ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԱՆԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ՍՈՒՍԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ / Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

Խիստ շնորհակալ գործ է կատարում Սուսաննա Հովհաննիսյանը թումանյանագիտության բնագավառում: Նա հրատարակել է մեծ մտածողի, եզակի հասարակական գործչի, հանճարեղ բանաստեղծի կյանքին ու գործունեությանը վերաբերող բազմաթիվ գրքեր: Թումանյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ՝ 2018 թվականին, լույս տեսան գրականագետի երեք արժեքավոր գրքերը՝ “Ованес Туманян в годы Первой мировой войны”, «Վերնատուն» և «Հովհաննես Թումանյանը մանկագրության խաչմերուկներում»: Առաջին ռուսալեզու գիրքը հնարավորություն է՝ ռուս և ռուսալեզու ընթերցողներին ծանոթացնելու, թե ինչպես երիտթուրքերը, օգտվելով համաշխարհային պատերազմից, կազմակերպեցին Արևմտահայաստանի հայ բնակչության ոչնչացումը՝ ցեղասպանությունը: Թումանյանն այդ վտանգը տեսել է ավելի շուտ և կռահել է, որ համիդյան ջարդերը շարունակություն էին ունենալու: Իսկական հայրենասերը դեռևս 1902-ին է գրել «Հայոց լեռներում» հրաշալի քերթվածը: Ուշագրավ է, որ 1917 թ. դեկտեմբերին Անդրանիկ զորավարին գրած նամակում Թումանյանը հավաստիացնում է, թե զորավարի տրամադրության տակ են իր 4 որդիները, իսկ թիկունքի աշխատանքների համար՝ նաև իր 4 դուստրերը: Բնականաբար նաև ինքը:
Այսօրինակ հայրենասերը, նաև քրիստոնեական ու աստվածային պատգամներին հետևող մարդասերը իր գրիչը նվիրելու էր մատաղ սերնդին ճիշտ դաստիարակելու գործին: Ու ծնվում են նրա խիստ ուսանելի մանկական ոտանավորները: Թումանյանի կարծիքով, մանկական ոտանավորը, հեքիաթը կամ պատմվածքն այնպես պետք է գրվի, որ հավասարապես կարդան և՛ մեծերը, և՛ փոքրերը: Այս դրույթը տեսանելի ներկայացված է Սուսաննա Հովհաննիսյանի գրքում:
Թումանյանն այն կրթված ու հետաքրքիր մարդկանցից էր, ով գիտեր երեխայի հետ ինչպես պետք է զրուցել և մեծահասակի հետ՝ ինչպես: Իսկ այդ ճշգրիտ տարբերակումն առկա էր ժողովրդական բանահյուսության՝ ժողովրդի դարավոր իմաստության մեջ: Թումանյանը մանկական ստեղծագործություններում հատկապես շատ է օգտվել ժողովրդական բանահյուսությունից՝ միշտ հարազատ մնալով ժողովրդի փիլիսոփայությանը, բառ ու բանին: Թումանյանը գրել է շատ սրամիտ խաղեր: Ս.Հովհաննիսյանը փաստում է. «Խաղերի առիթով հրապարակված «Ազդում» Թումանյանը գրում է. «Մանկությունը մարդու էն ամենաընդունակ շրջանն է, երբ նա չորս կողմից ընդունում է, սնունդ է առնում ու զարգանում շարունակ: Հետևաբար՝ շարունակ պետք է սնունդ տալ նրան, որ միշտ աճի ու զարգանա» (էջ 29)»:
Սիրառատ, հյուրամեծար, կենսասեր Թումանյանն իր զգայուն սրտում միշտ ունեցել է ազգային ցավը, և այդ մասին գիտեին թե՛ երեխաները, թե՛ նրա ողջ շրջապատը: Ահա, թե ինչ է գրել նա դստեր ալբոմում. Կանցնեն օրերն, Անուշ ջան,//Կանցնի քո հերն, Անուշ ջան,// Ու կըտանի իրեն հետ // Իր ցավն ու սերն, Անուշ ջան (էջ 35):
Հայաստանի բնաշխարհի թռչունները, տարվա եղանակները, առանձին ամիսները, մարդու և բնության, մարդու և կենդանիների կապն առկա է Թումանյանի մանկագրության մեջ: Բնության ու կենդանական աշխարհի նկատմամբ սեր ունեցող երեխան ապրելու էր աստվածային պատգամների համեմատ: Սա հատկանիշ է, որը հարկավոր է ողջ մարդկությանը՝ առանց ազգային ու կրոնական խտրականության: Երեխան հիանում է «Կաքավի գովքը», «Արտուտիկ», «Փիսոն», «Արագիլը» «Ծիտը», «Ուլիկը», «Աշուն», «Գիժ մարտ», «Կանաչ ախպեր» և նման հեշտ հիշվող ու անթերի մանկական ոտանավորներով:
Ս.Հովհաննիսյանն առանձին բաժին է նվիրել «Սասունցի Դավիթ» էպոսի թումանյանական կատարյալ մշակմանը: Նա վկայակոչում է եզակի թումանյանագետ Էդվարդ Ջրբաշյանի բնորոշումը՝ կապված «Սասունցի Դավիթ» էպոսի մշակման հետ. «Հայ ժողովրդական էպոսը կարող էր մշակել միայն Թումանյանը» (էջ 78): Բոլոր մեծ մտածողների նման, Թումանյանն էլ իր ստեղծագործության մեջ մերժում է բռնությունն ու մարդ անհատի ստրկացումը: Շահ Աբասի 1604 թվականին կազմակերպած հայերի բռնի արտագաղթին է նվիրված «Թագավորն ու չարչին» բալլադը, որն ավարտվում է բանաստեղծի համոզիչ եզրահանգումով. …Ու միշտ, քանի որ կա// Շահ ու գերի, ըստրուկ ու տեր,// Չի՛ լինելու երկրի վըրա// Ո՛չ շիտակ խոսք, ո՛չ կյանք, ո՛չ սեր… էջ (99):
Ս. Հովհաննիսյանի մենագրության երկրորդ գլուխը կոչվում է՝ «Թումանյանը մանկական ամսագրերում, դասագրքերում և առանձին հրատարակություններում» (առաջին բաժինը կոչվում է «Հասկեր» ամսագիրը): Թումանյանն իր մանկա­գրությամբ դառնում է «Հասկերի» ոգին: «Հասկեր» ամսագիրը սկսում է մրցակցել մանկական մեկ այլ ամսագրի՝ «Աղբիւրի» հետ: Եվ այդ մրցակցությունից երկուսն էլ շահում էին. այդ ամսագրերի անվանումները խորիմաստ են: Դրանք Աստծու բազում խորհրդանիշերից երկուսն էին. հասկը՝ հացը, աղբյուրը՝ կյանքի հիմքը:
Գրքի հեղինակը մեջբերում է հետաքրքիր փաստեր, որոնցից մեկն, օրինակ, պատմում է, թե «Մի կաթիլ մեղրը» բալլադի մտահղացումը Թումանյանին հուշել է նշանավոր հայագետ Նիկողայոս Մառը, երբ Լոռիում հնագիտական հուշարձաններ էր ուսումնասիրում: Իրավացիորեն Թումանյանը «Մի կաթիլ մեղր» բալլադը համարել է համաշխարհային գրականության մեջ դրվելիք ստեղծագործություն: Ս. Հովհաննիսյանը տարբեր փաստերով հիմնավորում է Ղ.Աղայանի և Հովհ. Թումանյանի ընդհանուր մտահոգությունը մանկական գրականության և դասագրքեր ստեղծելու խնդիրներում: Թումանյանն ու Աղայանը սերտ կապերի մեջ են եղել Թիֆլիսի բոլոր հայկական դպրոցների հետ:
Թումանյանի «Բզեզի դպրոցը», չնայած “Госпадин Учитель Жук” համանման գործի փոխադրությունն է, այնքան է հայացվել, որ ինքնուրույն գործի տպավորություն է թողնում: Դրանում օգտագործված են բազում բառեր, որոնց բացա­տրությամբ տարրական դպրոցի ուսուցիչը կհարստացնի աշակերտի բառապաշարը:
Թումանյանը խիստ պատասխանատվությամբ էր մոտենում դասագրքերում զետեղված նյութերին և այդ առիթով քննադատել է դասագիրք կազմող Ն.Տեր-Ղևոնդյանին, որն անհարկի վերամշակել է «Շունն ու կատուն», իսկ հեղինակի «Արծիվն ու կաղնին» բանաստեղծությունը վերագրել է Ալ. Ծատուրյանին:
Ս. Հովհաննիսյանի մենագրության երրորդ գլուխը նվիրված է մանկական գրականության վերաբերյալ Թումանյանի քննադատական հոդվածներին: Այդօրինակ հոդվածների բարձրակետը «Ոչ գրական մեծությունները քննադատ» սպանիչ հոդվածն է՝ ուղղված Ռուբեն Դրամբյանի ու ընդհանրապես հավերժական երևույթ դրամբյանիզմի դեմ:
1964-ին, երբ Փարիզում լույս տեսավ «Սասունցի Դավիթ» էպոսի համահավաք բնագիրը՝ նշանավոր հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդիի ֆրանսերեն հրաշալի թարգմանությամբ, հայագետը խոստովանեց, թե էպոսի որոշ բառեր, ինչպես հուրի-փերի, հավլունի թուր և այլն, ինքը չի թարգմանել, այլ տողատակում տվել է դրանց բացատրությունը ու թարգմանության մեջ ջանացել է պահպանել հայերեն բնագրի ողջ հմայքը:
«Հովհաննես Թումանյանը մանկագրության խաչմերուկներում» գրքում զետեղված են հետա­քրքիր գունավոր նկարներ, որոնցում պատկերված են Թումանյանի մանկական գրքերի տարբեր հրատարակություններ, Թումանյանը իր երեխաների հետ, իշխանուհի Մարիամ Թումանյանը, Ստեփան և Կատարինե Լիսիցյանները և այլն:
Գիրքը հատկապես օգտակար է նախադպրոցական և տարրական կրթական հաստատություններում աշխատող ուսուցիչների, մանկական գրողների և մանկագրությունը հետազոտող մասնագետների համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.