Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արմեն Շեկոյանի ծննդյան 70-ամյակին

Մարտի 28-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Արմեն Շեկոյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով բանաստեղծ, արձակագիր, մանկագիր Արմեն Շեկոյանին, որի հետ ընկերացել է 74-75 թթ.-ից, հիշեց, որ նա շփվում էր ամենատարբեր շրջանակներում բազմաթիվ մարդկանց հետ, լուրջ հարցեր էր քննարկում, բայց գրում էր նրանց ծաղրող ստեղծագործություններ: «Անցուդարձերը նա ոչ թե ծաղրում էր՝ իրեն ավելի բարձր դասելով, այլ ինքը իրեն դիտարկելով այդ ամենի մեջ՝ ինքնահեգնանքի պատուհանից»,- շեշտեց Էդ. Միլիտոնյանը: «Հայկական ժամանակ» վեպը, նրա կարծիքով, այնքան էլ փաստավավերագրական ժանրի, ոճի գրվածք չէ, որովհետև այդտեղ կան նաև գեղարվեստական հնարանքներ, որոնք պատումը վերածում են ավելի բարդ ժանրի: «Արմենն ինքը իրեն չծանրացնող, ջրի վրա թեթև հոսող տերևի նման կյանքը թեթև անցկացնելու-ապրելու կերպ ուներ, շատ էր սիրում խաղալ, և նրա գրականության մեջ էլ խաղը, որպես էության կարևոր մաս, արտահայտվել է: Նա լիարժեք ուզում էր իր ցանկությունները, ապրումները դարձնել կյանք, կամ կյանքն էր իրեն դարձնում այդպիսի գրող»,- ասաց Միլիտոնյանը՝ վստահեցնելով, որ իր արարքների, իր ներկայության, իր բնույթի հանդեպ շատ թեթև, ձեռքը թափ տալու պես այս տեսակը եզակի էր: Բնորոշելով Շեկոյանին որպես արտաքո շատ պարզ, ընկալելի, սիրելի, բայց էությամբ շատ հակասական, բարդ, դժվար ընկալելի մարդ՝ Միլիտոնյանը խոստովանեց, որ սիրել է նրա այդ տեսակը՝ և՛ բարդ, և՛ պարզ, և չարաճճի ու նաև տխուր, որ երբեք ցույց չէր տալիս տխրությունը, թախիծը, բայց շատ բան թաքցնել չկարողացող, որովհետև շատ անկեղծ էր:

Ըստ Հակոբ Մովսեսի՝ Ա. Շեկոյանը անխարդախ, անկեղծ, ազնիվ մարդ էր, իր բնազդը, պատկերացումները չկեղծող, ոչ մի տեղ ուրիշ բան չխաղացող: «Գրականության մեջ նույնպես կերպար էր, իր հավատամքները, քեզ հարազատ լինեին թե չլինեին, միևնույն է, ինքը անհատականություն էր»: Խոսելով նրա գրական ժառանգության մասին՝ նա Շեկոյանի՝ արձակագրի ու բանաստեղծի կերպարները գրեթե նույնական համարեց, միևնույն ժամանակ ընդգծելով նրա առաջին ու վերջին գրքերի միջև եղած տարբերությունը: «Առաջին գրքերը ոչ շինծու, շատ բնական, ժամանակակից բանաստեղծության չափաբերումներով գրված պատումային գեղեցիկ ստեղծագործություններ էին, իսկ հետո որոշեց անցնել դասական բանաստեղծության և գնալ այն բանաստեղծության հետևից, որն ավելի կենդանի, ավելի կենսական է, ավելի մարդամոտ, ավելի կյանքից վերցված, ավելի ռեպորտաժային»,- նկատեց Հ. Մովսեսը՝ հավելելով, որ նրա քառյակների գրքում իր մարդկային բնավորության կերտվածքի, խառնվածքի բոլոր տարրերը կային՝ և՛ սարկազմը, և՛ հումորը, և՛ թեթևությունը, և՛ անկեղծությունն ու անմիջականությունը: Անդրադառնալով «Երևան հյուրանոց» պոեմին՝ Հ. Մովսեսը շեշտեց. «Այդտեղ մեր կյանքն էր, մեր ընկերներն էին, մեր առօրյան. մեր ժամանակի, մեր կյանքի մի էպիկական արտացոլում կար, որն անգնահատելի է, անուրանալի: Եթե տասնամյակներ հետո որևէ մեկը փորձի մեր ժամանակների մասին պատկերացում կազմել, Արմեն Շեկոյանի վեպով լիովին գաղափար կարող է կազմել»,- ամփոփեց նա:

Մարինե Պետրոսյանը, համեմատություն անցկացնելով Հենրիկ Էդոյանի և Արմեն Շեկոյանի բանաստեղծությունների միջև, նշեց, որ թեև երկուսն էլ գրում են հավերժության, ժամանակի, գեղեցկության, սիրո մասին, սակայն Էդոյանի մոտ այդ ամենը միշտ ինչ-որ տարածքում է, որը համարյա երբեք չի հատվում կոնկրետ իրականության, դեպքերի հետ, իսկ Ա. Շեկոյանը կարողացավ վերցնել, մոտենալ 88-ից հետո եկած փլված իրականությանը: Նրա հավաստմամբ՝ Արմենը, որպես բանաստեղծ, կոնֆլիկտ ուներ՝ իր անտիպոեզիան, որը մեծ հակազդեցություն առաջացրեց՝ կյանքի կեղտոտ, մարմնական կողմը վերցնել-բերելով բանաստեղծություն: «Մահվան-անմահության խնդիրը նա բերում է իրականություն: Վերցնում է, պայմանական ասած, ամենագռեհիկ իրականությունը, բայց փիլիսոփայական, կյանքի, մահի, կեցության տեսանկյունից: Նրան ամենաբնորոշը հավերժական մարդկային ողբերգությունն է, մահվան խնդիրը, որից դրդված մարդը հավատում է Աստծուն: Կյանքի խնդիրներն են, որ նրա մոտ բաց նյարդի պես կան»,- ամփոփեց Մ. Պետրոսյանը: Ռոլանդ Շառոյանը, պատմելով իրենց ընկերության մասին, ասաց. «Իր հետ անցկացրած յուրաքանչյուր օր հաջորդ օրը դառնում էր հիշողություն: Արմենն ինձ զարմացրել է ոչ թե իր գրավոր խոսքով, այլ իր լեզվամտածողությամբ, լսածը վերլուծելու ֆանտաստիկ կարողությամբ»:  Վիոլետ Գրիգորյանը նկատեց, որ ոչ մի հարցազրույցում և հաղորդման մեջ չի տեսել Ա. Շեկոյանին: Հնարավոր չէր այն, ինչ կյանքում ինքը կար՝ իր մտքով, խոսքով, ներկայությամբ, մտածելու ձևով, բերել տեսախցիկի առաջ կամ ինչ-որ հարցազրույցում բռնել: Նրան հնարավոր չէր որսալ: «Նա իմ տեսած ամենաարտասովոր մարդն էր՝ իր մտածելու, արտահայտվելու ձևով: Դա ոչ թե պարադոքսալ մտածողություն էր, երբ բանավեճի մեջ մեկը մի բան է ասում, մյուսը՝ հակառակը, այլ բոլորն ասում են ինչ-որ կարծիք, ինքը ասում է բոլորովին ուրիշ բան, մի դիտակետից, որ մինչ այդ չէինք պատկերացրել, չէինք մտածել»,- ասաց Վ. Գրիգորյանը: Ապա անդրադառնալով «Երևան հյուրանոց» վեպին՝ նա այն համարեց մաքուր քրիստոնեական ակտ, ծես, որտեղ թվարկելով այդ մարդկանց՝ հորիզոնականացնում է ամենատարբեր, կյանքում երբեք չհանդիպող մարդկանց. տարբեր սոցիալական կարգավիճակով, ամենատարբեր կալիբրի մարդկանց բերում է մի հայացքի ներքո, և դա այն քրիստոնեությունն է, որին դավանում է ինքը,- ամփոփեց Վիոլետը:

Ելույթ ունեցան նաև Հենրիկ Էդոյանը, Անուշ Վարդանյանը, Արամ Իսաբեկյանը, Վան Արյանը, Վրեժ Սարուխանյանը, Գագիկ Բաղդասարյանը, Սերգեյ Վարոսյանը, Շանթ Մկրտչյանը, Գագիկ Դավթյանը և ուրիշներ:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։