ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ

Մայիսի 29-ին, Վրաստանի գրողների ստեղծագործական միության (ՎԳՍՄ) նախաձեռնությամբ, Հայարտանը կայացավ ՎԳՍՄ Պատվավոր անդամ, բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանի ծննդյան 70 և գրական գործունեության 50-ամյակներին նվիրված հանդիսություն, որին իրենց մասնակցությունն էին բերել Վրաստանի վարչապետի խորհրդական, գրող Գուրամ Օդիշարիան, Վրաստանում Հայաստանի դեսպանության աշխատակիցներ, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Գրողների միջազգային գիլդիայի (Գերմանիա) Կովկասի ներկայացուցիչ Մոսե Բորոդան, վրաց գրականության և արվեստի մշակներ, վիրահայ մտավորականության ներկայացուցիչներ, լրագրողներ:
«Գագիկ Դավթյանը վրաց գրողներիս նվիրյալ բարեկամն է,- բացելով հանդիսությունը՝ նշեց ՎԳՍՄ նախագահ Մաղվալա Գոնաշվիլին,- անշահախնդիր այդ նվիրումի և սիրո շքեղ պսակն է «Վրացական պոեզիա» ստվարածավալ անթոլոգիան, որում ներկայացված է 34 բանաստեղծ: Անպատասխան չի մնացել Գագիկ Դավթյանի սերը մեր գրական մշակույթի հանդեպ: Նա վրացերեն երկու գրքերի հեղինակ է, Վլադիմիր Մայակովսկու, Շեքսպիրի վրացերեն առաջին թարգմանիչ Իվանե Մաչաբելու և Դավիթ Գուրամիշվիլու անվան միջազգային մրցանակների դափնեկիր: Երկու օր առաջ Վրաստանի ազգային համալսարանում մեր միության նախագահության որոշմամբ նրան շնորհվեց «Վրացական մշակույթի դեսպանորդ» կոչում, իսկ այսօր թույլ տվեք հանձնել նրան Գալաքտիոն Տաբիձեի անվան բարձր մրցանակը՝ ստեղծագործական բեղմնավոր գործունեության և «Վրացական պոեզիա» անթոլոգիան ստեղծելու համար»: «Ես պատիվ եմ ունեցել տողացիների պատրաստման հարցում օգտակար լինելու Գ. Դավթյանին և անթաքույց զարմանքով ու հիացմունքով նկատել եմ, թե ինչպես է նա «բազեի աչքով» ակնթարթորեն որսում գեղարվեստական տեքստի անկենդան պատճենների քողարկած «մարգարտահատիկները»,- ընդգծեց բանասիրական գիտությունների դոկտոր, անվանի սոնետագետ Վլադիմիր Սարիշվիլին՝ անդրադառնալով Գ. Դավթյան թարգմանչի հետ իր համագործակցությանը:
Մեծանուն թարգմանիչ Գիվի Շահնազարը նմուշներ ներկայացրեց Գ.Դավթյանի «Բաց նամակ» վրացերեն գրքում տեղ գտած իր թարգմանություններից: Նա նաև բարձր գնահատեց հայ բանաստեղծի թարգմանական արվեստը, ընդգծելով նրա բացառիկ ներքնատեսությունը և հավատարմությունը բնագրին:
Հայ բանաստեղծի գործերի թարգմանություններով հանդես եկավ նաև Բաղաթեր Արաբուլին:
Գագիկ Դավթյանի ազգային և մարդկային նկարագրի մասին խոսեց «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթը:
Պրոֆեսոր Մոսե Բորոդան ներկայացնելով Գերմանիայում գործող Գրողների միջազգային գիլդիայի գործունեությունը, ցանկություն հայտնեց հայ գրողներին նույնպես տեսնել իրենց կողմից հրատարակվող «Новый ренессанс» ռուսալեզու հանդեսում:
Օրվա խորհրդին ջերմորեն անդրադարձան գրող Գուրամ Օդիշարիան, Համավրացական «Ռուսթավելի» ընկերության նախագահ Դավիթ Շեմոքմեդելին, Վրաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետթատրոնի դերասան Ռոբերտ Հովհաննիսյանը, ուրիշներ:
Հընթացս ելույթների Գագիկ Դավթյանը ներկայացրեց հանդիսությանը ներկա վրաց բանաստեղծների գործերից:
Սրտառուչ էր Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի խոսքը: – Ճառերով ու կոչերով բարեկամություն չի ստեղծվում: Ճշմարիտ գրողը շատ ավելին է անում ժողովուրդների մերձեցման ուղղությամբ, քան նրանք, ովքեր այդ գործին կոչված են ի պաշտոնե: Ուղիղ տասը տարի առաջ, երբ մեր երկրների միջև կորուսյալ մշակութային կապերի վերականգնման առաջին քայլերն էին արվում, ես Բագրատաշենի անցակետում հանդիպեցի Գագիկ Դավթյանին, որ այստեղ էր գալիս վրաց պոեզիայի իր երկրորդ անթոլոգիան ստեղծելու առաքելությամբ: Այսօր մենք հավաքվել ենք նրա ստեղծած չորրորդ անթոլոգիայի առիթով, որ միավորում է ավելի քան երեք տասնյակ բանաստեղծների: Ասել է՝ թե մեր ժողովրդի բարեկամների թիվը ավելացավ առնվազն երեք տասնյակ վրացական ընտանիքներով: Ահա թե ինչ կարող է անել մեկ մարդը:
* * *
Նույն օրվա երեկոյան Վրաստանի գրողների տանը բացվեց Պոեզիայի միջազգային 3-րդ փառատոնը, որին ներկա էին 20 երկրների 25 պատվիրակներ: Հյուրերի մեջ էր ՀԳՄ պատվավոր անդամ, լեհ անվանի բանաստեղծ, պոեզիայի և արվեստի եվրոպական ՀՈՄԵՐ մեդալի հիմնադիր Դարիուշ Տոմաշ Լեբյոդան, ով ՀՈՄԵՐ մեդալով պարգևատրեց վրաց բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակագիր Գուրամ Օդիշարիային:
Պարգևի հանձնման արարողությանը հրավիրված բանաստեղծ, ՀՈՄԵՐ մեդալի հայ ասպետ և մեդալի շնորհման միջազգային հանձնաժողովի անդամ Գագիկ Դավթյանը շնորհավորելով վրացի գործընկերոջը և ներկայացնելով նրա ստեղծագործության տարբերակիչ գծերը, մասնավորապես նշեց. «30 տարում ավելի քան 30 վրաց բանաստեղծների եմ թարգմանել: Գուրամի ձեռագիրը նման չէ ոչ մեկին: Չնայած ճակատագրի դաժան հարվածներին, նրա թե՛ պոեզիան, թե՛ արձակն ու պիեսները լեցուն են բարությամբ, կարեկցանքով և անսահման մարդասիրությամբ: Եվ ամենակարևորը՝ Գուրամն ապրում է այնպես, ինչպես գրում է»:
Մանան ԳՈՐԳԻՇՎԻԼԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։