Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ / «Անուղղելի» գիրք նվիրողը

Թումանյանը իր նոր լույս տեսած գրքերը առատորեն բաժանելու սովորություն ուներ: Բանաստեղծի կինը՝ Օլգան, վկայում է, որ գրքերի տպաքանակի սպառվելուց հետո «գալիս էր, երեխաներին նվիրած գրքերը ետ վերցնում, տանում-նվիրում իր հյուրերին… և էսպես ո՛չ մեզ, ո՛չ էլ իր մոտ նրա գրքերից երբեք չէր լինում»:
Այսպես, 1893 թ. լույս տեսած «Դաշնակներ» գրքույկը բանաստեղծը լցնում էր վերարկուի գրպանները և բաժանում այնքան, որ արդյունքում իրեն ոչ մի օրինակ չէր մնում: Իշխանուհի Մարիամ Թումանյանը նույնպես դժգոհ էր բանաստեղծի այդ բնավորությունից: Հրատարակելով բանաստեղծի գրքերը՝ նա փորձում էր տպաքանակը «փրկել Թումանյանից» և ամբողջությամբ վաճառքի հանձնելով՝ նյութապես օգնել բանաստեղծին: «Բանաստեղծությունների» 1903 թ. ժողովածուի 1200 օրինակից իշխանուհին միայն 400-ն է վաճառում և գումարը տրամադրում հրատարակիչներին ու հեղինակին: Իսկ Թումանյանը այդ նույն միջոցին անվճար բաժանում էր գրքերը: «Հուսահատված,- պատմում է իշխանուհին, – ես հավաքեցի ինձ մոտ մնացած գրքերը և ուղարկեցի նրան… նա շարունակեց անմիտ կերպով ցրել գրքերը, և նրա աշխատածը միայն այն էր, ինչ որ ստացել էր ինձանից և գրախանութներից կանխիկ դրամով»:
Նվիրելով մոտ 4000 ռուբլի արժողություն ներկայացնող գրքերի գրեթե ողջ տպաքանակը, բանաստեղծը միայն խանգարեց իր բարեկեցության խնդիրներով մտահոգված հովանավորներին գեթ որոշ ժամանակով նյութապես ապահովել իրեն:
«Մանկական գրադարան» մատենաշարը հրատարակելիս իշխանուհին նույնիսկ ստորագրություն է վերցնում հեղինակից, որ նա կբավարարվի միայն 50 օրինակի տնօրինությամբ, սակայն դա էլ չի օգնում: Բարեգործ հրատարակչի «բոլոր ջանքերը ապարդյուն անցան», և նա, տեսնելով, որ Թումանյանը «անուղղելի է», այլևս չէր վրդովվում ու «մատների արանքով էր նայում այդ թուլությանը»: Թումանյանը ոչ միայն 50 օրինակով չբավարարվեց, այլև «Մանկական գրադարան» մատենաշարի գրքերի գրեթե ողջ տպաքանակը աջ ու ձախ նվիրեց, ու երբ 1923 թ. Մոսկվայում հրատարակելու համար անհրաժեշտ եղան «Մի կաթիլ մեղրը» և «Շունն ու կատուն», բանաստեղծի գրադարանում ոչ մի օրինակ չգտան:
Թումանյանն առհասարակ սովորություն ուներ արժեքավոր գրքերից մի քանի օրինակ գնել նվիրելու համար: Այդ գրքերից էին Սմբատ Շահազիզի «Ազատության ժամերը», Երվանդ Օտյանի «Առաքելություն մը ի Ծապլվար», Ֆիրդուսու «Շահնամեի» պարսկերեն շքեղ հրատարակությունը և այլն: 1921թ. Բաթումում մի գրավաճառից գնած «Дело о дуэли Лермонтова» շատ հազվագյուտ գիրքը փոստով ուղարկում է Մոսկվա, նվիրում է Ռուսաստանի կրթության նախարար Անատոլի Լունաչարսկուն՝ համոզված, որ ռուս դասականներին վերաբերող բոլոր հազվա­­գյուտ գրքերը պետք է գտնվեն նրանց հայրենիքում: Սայաթ-Նովայի ժառանգներից նվեր ստացած «Դավթարը» Թումանյանը նվիրեց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին:
1923 թ. փետրվարի 16-ին, մահվան անկողնում, երբ այլևս չէր կարողանում կարդալ, և գրողի համար ուրիշներն էին ընթերցում, ասես վերջին անգամ պատգամում էր սերունդներին. «Պետք է կարդալ, միշտ կարդալ. և ամեն մի կարդալը մի բան է տալիս ու աննկատելի կերպով ամբարվում, բան դառնում»:
Եվ իրոք, թեև Թումանյանը այդպես էլ չկարողացավ ստանալ բարձրագույն կրթություն, այնուամենայնիվ, արտասահմանում կրթված, հետագայում ակադեմիկոսի կոչմանն արժանացած և ոչ մի ընդդիմախոս չկարողացավ հաղթել նրան հրապարակային բանավեճերում: Ցանկացած բանավեճում նրան առաջնորդում էին թե՛ գիտելիքները, թե՛ «բնածին խելքը» ու նաև «բնազդը», թե՛ երևույթները նաև զգալու, կռահելու ունակությունը: «Դժվար է չասել, – գրում է Սևակը, – որ Թումանյանն է մեր նոր գրականության ամենախելոքը՝ բոլոր զարգացածների մեջ և ամենից ունակը՝ բոլոր ընդունակների մեջ: Նա չի ավարտել Ներսիսյանը, ուր մնաց թե Լազարյանը, ոչ էլ ուսանել է Վենետիկում: Բայց տեսե՛ք, թե ինչպես է բանավիճում Աճառյանի, Մառի, Աբեղյանի հետ և բանակռվում բազմաթիվ ուսյալ, համալսարանավարտ անվանի գործիչների հետ՝ Արծրունուց մինչև Արասխանյան, Խալաթյանցից մինչև Մակինցյան»:
Հենց անվերջ ու անվերջ, ծանոթ ու անծանոթ, յուրաքանչյուր պատահածի գիրք նվիրելու սովորությամբ, ինքնակրթությամբ մարդուն բարձրացնելու, մատաղ սերնդին դաստիարակելու, շրջապատում գիտության լույսն ու մարդկային հոգու ջերմությունը տարածելու բնավորությամբ է պայմանավորված, որ Ամենայն հայոց մեծ բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, հայ մշակույթի պատմության մեջ ամրագրվեց իբրև Գիրք նվիրելու օր, երևույթ, որը եզակի է ու բացառիկ, թերևս, ամբողջ աշխարհում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.