջերս հրատարակվել է նաև «Հայկական դրամատուրգիաե ժողովածուն, որտեղ զետեղված էին հայ ժամանակակից 12 դրամատուրգների մեկական ստեղծագործություն: Հայերենից պարսկերեն թարգմանությունը կատարել է ճանաչված թարգմանիչ Անդրանիկ Խեչումյանը: Օգոստոսի 30-ին տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանն ու մշակութային կցորդը, Իրանի թատրոնի նախագահը, մշակույթի փոխնախարարը և այլք:
Այնուհետև Իրանի մշակույթի փոխնախարար Ալի Մորադխանին ընդունեց հայկական պատվիրակությանը և քննարկվեցին համագործակցության հեռանկարները: Իրանական օրերը հայ գրողների համար հագեցած էին նաև մշակութային տուրիզմով, և հայկական պատվիրակության անդամները ներկա գտնվեցին թատերական ներկայացումներին և այցելեցին մի շարք թանգարաններ: