Մարտի 27-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ պոեզիայի ցերեկույթ` նվիրված եղեռնազոհ գրողների հիշատակին: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, արժևորելով եղեռնազոհ գրողներ Դ. Վարուժանի, Սիամանթոյի, Ռ. Սևակի, Գ. Զոհրապի, Ա. Հարությունյանի, Երուխանի և մյուսների ստեղծագործությունները, խոստովանեց, որ հատկապես Դ. Վարուժանի գործերն իրեն առանձնահատուկ լիցք են տվել ապրելու, աշխարհն ընկալելու, բնության և մարդու հոգին ձգտել ճանաչելու, ըմբռնելու առումով: «Նրանց գոյությունը մեր գրականության հզոր ուժերից է: Առանց Սիամանթոյի, Վարուժանի և մյուս մեծերի դժվար է պատկերացնել հայ գրականությունը: Մեծ ողբերգությունը խլեց նրանց կյանքը, բայց նրանց գիրը իր մեջ ունի հասունություն, իմաստնություն, նրանց ստեղծածը հզոր, մեծ երակն է մեր գրականության»,- ասաց նա:
Արևշատ Ավագյանը, ով վարում էր ցերեկույթը, նշեց, որ ցերեկույթը տխրության հետ պարտավորեցնում է վառ պահել Եղեռնում զոհված անմեղների հիշատակը և հետագայում այնպես անել, որ գոյատևության ճանապարհով գնացող կյանքը դուրս գա հարատևության այլ ճանապարհ:
Ըստ Ղուկաս Սիրունյանի` այնքան էլ հաճելի բան չէ գրել արյան, սեփական ցեղի կոտորածների մասին, այնինչ «դա փաստ է՝ կայացած քո կենսագրության մեջ, և, ուզես թե չուզես, կանգնում է քո դեմ դիմաց, և երբեմն փորձում ես առնչվել դրան բանաստեղծությամբ»:
Անուշ Վարդանյանն ընդգծեց, որ Ցեղասպանությունը այն ոճրագործությունն է, որը ժամկետ չի ճանաչում և հիշվում է մարդկության կողմից:
Լևոն Բլբուլյանը տեղեկացրեց, որ ճանաչված երգահան Արա Գևորգյանի հետ ստեղծել են Եղեռնի տարելիցին նվիրված մի երգ, որի հիման վրա արդեն տեսահոլովակ է նկարահանվում ու եթերում առաջին անգամ կցուցադրվի ապրիլի 24-ին: Բացի այդ, տեքստն արդեն թարգմանվել է 15 լեզուներով և այդ օրերին կհնչի աշխարհի տարբեր երկրներում: Երգի համար գրված բանաստեղծությունը, որ կոչվում է «Կա՛նք ու կլինե՛նք», նա կարդաց ներկաների համար:
Ելույթ ունեցան և իրենց բանաստեղծությունները կարդացին Արտեմ Հարությունյանը, Բագրատ Ալեքյանը, Գոհար Գալստյանը, Հուսիկ Արան, Նոնա Պողոսյանը, Հակոբ Հարությունը, Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանողներ Սևան Երիցյանն ու Ազատ Մալխասյանը, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներ Տաթևիկ Բաղդասարյանը, Գոհար Մնացականյանը, Արփինե Սարգսյանը, Սվետա Մելիքյանը: Երաժշտական կատարմամբ ելույթ ունեցավ Արսեն Համբարյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ