Միջնադարյան վերածննդի ոգով

Նոյեմբերի 20-ին Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ արձակագիր, դրամատուրգ Աղասի Այվազյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գրական հանդիսություն:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Աղասի Այվազյանի ստեղծագործությունը բնորոշելով որպես հայի էության փնտրտուք, նշեց, որ 70-ականների սկզբներին նրա պատմվածքները թարմ շունչ էին բերում հայ արձակ, քանի որ կատակերգական հայացքն ընդլայնված չէր արևելահայ գրականության մեջ: Կարծես պատշաճ չէր այդ հայացքով ներկայացնել այն իրողությունները, որոնք առնչվում են հայ մարդուն, հայոց պատմությանը: «Կարդալով նրա պատմվածքները, տեսնում ես, թե որքան է ընդարձակվում Ա. Այվազյանի` աշխարհին նայելու ոսպնյակը. նա գտնում է հայի շարունակելիության գենը, ստեղծարար, ապրեցնող գենը,- ասաց Էդ. Միլիտոնյանը և հավելեց,- նա փնտրում է մարդու ճշմարտության, մարդու գոյության, էության այն գաղտնիքներն ու խորհուրդները, որոնք մարդուն մարդ են դարձնում, մարդու պատմությունը՝ մարդկային պատմություն»: ՀԳՄ նախագահի հավաստմամբ՝ Ա. Այվազյանի միայն գրականությունը բավական է, որպեսզի հարստացած լիներ մեր և աշխարհի գրականությունը: «Միջնադարյան վերածննդի ոգին էր կրում իր մեջ»,- ամփոփեց նա:
Գրականագետ, ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը Ա. Այվազյանին ծանոթ է եղել ոչ միայն նրա գրականությունից, այլև երկար տարիների ընթացքում անձնական շփումներից ու մտերմությունից: Նա արժևորեց Ա. Այվազյանի նախանձախնդրությունը՝ «Գրական թերթում» աշխատած տարիներին հայ երիտասարդներին գրականության, արվեստի աշխարհ ներգրավելու առումով: Այնուհետև գրողին համարելով արտիստ իր և՛ մարդկային, և՛ ստեղծագործական էությամբ, անդրադարձավ 1985 թ. «Դիպլիպիտո» հատորում հրատարակված երեք փոքրածավալ էսսեներին` «Վան Գոգի ականջը», «Ինտրա» և «Գոյության իմաստությունը», որոնցում խտացված է ինքնատիպ արվեստագետ-գրողի ստեղծագործական մտածողության բուն էությունը: «Դրանցում Այվազյանը փորձել է տեսական-դատողական ձևի մեջ դնել այն ասելիքը, ինչն արտահայտում-պատկերում էր գեղարվեստական խոսքի արտահայտչամիջոցներով: Դա ուրիշ մեծերի ճանաչողության ճանապարհով ինքն իրեն և ընդհանրապես մարդուն ճանաչելու փորձ էր»,- ասաց նա:
Արձակագիր Ալիս Հովհաննիսյանն անդրադարձավ Ա. Այվազյանի «Պոեմ վասն շենքի և շինության» վիպակին, որը նվիրված է Ալեքսանդր Թամանյանին: Նրա կարծիքով՝ Թամանյանը սովորեցնում է ամենադժվար պայմաններին տոկալ, չհուսահատվել, հավատը չկորցնել ապագայի նկատմամբ: «Սա պատգամ էր, որ Ա. Այվազյանը ուզում էր մեզ թողնել այս պոեմով»,- վստահեցրեց Ա. Հովհաննիսյանը:
Գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը հուշեր պատմեց Ա. Այվազյանի, նրա խոր, իմաստասիրական զրույցների մասին՝ ընդգծելով, որ նա հայ գրականությունը հարստացրել է մնայուն արժեքներով:
Գրականագետ Անի Փաշայանի հավաստմամբ՝ Ա. Այվազյանի գրականությունը մեր բազմադարյա գրականության, պատմամշակութային իրողության տրամաբանական շարունակությունն է: Նա մի նպատակ ուներ` գտնել, ճանաչել մարդուն: Մարդն իր ստեղծագործական լաբորատորիայի ամենակարևոր հանգրվանը դարձավ, և նա ամեն ուղղությամբ կարողացավ ցույց տալ մարդուն իր՝ թեկուզև բացասական գծերով:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Ա. Այվազյանի կինը՝ Գրետա Վերդյանը, ընդգծելով, որ տարբեր գործերի մեջ կարմիր գծով անցնում է դետեկտիվի ժանրը, որը թաքնված է բոլոր սյուժեների մեջ:
Ելույթ ունեցան նաև գրականագետներ Աբգար Ափինյանը, Գոհար Մկրտչյանը և ուրիշներ: «Պրոբլեմա» ժողովածուից ստեղծագործություններ ներկայացրին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները: Ա. Այվազյանի գործերից կարդաց Գայանե Սամվելյանը: Գրական հանդիսությունը վարում էր Անի Փաշայանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։