Գ.Թ. – Պարոն Եղիազարյան, վերջերս Դուք նորից Չինաստանում էիք: Ո՞րն էր այս ուղևորության նպատակը:
Ա. Ե. – Հրավեր էի ստացել՝ մասնակցելու Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի ազգային գրականությունների ինստիտուտի և Էպոսագետների միջազգային ասոցիացիայի կազմակերպած հերթական գիտաժողովին: Բայց մինչև դրա մասին պատմելը ուզում եմ երկու խոսք ասել մոսկովյան հանդիպումների մասին: Պեկինի ճանապարհին մի քանի օր մնացի Մոսկվայում և հանդիպումներ ունեցա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային գրականության ինստիտուտի ղեկավարության և աշխատակիցների հետ: Զրույցներին մասնակցում էին ինստիտուտի տնօրեն, ՌԴ ԳԱ ակադեմիկոս Ալեքսանդր Կուդելինը, փոխտնօրեն Ալեքսեյ Չագինը, ԱՊՀ ժողովուրդների գրականությունների բաժնի վարիչ Կազբեկ Սուլթանովը, բանահյուսության բաժնի աշխատակիցները: Մենք քննարկեցինք Հայ-ռուսական համալսարանի և համաշխարհային գրականության ինստիտուտի համագործակցության խնդիրները:
Հայ-ռուսական համալսարանը որոշել է եկող տարվա մարտի վերջին անցկացնել գիտաժողով հետևյալ թեմայով՝ «Հայկական մշակույթը երկու հազարամյակների սահմանագծում»: Մենք նախատեսում ենք այստեղ քննարկել ազգային մշակույթների ճակատագիրը XXI դ.՝ ելակետ ունենալով հայկական մշակույթը: Հիմա արդեն ակնհայտ է, որ մարդկության հոգևոր կյանքում տեղի են ունենում արմատական փոփոխություններ, որոնց ազդեցությունն ազգային մշակույթների, մանավանդ փոքր ազգերի մշակույթների վրա դեռևս պարզ չէ: Հասկանալի է, որ Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին տեղի ունեցող գիտաժողովը չի կարող չանդրադառնալ Ցեղասպանության մշակութային հետևանքներին:
Գիտաժողովին մասնակցելու ցանկություն արդեն հայտնել են ԱՄՆ-ի, Անգլիայի, Գերմանիայի, Իրանի գիտնականները: Ռուսները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին գիտաժողովի հանդեպ և խոստացան մի ամբողջ գիտական «դեսանտ» ուղարկել Երևան: Թեման իսկապես շատ հրատապ է մեր օրերում:
Երկրորդ խնդիրը, որ քննարկեցի մոսկովյան գործընկերների հետ, աշխարհի էպոսների հանրագիտարանի ստեղծումն էր (այդ նույն խնդիրը կենտրոնական էր նաև Պեկինի հանդիպումներում): Այս գաղափարը ծնվել է Հայ-ռուսական համալսարանում: Բայց մենք հասկանում ենք, որ այսպիսի հանրագիտարան ստեղծելը միայն հայ մասնագետների ուժերով անհնար է: Վերջին տարիներին լայն կապեր ենք հաստատել աշխարհի էպոսագետների հետ, հանրագիտարանի ստեղծման աշխատանքներին լայնորեն ընդգրկելու ենք ամենատարբեր երկրների էպոսագետների: Ռուսները, դատելով մոսկովյան հանդիպումներից, ակտիվորեն կմասնակցեն այս աշխատանքներին: Պեկինում ես ստացա գիտաժողովի կազմակերպիչ ինստիտուտի տնօրեն, էպոսագետ Չաո Ջեինի համաձայնությունը` մասնակցելու հանրագիտարանի աշխատանքներին և լինելու հանրագիտարանի խմբագրական կազմի անդամ: Նույնպիսի համաձայնություն տվեց գերմանացի հայտնի էպոսագետ, թյուրքական ժողովուրդների էպոսների, այսօր երևի լավագույն մասնագետը՝ պրոֆեսոր Կարլ Ռայխլը: Համագործակցելու պատրաստակամություն հայտնեցին նաև այլ մասնակիցներ: Այս բոլորը ինձ հիմք են տալիս մտածելու, որ այս ուղևորությունը շատ արդյունավետ եղավ:
Այժմ՝ երկու խոսք իմ զեկուցման մասին: Ես խոսեցի հայկական էպոսի դերի մասին հայկական մշակույթի մեջ: Զեկուցման վրա աշխատելը ինձ համար բացահայտեց մի հետաքրքրական օրինաչափություն: «Սասնա ծռերը» ձևավորվել-ամբողջացել է միջնադարում, այնպիսի մի պահի, երբ հայ ժողովուրդը արդեն հարուստ գրականություն էր ստեղծել, և XIX դարի 70-ական թթ., երբ Գարեգին Սրվանձտյանը կատարեց էպոսի առաջին գրառումը, հայկական մշակույթը գրեթե մեկուկես հազարամյակի պատմություն ունեցող, առաջին հերթին, գրավոր մշակույթ էր` գրքի ընդգծված պաշտամունքով: Թվում է, թե էպոսը մեզ համար այլևս մեծ արժեք չպիտի ունենար (այնպիսի արժեք, ինչպիսին ունի այն ժողովուրդների մշակույթներում, որոնք գիր ստեղծել են վերջին մեկ-երկու հարյուրամյակում), բայց այսօր էլ էպոսը մնում է հայկական հոգևոր մշակույթի կենտրոնական տարրերից մեկը: Ինչքա՜ն գրական գործեր են ստեղծվել էպոսի թեմաներով. հենց միայն Լևոն Խեչոյանի՝ բոլորովին վերջերս հրատարակված վեպը՝ «Մհերի դռան գիրքը», որը հայ ժողովրդի պատմական ճանապարհը էպոսի միջոցով իմաստավորելու հետաքրքրական փորձ է: Ի միջի այլոց, այդ գրքի մասին բավական մանրամասն խոսեց Լոս Անջելեսի համալսարանի՝ UCLA-ի պրոֆեսոր Պիտեր Քաուին իր զեկուցման մեջ: Դա հայկական էպոսին նվիրված երկրորդ զեկուցումն էր այս գիտաժողովում (նախորդներում միայն ես էի ելույթ ունեցել): Ես, իհարկե, խոսեցի արվեստի այլ նշանավոր երկերի մասին, որոնք ստեղծված են էպոսի թեմաներով՝ Թումանյանի, Իսահակյանի, Չարենցի պոեմները, անիմացիոն կինոնկարը, օպերան, կերպարվեստի գործերը և այլն: Ի միջի այլոց, մասնակիցների ուշադրությանը ներկայացրի մի հետաքրքական փաստ՝ Սասունցի Դավիթը երևի միակն է աշխարհի էպիկական հերոսներից, որն ունի երեք արձան աշխարհի տարբեր քաղաքներում՝ Երևանում, Սան Ֆրանցիսկոյում և Չինաստանի Քինգհայ նահանգում: Գիտաժողովում հնչած ելույթներն ստեղծեցին ոչ միայն էպիկական հուշարձանների այսօրվա կյանքի, այլև ազգային մշակույթների զարգացման այսօրվա փուլի խայտաբղետ և հետաքրքրական համապատկեր: Գիտաժողովը մի անգամ ևս հաստատեց, որ հայկական էպոսը հաստատորեն մտնում է միջազգային էպոսագիտական մտքի շրջանառության մեջ:
ՆՈՐԻՑ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ / Ազատ Եղիազարյան
