Հանդիպում Հարրի Կումրույանի հետ

Մարտի 15-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում Շվեյցարիայում բնակվող, հայազգի գրող Հարրի Կումրույանի հետ:
«Ուրախ ենք հյուրընկալել Հարրի Կումրույանին իր «Վտանգավոր լռություն» գրքի առթիվ, որն առնչվում է ցեղասպանության թեմային: Ցեղասպանության առաջին սերունդն իր ծննդավայրի ու տեսածի մասին էր գրում, հետո` հայրերի պատմածի, և հիմա՝ հուշերից ստեղծված գրականություն՝ ժամանակակից կյանքի ներհոսմամբ»,- բացման խոսքում ասաց ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը և հրապարակեց Հարրի Կումրույանին ՀԳՄ պատվավոր անդամ ընտրելու ՀԳՄ որոշումը:
Հանդիպմանը ներկա ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացը տեղեկացրեց, որ Շվեյցարիայի դեսպանատունը հանդիպումը կազմակերպել է Հայաստանում ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում: Դեսպանը ներկայացրեց Հարրի Կումրույանին՝ խոսելով նրա կյանքի ու գրական գործունեության մասին: Կումրույանը գրում է ֆրանսերեն և անգլերեն լեզուներով, չորս վեպի հեղինակ է, ունի նաև ստեղծագործություններ երեխաների համար: Նրա գրքերը թարգմանվել են անգլերեն, գերմաներեն և հայերեն: Գրողն ակտիվ հասարակական գործունեություն է ծավալում Շվեյցարիայում՝ լինելով Ժնևի գրողների միության նախագահը:
Արձակագիր, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանն իր ելույթում նշեց. «Հարրի Կումրույանի գիրքը կարդացել եմ թե՛ ֆրանսերեն, թե՛ հայերեն: Այն շատ կարևոր, հրատապ ու արդիական ասելիք ունի՝ ցեղասպանության էջը շրջված չէ՛: Բացի ողբ ու կարոտ արտահայտելուց, գիրքը գեղարվեստական բարձր մակարդակ ունի: Ցեղասպանությունը դիտարկված է ոչ միայն հայկական, այլև 20-րդ դարի մտավորականի տեսանկյունից»: Գ. Ջանիկյանի կարծիքով՝ աշխարհի 10 միլիոն հայերից յուրաքանչյուրի ասելիքն է արտահայտված գրքում. «Հարություն առած ուրվականներն այդ դուրս կգան պատռելու իրենց դահիճների քունը՝ սպասելով ժամանակից անդին համբերատարությամբ, որ երկրի ու երկնքի արդարությունն իրագործվի»:
Հայկ Սիրունյանն արժևորեց հայկական ծագումով գրողի և նրա գրքի կարևորությունը արդի գլոբալացվող աշխարհում ինքնության պահպանման համար: Արծվի Բախչինյանը հետաքրքիր դրվագներ պատմեց Արտաշես Աբեղյանի օրագրերի և նրանց մեջ Հարրի Կումրույանի հոր վերաբերյալ հիշատակությունների մասին:
Հարրի Կումրույանը պատմեց գիրքը գրելու շարժառիթների և թարգմանության մասին: «Իմ հայկական ամուր արմատներն են արտահայտվել գրքում: Երբ թարգմանչուհին՝ Անահիտ Ավետիսյանն ինձ հանձնեց գրքի հայերեն թարգմանությունը, տուն վերադառնալու զգացողություն ունեցա: Թեև պատմաբան չեմ, բայց Ժնևում, Նյու Յորքում կամ այլուր հանդիպումներ ունենալիս փորձում եմ ներկայացնել հայկական հարցը, հիշողությունը փոխանցել»,- ասաց նա:
Վ. Բրյուսովի անվան համալսարանի դասախոս, բ.գ.թ. Անի Ջանիկյանը խոսեց Հարրի Կումրույանի գրքի նկատմամբ ուսանողների մեծ հետաքրքրության մասին: Ուսանողներն ընթերցեցին հատվածներ «Վտանգավոր լռություն» գրքից ֆրանսերեն և հայերեն լեզուներով: Այնուհետև Հարրի Կումրույանը պատասխանեց գրողների և ուսանողների հարցերին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։