«ԲԱԿՈՒՆՑՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հունիսի 13-ին, Ակսել Բակունցի ծննդյան 118-ամյակի առթիվ «Սյունիքի հոգևոր և նյութական ժառանգությունը» գիտական ծրագրի շրջանակներում, Գորիսի պետական համալսարանում կազմակերպվեց «Բակունցյան ընթերցումներ»:
Գիտաժողովին մասնակցում էին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, Արցախի և Սյունիքի ԳՄ ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, հյուրեր Երևանից, Սիսիանից ու Կապանից:
Բացման խոսք ասաց ԳՊՀ-ի ՀՀՄ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, գրականագետ Թեհմինա Մարությանը: Ողջունելով հյուրերին ու գիտաժողովի մասնակիցներին գրական տոնի առթիվ՝ նա նշեց, որ տարիների ընթացքում Ակսել Բակունցի կյանքի ու ստեղծագործության վերաբերյալ մեծածավալ գրականություն է ստեղծվել, սակայն հանճարեղ արձակագրի ստեղծագործությունն ունի այնպիսի շերտեր, նրբերանգներ, լուսաբանության կարիք ունեցող հարցեր, որոնք ուրույն իմաստ ու հնչեղություն են ստանում յուրաքանչյուր նոր առնչության դեպքում, և գրականագիտական միտքը դեռ լիովին չի թափանցել այդ զարմանալի հարուստ, բազմազան ու առեղծվածային աշխարհը: «Յուրաքանչյուր սերունդ իր հետ բերում է նոր պահանջներ, իր առջև դնում է նոր խնդիրներ, հետևաբար ներքին զարգացման օրինաչափությամբ հնին պետք է հաջորդի, փոխարինի, լրացնի նորը: Ամեն ինչ ժամանակի առջև կանգնում է վերագնահատման ու վերանայման անհրաժեշտությամբ»:
Ողջույնի խոսք ասացին գիտաժողովի հյուրերը՝ Արցախի ու Հայաստանի բանաստեղծներ Ռոբերտ Եսայանը, Արիս Արսենին և Սոնա Համբարձումյանը:
Զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը («Ակսել Բակունցը Գորիսի Սբ. Հռիփսիմեի անվան եկեղեցական-ծխական դպրոցի աշակերտ»), բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը («Ակնարկից պատմվածք. Բակունցի ակնարկները՝ հոգևոր զարգացման ճանապարհ»), Գորիսի համայնքապետարանի առաջատար մասնագետ, բ.գ.թ. Լիլիթ Թունյանը («Բակունցի բառի ներաշխարհն ու պատկերային նրբերանգները»), Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը («Էջեր Բակունցի տուն-թանգարանի ստեղծման պատմությունից»), ԳՊՀ ՀԼԳ ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Սվետլանա Մանուչարյանը (Բարբառայնությունը Բակունցի «Կյորես» և «Կարմրաքար» երկերում), ԳՊՀ-ի ՈՒԳԸ նախագահ Սոնա Ալավերդյանը («Կերպարների հոգեբանական բացահայտման մի քանի հարցեր Բակունցի «Մթնաձոր» ժողովածուում»), ինչպես նաև «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը, ով խոսեց Գուսան Աշոտ-Ակսել Բակունց գրական առնչակցության մասին՝ ֆակուլտետին նվիրելով նաև օրերս լույս տեսած «Սյունյաց երկիր» թերթի բացառիկ թողարկումը՝ նվիրված Գուսան Աշոտի ծննդյան 110-ամյակին:
Զեկուցումները հատկանշելի էին գրողի ստեղծագործության նոր հատկանիշների բացահայտումով, խորքային, հետաքրքիր դիտարկումներով: Զեկուցողները փորձեցին նորովի բացահայտել Բակունցի ստեղծագործական ու անձնային կողմերը, արժևորել նրա ուրույն կենսազգացողությունը, արձակի գեղարվեստականության չափանիշները, լեզվի ու ոճի զարգացման ընթացքը, կենսական երևույթների խորքային ընդգրկման, ավանդականի ու նորարարականի բարձրարվեստ համաձուլման գրական ձիրքը:
Գիտական ընթերցումները Բակունցի ստեղծագործության գնահատությունը ևս մեկ էջով լրացնելու փորձ էր:
Միջանկյալ նշենք, որ գիտաժողովին պետք է մասնակցեին նաև ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատողները՝ տնօրեն Վարդան Դևրիկյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը, սակայն անվանի գրականագետ, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի մահվան պատճառով Գորիս կատարելիք նրանց այցը հետաձգվել է:
Բակունցյան օրը շարունակվեց գրողի տուն-թանգարանում, որտեղ Գորիսի մշակութային կառույցների ստեղծագործական ուժերով կազմակերպվել էին տարաբնույթ միջոցառումներ:
Գրական տոնը հրաշալի առիթ էր՝ նորից ու նորից Բակունցի բյուրեղյա աշխահին հաղորդակցվելու, նրանով ներշնչվելու և վեհանալու:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։