2014 թ. նոյեմբերի 26-ին Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ դահլիճում տեղի ունեցավ ջերմ հանդիպում բուհի ուսանողության և Հայաստանի գրողների միության մի խումբ անդամների հետ:
Հրավիրված էին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Ռուբեն Հովսեփյանը, Խաչիկ Մանուկյանը և Անուշ Վարդանյանը:
Ցերեկույթը բացեց ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Յուրի Դավթյանը, ով խիստ կարևորեց նման հանդիպումները:
Հրավիրված գրողների ստեղծագործական նվաճումների մասին ամփոփ խոսք ասաց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ա.Դոլուխանյանը, ով ներկայացրեց արդի համաշխարհային գրականության միտումները և հրավիրված գրողների ստեղծագործական աղերսները դրանց: Նա նշեց նաև Գրողների միության կարևորագույն դերը Հայաստանի քաղաքական, ազգային և մշակութային խնդիրներում: Ռուբեն Հովսեփյանը կարևորեց ժամանակակից գրականության ու երիտասարդության ընթերցողական լսարանի կապի կենսական անհրաժեշտությունը:
Ամփոփիչ խոսքով հանդես եկավ Գրողների միության նախագահ Էդ. Միլիտոնյանը: ՀԳՄ նախագահը, Ռ. Հովսեփյանը և Ա. Վարդանյանը պատասխանեցին ուսանողների հարցերին: Խաչիկ Մանուկյանը ուսանողների համար կարդաց իր բանաստեղծություններից:
Ցերեկույթի ժամանակ հնչեցին դասական հայ պոեզիայի ու արձակի ընտիր կտորներ ուսանողների բարձրարվեստ արտասանությամբ, որոնք ուղեկցվում էին համալսարանի ջութակահարների համույթի և քանոնահարի կատարումներով:
Այդ հանդիպումը համալսարանի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Արկադի Շեկունցը կազմակերպել էր 1915-ի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Սեփ. լրտ.