Մարտի 26-ին տեղի ունեցավ ՀԳՄ նախագահության նիստը: Նախագահության անդամներից 27 հոգի մասնակցում էին նիստին: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց ապրիլ ամսում նախատեսվող միջոցառումների՝ «Տոնապետ» մրցանակաբաշխության, Դանիել Վարուժանի ծննդյան 140-ամյակին նվիրված պոեզիայի ցերեկույթի և Մանկապատանեկան գրականության շաբաթվա մասին: Այնուհետև նա տեղեկացրեց ՀԳՄ-ի՝ «Վիոլա Ջուր» ՓԲԸ-ից և ՀՀ գլխավոր դատախազությունից ստացած նամակների մասին: «Վիոլա Ջուր» ՓԲԸ-ի նամակի մեջ գրված է ՀԳՄ շենքի ջրաչափի հետ կապված խնդիրների մասին, որի պատճառով ՀԳՄ-ն պետք է վճարի 1.800.000 դրամ: Խնդիրը լուծելու համար գործը տրված է փաստաբանին։ Պատասխան նամակ է ուղարկվել, որտեղ նշված է, որ ջրաչափի հետ առաջացած խնդիրները չեն համապատասխանում իրականությանը: Դատախազության նամակում վիճարկվում է ՀԳՄ-ին տրված 1999 թ.-ի մարտի 12-ի ՀՀ կադաստրի կոմիտեի սեփականության վկայականը: Նամակին կցված են 1992- 2013 թթ.-ի մի շարք փաստաթղթեր, որոնք իբրև թե կասկածի տակ են դնում սեփականության գրանցումը և դատական հայցով ցանկանում են անվավեր ճանաչել 2001 թ. ՀՀ կադաստրի կոմիտեում սեփականության իրավունքի վերագրանցումը: Էդ. Միլիտոնյանն ասաց, որ նմանատիպ գրություն է ստացել նաև Նկարիչների միությունը: Նրա կարծիքով՝ գրություններում նույն խնդիրն է. վիճարկել պետական շենքերի սեփականության գրանցումը կադաստրում: «Ըստ այս գրությունների՝ ստացվում է, որ պետական ատյանները, որոնք օրինական կարգով հաստատել են սեփականության իրավունքը, իրենք են երկար տարիներ անօրեն որոշումներ կայացրել: Ստեղծագործական միությունների նախագահների հետ որոշեցինք փաստաբանների հետ խորհրդակցելով համատեղ արձագանքել դատախազության հայցին: Մտահոգիչ է ստեղծագործական միությունների սեփականությունը դարձնել պետական սեփականություն՝ միությունների կասկածելի ապագայով: Ժամանակին գրողների գրքերը տպագրելիս Գրական ֆոնդը հոնորարներից էր գումար գանձում, և այդ միջոցներով է կառուցվել ՀԳՄ շենքի մի մասը»,- ասաց Էդ. Միլիտոնյանը: Պետրոս Դեմիրճյանը նշեց. «ՀԳՄ կանոնադրության մեջ գրված է, որ ՀԳՄ գույքը՝ որպես սեփականություն, պատկանում է Գրողների միությանը այնքան ժամանակ, քանի դեռ միությունը չի լուծարվել: Եվ ՀԳՄ կանոնադրությունը հաստատվել է պետականորեն»: Խաչիկ Մանուկյանի կարծիքով՝ խնդիրը քաղաքական է, իշխանությունների հրահանգն է իրականացվում: ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տան տնօրեն Մովսես Մանուկյանն ասաց. «Իրավաբանորեն որևէ խնդիր չկա, ժամանակին ՀԳՄ-ից ներկայացված բոլոր փաստաթղթերը ճշգրիտ են, և պետականորեն է որոշվել ստեղծագործական միությունների գույքը հատկացնել նրանց՝ իբրև սեփականություն»: Հենրիկ Էդոյանի կարծիքով՝ «սա իրավաբանական հարց չէ կամ դատարանի խնդիր, այս ամենը հեռագնա նպատակներ ունի և ուղղված է ստեղծագործական միությունների դեմ»: Ավիկ Իսահակյանը նշեց, որ ՀԳՄ շենքի կառուցմանն օժանդակել է Ավետիք Իսահակյանն՝ իր միջոցներով: Կարինե Խոդիկյանն իր խոսքում նշեց. «ՀԳՄ-ին վերաբերող դատական հայցի պատասխանողը նախ կադաստրն է: Առաջարկում եմ համագործակցել բոլոր ստեղծագործական միությունների հետ, միասին միջոցներ ձեռնարկել ու հանդես գալ համատեղ հայտարարությամբ, որպեսզի արձագանքն ու լսարանն ավելի մեծ լինեն»:
Հարգելի պատճառով նիստից բացակայող, ԳԱԱ թղթակից անդամ, գրականագետ Աելիտա Դոլուխանյանը խնդրեց փոխանցել իր կարծիքը. «Ասպիրանտական տարիներին իմ գիտական ղեկավար Ասատուր Մնացականյանը մի առիթով ասաց, որ գրողների միության շենքի կառուցման ժամանակ իր սեփական միջոցներից ներդրում է կատարել Ավետիք Իսահակյանը: Գրողների տունը պետք է պահպանվի, այն պարզապես շենք չէ, այլ պատմա-մշակութային արժեք, նրա շեմով հանճարներ են անցել»:
ՀԳՄ նախագահության նիստի մասնակիցները, ՀԳՄ անդամները Հայաստանում և Սփյուռքում, ինչպես նաև Արցախից բռնատեղահանված և այժմ Հայաստանում բնակվող գրողները հետևողական կլինեն խնդրի լուծմանը:
ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԸ
