Մրգահաս, մտանյութ, հոգեպտուղ, հոգեսնունդ… բանաստեղծ, արձակագիր, գեղանկարիչ Արևշատ Ավագյանի «Տիեզերքի սրտխփոցը» գրքի խորագրերը յուրովի են ներկայացնում մարդու ներաշխարհը, մարդու և տիեզերքի կապը:
Գրքի թաքնված բանալիները գտնելու, իրենց դրվատանքի խոսքերը հայտնելու համար ընթերցողները հավաքվել էին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, որտեղ տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը:
Թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանի խոսքով` սա մեկ կամ տասը տարում գրված գիրք չէ, այլ իր ամբողջ կյանքի գիրքն է, տասնամյակների փորձառությունը: «Արևշատ Ավագյանն այս անգամ նոր ձևաչափով և մոտեցմամբ է քննում և բացահայտում մարդկային ու տիեզերական ներաշխարհային գաղտնիքները, ներկայացնում մեծ աշխարհի մանրակերտը, այն է` տիեզերական անհունը»: Սփյուռքի նախարարի տեղակալ, գրականագետ Սերժ Սրապիոնյանը ներկայացրեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը, որը վերնագրված էր` «Տիեզերքի սրտխփոցին ունկնդիր»:
Գրքից առանձնացված հետաքրքիր մտքերը յուրովի մեկնաբանեցին և իրենց գնահատականը տվեցին գրականագետ, լեզվաբան Ռոմա Դալլաքյանը, հրապարակախոս, արձակագիր Թորոս Թորանյանը, քահանա, երաժիշտ Տեր Թովմա Անդրեասյանը, գրականագետ Լյուդվիգ Կարապետյանը, բանաստեղծ Ռազմիկ Գալստյանը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ բանաստեղծ-գեղանկարչի գրաֆիկան միահյուսված է խոսքի հետ, և այդ նշանային համակարգերը իմաստ են ստանում` ամփոփելով տարրերի և ամբողջի հարաբերությունը:
«Մարդը բնական ու բանական աշխարհների մարմնացումն է, արարչաստեղծ կյանքի հիմնական դերակատարը»,- իր խոսքում նշեց Արևշատ Ավագյանը:
Մի բան է գրքից հատվածներ մեկնաբանելը, մեկ այլ բան` դրանք գեղեցիկ մատուցելը. ասմունքող Գայանե Սամվելյանը, բանաստեղծուհի Անահիտ Դանիելյանը, գրողի թոռնուհին` Անի Ավագյանը, ընթերցեցին ստեղծագործություններից հատվածներ: Երաժշտական կատարումներով հանդես եկան քանոնահարուհի Մարիանա Գևորգյանը, երգչուհի Արմինե Եղիազարյանը, երգիչ Արսեն Համբարյանը, երգեցին նաև գրողի թոռները:
Միջոցառման վերջում ներկաներին շնորհակալական խոսք ասաց այս անգամ որպես արձակագիր հանդես եկող Արևշատ Ավագյանը:
Անի ԱՎԱԳՅԱՆ