Քրիս Բոհջալյանը հեղինակ է 14 վեպի, էսսեների, ժողովածուների, ամսագրային և լրագրային բազմաթիվ հոդվածների: Այս վեպը թարգմանվել է 25 լեզվով և հրատարակվել աշխարհի 27 երկրներում: «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը Հայոց ցեղասպանության թեման նորովի մեկնաբանող գեղարվեստական պատում է: ԱՄՆ-ում նկարահանվում է գեղարվեստական ֆիլմ ըստ վեպի:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշելով, որ թեև հայ ընթերցողին դեռևս ծանոթ չէ Քրիս Բոհջալյանի անունը, և այս վեպով է հեղինակը ներկայանում նրան, սակայն ԱՄՆ-ում անգլերեն հրատարակությամբ մեծ տարածում է գտել և գլխավորել է ամենաշատ վաճառված գրքերի ցանկը: «Եզակի հետաքրքիր գործ է, որը մանրամասնորեն, օբյեկտիվ հայացքով, առանց ցույց տալու, որ հեղինակը հայ է, գեղարվեստորեն ներկայացնում է Հայոց ցեղասպանությունը ընթերցողներին»,- ասաց նա և հավելեց, որ գեղարվեստական առումով հաջող են այն երկերը, որոնք դուրս են հրապարակախոսության ոճից: Էդ. Միլիտոնյանը արժևորեց նաև թարգմանչի՝ Արամ Արսենյանի աշխատանքը՝ վեպը հրաշալի հայերենով թարգմանելու համար. «Գրական լեզվի զարգացման երակն է բերում»,- ասաց նա:
«Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն Անուշ Վարդանյանը նշեց, որ Քրիս Բոհջալյանը բազմաթիվ բեսթսելլերների հեղինակ է, իսկ այս գիրքը ընդգրկվել է տասնյակի մեջ, որոնք անհրաժեշտ է կարդալ: Ըստ Ա. Վարդանյանի՝ գիրքն ավելի ազդեցիկ է, քանի որ թեման հեղինակի արյան միջով է անցած: Ապա համեմատելով Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հետ, որը առաջին անգամ բարձրաձայնելով Հայոց եղեռնի ճանաչման մասին՝ ամբողջ աշխարհի հանրությանը ճանաչելի դարձրեց Եղեռնի փաստը, վստահաբար ասաց, որ «այս գիրքը դառնալու է երկրորդ մեծ բումը, համաշխարհային հնչեցումը»:
Գրականագետ Աելիտա Դոլուխանյանը, շնորհակալություն հայտնելով Արամ Արսենյանին՝ հրաշալի թարգմանության համար, փաստեց, որ նա ճշգրիտ է թարգմանել այն տեղանունները, վայրերը, որտեղ կատարվել են գործողությունները, այսինքն՝ «չես զգում, որ կարդում ես թարգմանական գիրք, թվում է, թե գիրքը հենց հայերեն էլ գրվել է»: Նրա կարծիքով՝ գիրքը ինչ-որ չափով հիշեցնում է Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը: Խոսելով գրքի ուղղվածության մասին՝ նշեց, որ այն իր առաքելության մեջ ունի փոխարինողներ պատրաստելու դերը: Ըստ Ա. Դոլուխանյանի՝ «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը ծրագրային է, քանի որ այստեղ չկա սյուժետային զարգացում, ընդհատումներ կան, հերոսները տարբեր տեղերում են հայտնվում: Գիրքը համարելով չափազանց հետաքրքիր, տեղեկատվական, որտեղ գեղարվեստը և տեղեկատվությունը միահյուսված են իրար, Ա. Դոլուխանյանը հավելեց, որ հեղինակը պատմական գիտելիքներ է ունեցել գիրքը գրելիս՝ ոչ միայն Եղեռնի հարցերին վերաբերող, այլ ընդհանրապես հայ պատմական ժամանակաշրջանը ճիշտ պատկերացնելու համար, գրքի մեջ երևում է նրա ծանոթությունը Հայաստանի առաջին և երկրորդ հանրապետությանը, անդրադարձ կա նաև ստալինյան ռեժիմի դաժան տարիներին:
Ըստ գրականագետ Պետրոս Դեմիրճյանի՝ Քրիս Բոհջալյանը իր մեջ ներառել է այն ամենը, ինչ հայոց ողբերգական ճակատագրի վերաբերյալ եղել է մինչև այսօր, և ստեղծել է իր ընտանիքի պատմությունը, որն ընդհանրական պատմություն է Հայոց ցեղասպանության: Նա ընդգծեց այն փաստը, որ օտարուհին է համոզել, որ գրվի այս վեպը:
Արամ Արսենյանը տեղեկացրեց, որ «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքը հեղինակի 15-րդ վեպն է և առաջինն է հայկական թեմայով: Այն գրելուց առաջ նա ուսումնասիրել է և՛ գիտական, և՛ գեղարվեստական գրականություն, քանի որ մինչ 2009 թ. Ցեղասպանության թեման չի շոշափվել իրենց ընտանիքում, պապն է մահվանից առաջ պատմել այդ իրողությունները: «Ցեղասպանության շուրջ գրեթե վեց վեպ եմ թարգմանել, սա հետաքրքիր ոճով է գրված, նույնիսկ թվաց՝ կինոսցենարի ոճով է շարադրել»,- ասաց նա:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ