Երևանի թիվ 115 դպրոցը կոչվում է այդ դպրոցի շրջանավարտ, ազատամարտիկ Սոս Հովսեփյանի անունով, ով իր անձնուրաց արարքների շնորհիվ մեկընդմիշտ մնաց Արցախյան ազատամարտի պատմության մեջ: Նա բանաստեղծ էր, երազուն հոգի: Դպրոցի հենց միջանցքում կա մշտական անկյուն Սոսի լուսանկարներով, նամակներով, որոնց հետ ցուցադրվում է բանաստեղծությունների գրքույկը՝ «Ներիր ինձ, մայրիկ» խորագրով: Անցյալ տարի այդ դպրոցի մեկ ուրիշ սան՝ Ազատ Ասոյանը դիրքում ադրբեջանական դիվերսիոն խումբը չեզոքացնելիս ցուցաբերեց անօրինակ խիզախություն և նահատակվեց: Նա ընդամենը 20 տարեկան էր: Ազատը նույնպես դպրոցում ունի իր անկյունը: Այնտեղ կա մի լուսանկար. ինքն է, խորապատկերում՝ լեռներ, չքնաղ հեռաստան: Զինվորը նկարի հետևում գրել է. «Այս նկարում ես չեմ կարևորը, այլ այն, ինչ տեսնում եք: Ես ամպերում եմ»: Այս վերջին արտահայտությունը երիտասարդ մարտիկի համար դարձավ խորհրդանշական: Նա մնաց ամպերում, վերևում, այնտեղ, ուր սավառնում են երազները:
Օրերս մայր դպրոցը մեծարում էր իր երկու քաջորդիներին՝ խնկարկելով նրանց հիշատակը: Հրավիրվել էին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, զինվորականներ, հյուրեր, ծնողներ: Դպրոցի երկու աշակերտ՝ համադասարանցիներ Էդուարդ Սուքիասյանն ու Մերուժան Եդիգարյանը հեռավոր դիրքերից Պաշտպանության նախարարի հրամանով ներկայացել էին մասնակցելու հուշ-ցերեկույթին, ընդունելու նախարարի շնորհակալությունն ու համակրանքը՝ օրինակելի ծառայության, հայ մարտիկին վայել բարձր և առաքինի դրսևորման համար: Զինվորների՝ Էդուարդի հետ բեմ հրավիրվեց նաև մայրը՝ Լուսինե Հովակիմյանը, իսկ Մերուժանի հետ՝ տիկին Գոհար Առաքելյանը: Պաշտպանության նախարարի շնորհակալագիրը ուղղված էր մայրերին, ովքեր իրենց զավակներին դաստիարակել են հայ ժողովրդի և նրա զինական հաղթանակների ու ավանդույթների բարոյամարտական ոգով: Սոս Հովսեփյանի անվան դպրոցի մանկավարժական կոլեկտիվը պարգևատրվեց «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր» մեդալով, իսկ դպրոցի տնօրեն Գոհար Անտոնյանը, փոխտնօրեն Ջեմմա Աղեկյանը, տղաների դասղեկ Նարինե Հովհաննիսյանը և հայերենի ուսուցչուհի Մանիկ Գրիգորյանը պարգևատրվեցին գերատեսչական մեդալներով:
ՍԵՓ. ԼՐԱՏՎ.