Արամ Սեփեթճյանը՝ գրական կամուրջ

Արամ Սեփեթճյան
Հոկտեմբերի 23-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ գրական հանդիսություն՝ նվիրված արձակագիր, հրապարակագիր Արամ Սեփեթճյանի ծննդյան 80-ամյակին և նրա «Ձայներ լռության մեջ» (խոհագրություն), «Գրական հանդիպումներ» (փորձագրություն) գրքերի շնորհանդեսին:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, շնորհավորելով Արամ Սեփեթճյանին ծննդյան 80-ամյակի և երկու գրքերի լույսընծայման առիթով, նշեց, որ այդ ժողովածուներն ընդգրկում են գրողի ողջ գրական հունձքը: «50-60 տարի շարունակ Լիբանանի տարբեր հանդեսներում նա անդրադարձել է լիբանանահայ կյանքին, գրական, հասարակական, քաղաքական, անցյալի ու ներկայի բազմաթիվ խնդիրների… Ստեղծելով իր հատորները` Ա. Սեփեթճյանը մշտապես ներկա է ոչ միայն Սփյուռքի, այլև հայաստանյան գրականության մեջ»,- ասաց ՀԳՄ նախագահը և հոբելյարին նվիրեց Վահան Թեքեյանի արձանիկը և պարգևատրեց ՀԳՄ պատվոգրով` Սփյուռքում հայ գրականության և մշակույթի զարգացման գործին անձնվեր ծառայության համար:
Պետրոս Դեմիրճյանը, ներկայացնելով ժողովածուները, հանգամանորեն խոսեց «Գրական հանդիպումներ» հատորի մասին, որտեղ ամփոփված են գրախոսականներ, գրաքննադատական գործեր` 50-ական թվականներից մինչև 2014թ.: «Ձայներ լռության մեջ» գրքում հոդվածների մի ամբողջ շարք նվիրված է Եղեռնի թեմային, որտեղ հեղինակը Հայոց ցեղասպանությունը դիտում է որպես դասագիրք, որից պետք է դասեր քաղել` հետագայում ճիշտ մոտեցումներ որդեգրելու համար:
Ըստ բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վազգեն Գաբրիելյանի՝ «Այս երկու գրքերում տեսնում ենք մի մարդու, որոնցից մեկում նա հակված է դեպի գրականությունը և գրականության հարցերը, մյուսի մեջ ինքն է, իր ներանձնական տրամադրությունները»: Վ. Գաբրիելյանը, նրան բնորոշելով համահայ ստեղծագործող, երկու գրքերը որակեց իբրև տարեգրություն մի կենսագրության, որի ներկայացնող անձը կոչվում է Ա. Սեփեթճյան:
Հայկական բարեգործական ընդհանուր միու­թյան Հայաստանի ներկայացուցչության անունից շնորհավորանքի խոսք ասաց Հովիկ Հորդեկյանը: «Ա. Սեփեթճյանի հրապարակագրության ուղենիշներն են` ոգի, գաղափարական խորք և հավատ»,- ասաց նա:
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը ևս փաստեց, որ գրողի սևեռումները միայն ազգային խնդիրների շուրջ են:
«Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի մեթոդիստ, Ա. Սեփեթճյանի «Գրական հանդիպումներ» գրքի խմբագիր Քնարիկ Աբրահամյանը մասնավորապես անդրադարձավ իր խմբագրած գրքին: «Հայ գրականության զարկերակը բռնած գրիչն է Ա. Սեփեթճյանը. նա գրական կամուրջ է կապել երկու (արևմտահայ և արևելահայ) համակարգերի միջև»,- ասաց Ք. Աբրահամյանը:
Բանաստեղծ Տիգրան Գաբոյանի հավաստմամբ` սփյուռքահայ գրողի առաքելությունը, իբրև բովանդակություն, առնչված է Հայ դատի հետ, և Սեփեթճյանի արած գործը այդ առնչվածության ներկայացումն է: Ելույթ ունեցան նաև բանաստեղծ Արևշատ Ավագյանը, ուսանողներ Մանե Ավագյանն ու Լիլիթ Վարդիկյանը:
Շնորհակալական խոսքում Արամ Սեփեթճյանը, խոստովանելով, որ գրականությունն իր համար առաքելություն է, նշեց, որ հայրենի գրականությունն իր սերնդի համար եղել է ուսուցիչ, լույս, հույս ներ­շնչող փարոս: Հայրենիքը մեզ համար մեր անցյալ դարերի պատմությունն է. «Պետք է կառչել հայրենի հողին. սրանով են դաստիարակում մեզ Սփյուռքում, առանց հայրենիքի ոչ մի սփյուռքահայ չի կարող գոյատևել»,- ասաց նա:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։