Միջոցառում` ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքում

Միջոցառում` ՀԳՄ Լոռու մարզայինՄարտի 21-ին` Պոեզիայի համաշխարհային օրը, ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված կանանց միամսյակին: Այն վարում էր դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը: Բացման խոսք ասաց ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը: Նա շնորհավորանքներ հղեց ներկաներին և կարդաց իր անտիպ ստեղծագործություններից երկուսը: Լոռու մարզպետի և իր անունից ողջույնի ու շնորհավորանքի խոսք ասաց մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանը: Սամվել Խալաթյանը շնորհավորանքի խոսքից հետո կարդաց իր էքսպրոմտները` նվիրված բանաստեղծուհիներին, ապա` իր բանաստեղծություններից մեկը: Խորեն Գասպարյանը ասմունքեց Ալֆրեդ Հաուսմանի, Բելլա Ախմադուլինայի գործերից կատարած իր թարգմանություններից, ինչպես նաև իր գործերից: Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանն ասմունքեց Սայաթ-Նովայի բանաստեղծություններից, ապա հանդես եկավ երգով: Իրենց գործերից կարդացին Նարինե Կռոյանը, Լենա Անթառանյանը, Հովիկ Խարազյանը, Նաիրա Ջուլհակյանը, Մանուշակ Քոչարյանը, Հրայր Հակոբյանը, Մարտուհի Սարգսյանը, Լուսինե Սահակյանը: Անի Տիրացույանը կատարեց Պարույր Սևակի «Երեքնուկը», իսկ Հրաչյա Սարուխանի գործերից ասմունքեց «Մարգահովիտի զորավիգ» թերթի խմբագիր Հովհաննես Սարդարյանը: Վանաձորի պոեզիայի թատրոնի արտիստներ Հրաչուհի Լոռեցյանը, Էմմա Ղամբարյանը և Անի Շարբաթյանը ասմունքեցին ժամանակակից գրողների ստեղծագործություններից:
Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։