Չարենցը` համաշխարհային ոգու կրող

ՉարենցՆոյեմբերի 27-ին` Ե. Չարենցի մահվան օրը, բանաստեղծի հուշարձանի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն: Մի խումբ գրողներ, մտավորականներ, ուսանողներ, Ե. Չարենցի անունը կրող դպրոցի աշակերտներ մեկ անգամ ևս վերարժևորեցին գրողի ստեղծագործությունները: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հավաստմամբ` Չարենցը մեր գիր ու գրականության, գրական ընթացքի մեծագույն ժառանգներից է, ով միշտ լինելու է, ծնվելու և ընթանալու է, որովհետև անմահ լինելով` բանաստեղծն ամեն օր ծնվում է նորովի, ամեն օր, ամեն գալիք սերնդի հետ նրա խոսքը թարմացվում է և նորացվում, մարդու կյանքի ընթացքում ամեն ժամանակ բերում է հանճարին ընթերցելու նոր հայացք: «Մարդու գիտակցությունը, ոգին ինչքան խորանում է, այնքան բանաստեղծը բացվում ու բացահայտվում է»,- ասաց նա և հավելեց. «Լինելով համաշխարհային մեծություն` Չարենցը իր մեջ ոգու մեծագույն ամբարներ ունի. նա ոչ միայն հայ, այլև համաշխարհային ոգու կրողն է, ապրում է տիեզերական չափումների մեջ, և Չարենցին կարդալը արժեքային համակարգը պահպանել է նշանակում, որը, ցավոք, ոտնահարվում է տարբեր ասպարեզներում»:
Անդրադառնալով ծննդյան ու մահվան օրերը նշելու խորհրդին` Էդ. Միլիտոնյանն ընդգծեց, որ Չարենցի պարագայում մահվան օրը նշավակում է 30-ական թվականների դավաճանական, «եղբայրական» մատնությունների այն մթնոլորտը, որի զոհը դարձան և՛ Չարենցը, և՛ Թոթովենցը, և՛ Բակունցը. «Այս օրը հենց այդ ամենի պախարակումն է, որպեսզի նման տարիներ, ժամանակներ այլևս չկրկնվեն»: Իսկ ծննդյան օրերը նշելը այն լույսն է, այն փառավորումն է, որ մեր ժողովուրդը նորից մեծեր է ծնում:
Ամփոփելով խոսքը` ՀԳՄ նախագահը մեկ անգամ ևս կարևորեց Ե. Չարենցի գործերն ապրեցնելու անհրաժեշտությունը, կոչ անելով կարդալ ժամանակակից գրականություն, որը, ըստ էության, պիտի շարունակի չարենցյան ավանդները: «Հատկապես Չարենց երևույթը մեզանում պիտի թելադրի և ասի` գիրք կարդացեք, գրականություն կարդացեք` մեր մեծերին ու ժամանակակից գրողներին, որովհետև մեծը այնքանով է մեծ, որ իրենից հետո ստեղծում է հնարավորություն նոր մեծերի ի հայտ գալու: Հանճարի, տաղանդավորների առաքելությունն է ճանապարհը բաց պահելը»,- ասաց նա:
Գրողի ստեղծագործություններից ասմունքեցին Ե. Չարենցի անվան դպրոցի սաները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։