Ապրիլի 26-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ «Գրական Համշեն» անթոլոգիայի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ անթոլոգիան կազմել են Կարլ Յալանուզյանն ու Արտավազդ Սարեցյանը, իսկ խմբագրել՝ բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը, կարևոր երևույթ համարեց գրքի լույսընծայումը հատկապես 1992-93 թթ.-ից հետո, երբ աբխազահայության վիճակը ծանր էր ու շատերն էին հեռացել Աբխազիայից: «Ահա այդ բարդ իրավիճակներում դժվարությամբ գործերը հավաքվել, ներկայացվել ու տպագրվել են այս ժողովածուում: Այստեղ կան և՛ բանահյուսական, և՛ ժամանակակից գրական մտածողության նմուշներ, ընդգրկված են շնորհալի հեղինակներ»,- ասաց Էդ. Միլիտոնյանը: Ընդգծելով այն վերարթնացումը, որ պետք է լինի Աբխազիայի հայության շրջանում՝ թե՛ գրականության, թե՛ լրագրության, թե՛ միմյանց նկատմամբ հոգածության առումով՝ ՀԳՄ նախագահը արժևորեց Կ. Յալանուզյանի, Ս. Վարդանյանի և այլոց ամենօրյա աշխատանքը, որոնց գործունեության հիմքում համշենահայության հարցերն ու խնդիրներն են, նրանց ստեղծածի նշանավորումը: Ամփոփելով խոսքը՝ Էդ. Միլիտոնյանը տեղեկացրեց, որ ՀԳՄ վարչության որոշմամբ, որպես աշխատանքի գնահատական, Արտավազդ Սարեցյանն ընդունվում է ՀԳՄ շարքերը, և հույս հայտնեց, որ նա կլինի Գրողների միության ներկայացուցիչը Աբխազիայում:
ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը նկատեց, որ թեև նշվում է, որ «Գրական Համշեն» միավորումը ստեղծվել է 1954 թվականին, սակայն ինքը, գրքեր ուսումնասիրելով, տեսնում է, որ արմատները հասնում են մինչև 1920-ական թվականներ: «Թեև պատմական իրադարձությունները խանգարել են, բայց ի վերջո այս համայնքը միշտ էլ կարողացել է կազմակերպվել և ստեղծել իր կառույցները, որոնք այսօր էլ գոյատևում են, ստեղծել ու հրապարակել «Գրական Համշեն» ալմանախներ»,- ասաց նա: Անդրադառնալով անթոլոգիային` Պ. Դեմիրճյանը նշեց, որ այստեղ հավաքված են Տրապիզոնի և շրջակայքի գյուղերից ցեղասպանության տարիներին գաղթած համշենահայերի ստեղծագործությունները, որոնք ներկայացնում են համշենահայության պատմությունը` եղեռն, հերոսական էջեր, լեգենդներ, հեքիաթներ: Ըստ նրա` գրքի հիմքում մայր հողի և տան գաղափարն է:
«Համշեն» հայրենակցական միության նախագահ Իվան Կրբաշյանը փաստելով, որ եղեռնի ժամանակ համշենահայերը, հասնելով Աբխազիայի ափերը և Հայաստանի հետ սահման չունենալով, պաշտպանել են իրենց գիրն ու գրականությունը, բարբառը, կարևորեց համշենահայի մասին գրված ամեն մի տող, ամեն մի գիրք: «Սրանք պատառիկներ են, որոնցով ուզում ենք` ողջ աշխարհն իմանա, թե ովքեր են համշենահայերը: Եթե անգամ մահմեդականացվել ենք, մնացել ենք հայ»,- ընդգծեց Ի. Կրբաշյանը:
«Այն բարբառը, որ համշենահայությունն է օգտագործում` ծոցում պահած, այսօր գեղեցիկ հայերենով մեզ է մատուցվում` ի փառս ոչ միայն մեր ազգի այդ պատառիկների հավաքագրման, միասնականության, մեր վիթխարիությունը շոշափելիորեն զգալու, այլ նաև գրական, ստեղծագործական ու բարոյականության առումով նորից ու նորից ասելու աշխարհին, որ մեր ժողովուրդը ստեղծագործ ժողովուրդ է»,- ասաց Բագրատ Ալեքյանը և հավելեց, որ անթոլոգիայում ոչ թե առօրեական մտածողությամբ է ներհյուսվել գործը գործի, շարք շարքի հետևից, այլ իսկապես ավանդապահությամբ, լեգենդներով:
«Ձայն համշենական» թերթի խմբագիր, «Համշեն» հայրենակցական միության նախագահի տեղակալ Սերգեյ Վարդանյանը պատմական նշանակության գործ համարեց գիրքը կազմողների` Կ. Յալանուզյանի և Ա. Սարեցյանի կատարած աշխատանքը: Ապա նշելով, որ գրքում ընդգրկվել են նաև տասը աբխազ գրող, ցավով փաստեց, որ հայ-աբխազական կապերը զարգացում չունեցան:
«Սևծովյան այգաբաց» գրական միավորման նախագահ, գրող, հրապարակախոս, թարգմանիչ Արտավազդ Սարեցյանի կարծիքով ալմանախը շարունակություն կունենա, քանի որ Աբխազիայում այսօր գործում է 29 հայկական, ինչպես նաև պետհամալսարանի մանկավարժական ֆակուլտետում կա հայկական մասնաճյուղ: Ապա անդրադառնալով ՀԳՄ շարքերն ընդունվելու փաստին, նա նշեց, որ այն սոսկ անդամատոմս չէ, այլ` «մի բուռ հող, որ իր մեջ ամփոփում է հայրենիքի կարոտը և պարտավորեցնում է»:
Ելույթ ունեցան նաև Հովհաննես Զատիկյանը, Արևշատ Ավագյանը, լրագրող, թարգմանիչ Կարլ Յալանուզյանը:
Աբխազահայ գրողների ստեղծագործությունների «Գրական Համշեն» ալմանախը հրատարակվել է պետական աջակցությամբ, ՀԳՄ հրատարակչությունում, նվիրված է Աբխազիայի «Սևծովյան այգաբաց» գրական միավորման հիմնադրման 60-ամյակին:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ