Բանավեճ` մանկապատանեկան գրականության հիմնախնդիրների շուրջ

Հունիսի 30-ին ՀԳՄ Կլոր սրահում բանավեճի ակումբի շրջանակում տեղի ունեցավ քննարկում «Մանուկների և պատանիների աշխարհը գրականության մեջ և արվեստում» թեմայով:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը բացման խոսքում տեղեկացրեց, որ արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ հարցումներ են անցկացվել` իմանալու, թե վերջին 20-25 տարում ինչ կինոնկարներ, թատերական ինչ ներկայացումներ են արվել ժամանակակից գրականության հենքի վրա: Նրա հավաստմամբ` մանկապատանեկան գրականությունը շատ քիչ է ուսումնասիրվում: «100 տարի առաջ էլ նույն մտահոգությունն է եղել: Դա երևում է նաև մանկապատանեկան գրականության մասին Հովհաննես Թումանյանի զրույցներից»,- ասաց նա:
Մելանյա Գիլավյանը ներկայացրեց իր նկատառումները արդի մանկական գրականության հիմնախնդիրների ու առաջընթացի հեռանկարների վերաբերյալ: Ըստ նրա` լինելով ընդհանուր գրականության անբաժանելի մասը և առաջընթացի հիմնական ուղղություններով առնչվելով ժամանակի գեղագիտական միտքն զբաղեցնող խնդիրներին` մանկապատանեկան գրականությունը դրսևորում է նաև յուրահատկություններ, որոնք պայմանավորված են նրա ընթերցողի զարգացման տարիքային ու մանկավարժահոգեբանական առանձնահատկություններով: Այնուհետև Մ. Գիլավյանն անդրադարձավ վերջին 5 տարվա գրական արտադրանքին, փորձելով արժանին մատուցել մանկագիրներին ու հայտնել իր մտահոգությունը՝ պայմանավորված մանկապատանեկան գրականության առաջընթացի հեռանկարներով:
Սուրեն Մուրադյանը, անփոխարինելի համարելով մանկական գրականության առաքելությունը, դաստիարակչական դերն ու նպատակը և հաշվի առնելով, որ մանկական գրքերը շատ քիչ տպաքանակով են լույս տեսնում ու չեն հասնում ընթերցողին, առաջարկեց դիմել հեռուստաընկերություններին` պարբերաբար մանկական գրականությանը նվիրված հաղորդումներ կազմակերպելու համար: Նա անդրադարձավ նաև դասագրքերում ժամանակակից մանկապատանեկան գրականության ընդգրկվածությանը:
Անուշ Վարդանյանը ցավով փաստեց, որ այսօր ոչ մի թատերագետ ու թատերական գործիչ չի հետաքրքրվում ժամանակակից մանկագրի ստեղծագործությամբ` այն բեմադրելու, կամ կինոռեժիսորը` մուլտֆիլմի վերածելու նպատակով: Նա միաժամանակ նշեց, որ «Ծիծեռնակ» ամսագիրը պայքարում է ժամանակակից յուրաքանչյուր մանկագրի ստեղծագործության հրապարակման համար: Ա. Վարդանյանը բարձրացրեց ևս մի քանի հարցեր, որոնցից մեկն էլ մանկագրությունը պետական մրցանակի ներկայացման անհրաժեշտությունն է: «Համոզված եմ, որ մեր գրողները ստեղծում են այն գրականությունը, որն արժանի է ներկայացվելու մեր մանուկներին և մրցակցում է մեր դասականների հետ»,- ընդգծեց նա:
Ռուբեն Մարուխյանը տեղեկացրեց, որ երկար տարիներ լինելով Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը` 40-ից ավելի պիեսներ է բեմադրել, որոնք եղել են հայ դրամատուրգների գործերը: Ըստ նրա` այսօր, սակայն, այդ հարցում չկա հստակ պետական գաղափարախոսություն` ազգային մտածողությամբ, ազգային արժանապատվությամբ, հայ լինելու ոգով սերունդներին դաստիարակելու նպատակամիտում:
Ըստ Լևոն Մութաֆյանի` փոխվել են հասարակարգը, հասարակական հարաբերությունները, պետության դերը հանրային-հասարակական, մշակութային կյանքում: Փոխվել է պետպատվերի գաղափարը: Թատրոններից դուրս է մղվել մի այնպիսի գաղափար, ինչպիսին է խաղացանկային քաղաքականությունը: Մշակույթի նախարարությունը տասնամյակներ շարունակ մշակում և առաջադրում էր խաղացանկային քաղաքականության որոշակի հայեցադրույթներ. յուրաքանչյուր թատրոն պարտավոր էր տարեկան մեկ ներկայացում տալ` ուղղված պատանիներին ու մանուկներին: Այսօր այդ սկզբունքը չկա: Պատանի հանդիսատեսի թատրոնը 15 տարի որևէ բեմադրության պետական պատվեր չի ստացել: ՀՀ տարածքում կա 4 պետական տիկնիկային թատրոն, որոնցից ոչ մեկը պետական պատվեր չի ստացել: 10 տարի կինոկենտրոնում որևէ մանկապատանեկան ֆիլմի սցենարի համար գումար չի տրամադրվել: Ամեն ինչ թողնված է թատրոնների հայեցողությանը: «Ժամանակակից հայ գրողը իր մտածողությամբ, իր բերած գեղարվեստաարտահայտչական համակարգով դուրս է մնացել թատրոնների ուշադրության դաշտից»,- ասաց նա: Լ. Մութաֆյանն անդրադարձավ նաև դպրոցներում տարվող քաղաքականությանը` նշելով, որ դպրոցը` որպես մշակութային օջախ, պետք է նպաստի գեղագիտական դաստիարակությանը: «Իսկապես, ունենք շքեղ մանկապատանեկան գրականություն, որը չի զիջում աշխարհում ստեղծվող մանկապատանեկան գրականությանը»,- վստահեցրեց նա:
Անահիտ Արփենի հավաստմամբ` արծարծված մտահոգությունները վերաբերում են նաև կինոարվեստին, որովհետև գտնվում են նույն մշակութային դաշտում: Եթե ժամանակակից գրողների 1-2 պիես բեմադրվում է, ապա կինոյում դա չկա, և հիմնականում այն պատճառով, որ կինոարտադրությունը բավական ծախսատար է ու մեծ գումարների հետ է կապված: Նա կարևորեց պետական քաղաքականության դերը այդ գործում:
Լյուդվիգ Կարապետյանը անդրադարձավ սփյուռքահայ մանկապատանեկան գրականության խնդիրներին` նշելով, որ առ այսօր այն մեր գրականագիտության կողմից ուսումնասիրության առարկա չի դարձել: Այնինչ նրա ակունքները զուգահեռվում են բուն սփյուռքահայ գրականության ծննդյան ժամանակներին: Արշակ Չոպանյանը, Հակոբ Օշականը, Վահան Թեքեյանը, որոնք կանգնած էին արևմտահայ և սփյուռքահայ գրականության սահմանագծում, նաև սփյուռքահայ մանկապատանեկան գրականության հիմնադիրներն են եղել: Հետագայում սփյուռքահայ մանկապատանեկան գրականության զարգացմանը առանձին ստեղծագործություններով մեծապես նպաստել են Համաստեղը, Վահե Հայկը, Մուշեղ Իշխանը, Հակոբ Կարապենցը և ուրիշներ: Նա ցավով փաստեց, որ անցած դարավերջին և նոր դարասկզբին սփյուռքահայ մանկապատանեկան գրականությունը լուրջ նվաճումներ չի ունեցել, քանի որ հիմնական հեղինակները պրոֆեսիոնալ գրողներ չէին, այլ մանկավարժներ, և հուզող խնդիրների արծարծումը հետին պլան է մղվել:
Ելույթ ունեցան նաև Վաչագան Ա. Սարգսյանը, Սիլվա Աչոյանը, բանաստեղծ Երվանդ Պետրոսյանը, Ռոզա Եղիազարյանը, նկարիչ-ձևավորող Արայիկ Բաղդասարյանը, Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Նառա Սարգսյանը: Ելույթներում արծարծվեց նաև այն միտքը, որ դպրոցները պետք է նպաստեն Կրթության և գիտության նախարարության կողմից հովանավորվող մանկապատանեկան մամուլի կամավոր բաժանորդագրությանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։