Այս վերնագրով «Аргументы и факты» թերթի վրացական ռեգիոնալ հրատարակությունը (http://www.tbilisi.aif.ru/static/2306230) մի ամբողջ էջ է նվիրել Թբիլիսիում, Գալուստ Գյուլբենկյանի անվան «Հայարտուն» կենտրոնում կայացած Գագիկ Դավթյանի ծննդյան 70 և գրական գործունեության 50-ամյակների հանդիսությանը: Հոդվածի հեղինակն է անվանի սոնետագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, բանաստեղծ, թարգմանիչ Վլադիմիր Սարիշվիլին:
«Հանդիսությանը ներկա էին,- գրում է նա,- վրացի բանաստեղծներ, մշակույթի գործիչներ, հասարակական շրջանների ներկայացուցիչներ, Վրաստանում ապրող և ստեղծագործող հայ գրողներ, այն իր մասնակցությամբ պատվել էր Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը»:
Անդրադառնալով Գագիկ Դավթյանի թարգմանությամբ վերջերս լույս տեսած «Վրացական պոեզիա» անթոլոգիային՝ Գրողների համավրացական միության նախագահ, հանդիսավար Մաղվալա Գոնաշվիլին մասնավորապես նշել է. «Անհնար է գերագնահատել Գագիկ Դավթյանի ծառայությունները վրացական գրականությանը: Նա գեղարվեստական բարձր մակարդակով թարգմանել է 34 հիանալի բանաստեղծների՝ կյանքից հեռացած դասականներից (Կալանդաձե, Մաճավարիանի, Փոցխիշվիլի) մինչև մեր ժամանակակիցները՝ վրացական պոեզիայի պատրիարք Ջանսուղ Չարկվիանի և տարբեր սերունդների գրչի այլ վարպետներ»: Այնուհետև Մ. Գոնաշվիլին ԳՄ բարձրագույն պարգևի՝ Գալակտիոն Տաբիձեի անվան մրցանակի դիպլոմ է հանձնել հոբելյարին, նշելով, որ նա նախօրեին արժանացել է նաև «Վրաց գրականության դեսպանորդ» կոչման:
Հայ բանաստեղծին ուղղված գնահատանքի և երախտագիտության խոսքերով հանդես են եկել շատերը: Երկու ժողովուրդների զավակ, մեծանուն Գիվի Շահնազարը մասնավորապես ուշադրություն է հրավիրել Դավթյանի թարգմանչական արվեստի լայն ընդգրկմանը՝ նշելով, որ նրան հավասարապես մատչելի են թե՛ ազատ բանաստեղծության թրթիռներն ու առանձնահատուկ երանգավորումները, թե՛ դասական ձևերը, հատկապես ընդգծելով թարգմանչի ճաշակը, վարպետությունն ու հարուստ տեխնիկան:
– Հանդիսության ստեղծագործական հատվածում թարգմանչի կատարմամբ հնչել են դահլիճում ներկա վրաց բանաստեղծների գործերը,- գրում է Սարիշվիլին,- ի պատասխան, վրացիները կարդացել են Գագիկ Դավթյանի քնարական մանրաքանդակներից, իրենց թարգմանությամբ:
«Լսելով այս բանաստեղծությունները, ես տեղափոխվեցի մեր պատմության արժանափառ միջնադար, երբ բանաստեղծները և՛ Վրաստանում, և՛ Հայաստանում հավասար էին արքաների: Սիրտս կծկվում է այն գիտակցությունից, որ խզվել է մեր երիտասարդության կապը գրքի հետ, և որ հասունության շեմն անցած մարդիկ ու նույնիսկ նրանցից ավագները ավելի շատ գիտեն քաղաքական այրերի և մարզիկների, քան գրողների, մշակույթի գործիչների և նրանց արարումների մասին: Կարող եմ հայտարարել, որ մեր գրողներն ու Գրողների միությունները մեր գրականությունների փոխհարաբերությունների և մերձեցման ասպարեզում անում են շատ ավելին, քան մեր Մշակույթի նախարարություններն ու մեր Եկեղեցիները»,- ասաց Վազգեն եպիսկոպոսը:
Հավարտ հանդիսության՝ շնորհակալական խոսք ասաց Գագիկ Դավթյանը:
Սեփ. լրտ.
ՇՆՈՐՀԱՆԴԵՍ, ՈՐ ՎԵՐԱՃԵՑ ՏՈՆԻ
