ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ – 2023

 

Հոկտեմբերի 17-19-ը ՀԳՄ Ծաղկաձորի ստեղծագործական տանը տեղի ունեցավ երիտասարդ գրողների 20-րդ համաժողովը: Մասնակցում էին երիտասարդ ստեղծագործողներ Երևանից, Արմավիրից, Արցախից, Գեղարքունիքից, Լոռիից և Շիրակից: Բացման խոսքում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ողջունեց նրանց և ներկա ավագ գրողներին. «Ամեն տարի Ծաղկաձորում հանդիպում ենք մեր երիտասարդների հետ՝ ծանոթանալու նրանց գրականությանը, ճանաչելու միմյանց: Ուրախալի է ձեզ կրկին տեսնել: Այս տարի մեզ հետ են Արցախի ԳՄ նախագահ Նորեկ Գասպարյանը, ինչպես նաև արցախցի երիտասարդ գրողներ: Մարզային մեր բաժանմունքների ակտիվ աշխատանքի, «Երկունք» և «Եղեգան փող» թերթերի շնորհիվ երիտասարդները հնարավորություն ունեն տպագրվելու, և նրանք բավականին հետաքրքիր ստեղծագործություններ ունեն: Երիտասարդների համար մեծ հնարավորություն է «Գրեթերթը»»: Նա ներկայացրեց ավագ գրողներին՝ նշելով, որ համաժողովը նաև երիտասարդ և ավագ գրողների հանդիպման հնարավորություն է: Էդ. Միլիտոնյանը շնորհակալություն հայտնեց Նաթելլա Լալաբեկյանին, որի աջակցությամբ  համատեղ իրականացվում են Գրողների միության որոշ ծրագրեր, երիտասարդների հետ հանդիպումները նույնպես:

Երիտասարդ գրողները բաժանվեցին երեք խմբի, և համաժողովի աշխատանքներն ընթացան խմբերում՝ ընթերցումների և քննարկումների շուրջ: Պոեզիայի ստեղծագործական խմբերից մեկում երիտասարդների հետ աշխատում էին Արտեմ Հարությունյանը, Նաթելլա Լալաբեկյանը և Անուշ Վարդանյանը, մյուսում՝ Էդվարդ Միլիտոնյանը, Նորեկ Գասպարյանը, Անդրանիկ Կարապետյանը, Մանվել Միկոյանը և Հակոբ Հարությունը, արձակի ստեղծագործական խմբում՝ Գուրգեն Խանջյանը, Ալիս Հովհաննիսյանը, Արմեն Ավանեսյանը և Նառա Վարդանյանը:

Բազմազան ու բազմաոճ էին երիտասարդ գրողների ստեղծագործությունները: Բանաստեղծություններ ընթերցեցին Լուսինե Առաքելյանը, Լևոն Բեժանյանը, Ալբինա Բուջատյանը, Լիլիթը, Դավիթ Խառատենցը, Հովհաննես Կարապետյանը, Նարեկ Կոսմոսը, Աիդա Հարությունյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Քրիստինե Հովսեփյանը, Անի Ղազարյանը, Նաիրա Ղուկասյանը, Նվեր Մինասյանը, Գրիգոր Պեպանյանը, Մարինկա Ռաֆայելյանը, Մարիամ Սարգսյանը, Հայկ Սիրունյանը և Արման Վարդանյանը: Բնականաբար, մեծ էր ուշադրությունը արցախցի երիտասարդների և նրանց ստեղծագործությունների նկատմամբ: Իրենց բանաստեղծություններն ու պատմվածքները ընթերցեցին Սոնա Համբարձումը, Աննա Հակոբյանը և Լիլիթ Սեյրանյանը: Նրանց ստեղծագործություններն արտահայտում էին արցախյան գոյապայքարը: Մյուս երիտասարդների բանաստեղծություններում նույնպես գերակշռում էր հայրենասիրական թեման: Նորեկ Գասպարյանի կարծիքով՝ «Պատերազմները շատ փոխեցին հայրենիքի ըմբռնումը. 1992-94 թթ. հետո հայրենիքի զգացողությունն այլ էր, 2020 թ. և վերջին մեկօրյա պատերազմից հետո՝ բոլորովին այլ: Ցավոք, մեր գրականությունը շնչում է ողբով՝ ցավերգություն անընդհատ. դրանից չենք կարողանում ազատվել, սարսափելի է, կարծես թե դարձել ենք ցավի պատանդը: 100 տարուց ավելի մենք սկսեցինք զբաղվել միայն ցեղասպանությունը ճանաչելի դարձնելով: Մենք մեր ամբողջ էներգետիկ համակարգը զոհաբերեցինք դրան և շատ կորցրեցինք: Սա մեզ զրկում է մի շատ կարևոր երևույթից, որ կոչվում է մարդ: Որքան մնանք այդ մտածումների մեջ, այնքան կորցնելու ենք և այնքան հեռանալու ենք գեղարվեստից, իսկ գեղարվեստն ուրիշ պահանջներ ունի: Խոսքն, իհարկե, մեծ գրականության մասին է»: Անդրանիկ Կարապետյանը նշեց, որ մարզային թերթերը մեծ ուշադրություն են դարձնում երիտասարդներին, տպագրվում են անթոլոգիաներ, կան համացանցային պարբերականներ ու մրցանակներ նրանց համար: Նրա կարծիքով՝ գրականության մեջ էլ են զենքերը փոխվում. յուրաքանչյուր ժամանակ իր զենքերն ունի, և պետք է ժամանակին համապատասխան ճիշտ ընտրություն կատարել: Մանվել Միկոյանը խորհուրդ տվեց երիտասարդներին՝ շատ կարդալ: Նրա կարծիքով՝ «Պարտադիր չէ, որ գրողն ամեն օր գրի, բայց պարտադիր է, որ նա ամեն օր զբաղվի գրականությամբ»: Սոնա Համբարձումի կարծիքով, երիտասարդների բանաստեղծությունների մեջ պետք է երևա սեփական ինքնությունը: «Այս կյանքում մենք մի փոքր բաժին ունենք, որ կարող ենք ինքներս մեզ ստեղծել»,- ասաց նա:

Արտեմ Հարությունյանը երիտասարդների խմբի հետ հանդիպման և նրանց բանաստեղծությունների ընթերցման ընթացքում ուշադրությամբ ունկնդրում, գնահատում էր յուրաքանչյուրին բնորոշ առանձնահատկությունները և խորհուրդներ տալիս: «Պոեզիան կտրում է մարդուն սոսկալի իրականությունից՝ նրան բարի դարձնելով: Այն ցույց է տալիս, թե ինչ բարձունքներ կան, որ կարող է մարդը նվաճել»,- ասաց բանաստեղծը: Երիտասարդները հետաքրքրությամբ էին լսում համաշխարհային գրականության դասականների ստեղծագործություններից նրա մեջբերումները տարբեր լեզուներով: Նաթելլա Լալաբեկյանը ընթերցեց իր բանաստեղծությունները ռուսերեն լեզվով, իսկ Արտեմ Հարությունյանը՝ հայերենն իր թարգմանությամբ:

Արձակի ստեղծագործական խմբում Դավիթ Խառատենցը, Հասմիկ Կարապետյանը, Աննա Հակոբյանը և Աշոտ Ստեփանյանը ընթերցեցին իրենց ստեղծագործությունները, եղան տեքստերի քննարկումներ: Գուրգեն Խանջյանի և Ալիս Հովհաննիսյանի հետաքրքիր դիտարկումներն ու խորհուրդները շատ օգտակար էին երիտասարդ գրողների համար: Անակնկալ էր գրականագետ Արմեն Ավանեսյանի՝ իր պատմվածքի ընթերցումը:

Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ նոր տպագրված մի քանի գրքերի շնորհանդես. Նաթելլա Լալաբեկյանի «Տղան և Աստղիկը» ռուսերեն, հայերեն և անգլերեն լեզուներով հեքիաթի, Դավիթ Խառատենցի «Վերադարձի՛ր» վեպի և Նվեր Մինասյանի «Չեչաքարի պես» բանաստեղծությունների ժողովածուի: Էդվարդ Միլիտոնյանը շնորհավորեց հեղինակներին՝ ցանկանալով ապագա ստեղծագործական հաջողություններ: Անուշ Վարդանյանն ասաց, որ ուրախ էր տպագրել Նաթելլա Լալաբեկյանի գիրքը «Ծիծեռնակ» հրատարակչությունում, քանի որ այն մանուկների մեջ լույս և բարություն է սերմանում, և հուսով է, որ հեղինակը կշարունակի գրել ստեղծագործություններ մանուկների համար: Մյուս երկու գրքերը տպագրվել էին «Արմավ» հրատարակչությունում: Արմեն Ավանեսյանը ներկայացրեց երկու երիտասարդ գրողների գրքերը, վստահություն հայտնելով, որ նրանք կշարունակեն ստեղծագործել և գրականությամբ ապրել: «Գրի տարածքը շատ հետաքրքիր է ու մոգական, որքան նվիրվում ես, այնքան ինքը վերադարձնում է»,- նշեց նա: Նույն օրը՝ երեկոյան, համաժողովին մասնակցող երիտասարդ կոմպոզիտորներ Ժիրայր Շահրիմանյանն ու Տիգրան Համբարյանը ներկայացրեցին իրենց երաժշտական ստեղծագործությունները:

Հոկտեմբերի 19-ին ամփոփվեցին խմբային աշխատանքները: Արտեմ Հարությունյանն ասաց, որ տպավորված է երիտասարդներով ու նրանց ստեղծագործություններով և կարծում է, որ նրանք կշարունակեն կատարելագործել իրենց գիրը: Նառա Վարդանյանը նշեց, որ ուրախ էր մասնակցության, նոր հեղինակների հետ ծանոթության ու հետաքրքիր քննարկումների համար և հուսով է, որ դրանք կնպաստեն երիտասարդների ստեղծագործությանը: Ալիս Հովհաննիսյանի կարծիքով՝ «Երիտասարդ արձակագիրների ստեղծագործական խմբում յուրաքանչյուրն իր գույնն ուներ, իր յուրահատուկ մտածողությունը, նրանք լավ գիտեին թե՛ հայ, թե՛ համաշխարհային գրականությունը»:

Էդվարդ Միլիտոնյանը, եզրափակելով համաժողովի աշխատանքներն, ասաց, որ երիտասարդ ստեղծագործողների մեջ հետաքրքիր բացահայտումներ կային, և երիտասարդական հանդիպումները շատ կարևոր են ոչ միայն անհատական զարգացման, ճանաչողության, ծանոթությունների, այլև ստեղծագործության համար: Նա հաջողություններ մաղթեց համաժողովի բոլոր մասնակիցներին:

 

Հերմինե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։