Մայիսի 11-ին Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում տեղի ունեցավ «Արեւմտահայերէնի, հայագիտութեան գիտահետազօտական Լուտովիկա եւ Յակոբ Այնթապլեան կեդրոնի» բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը, բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Հենրիկ Էդոյանը, բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը, բանաստեղծ Մովսես Մանուկյանը, ճանաչված գրողներ, գիտնականներ, մշակույթի բնագավառի ներկայացուցիչներ, դասախոսներ և ուսանողներ:
Բացման խոսքում համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանն ընդգծեց բուհում գիտահետազոտական կենտրոնի անհրաժեշտությունը, որն իր տեսակի մեջ միակն է տարածաշրջանում: Կենտրոնի ստեղծումն իրագործվեց ամերիկահայ անվանի սրտաբան, բանաստեղծ ու բառարանագետ Յակոբ Այնթապլեանի և նրա տիկնոջ՝ Լուտովիկա Այնթապլեանի բարեգործությամբ: Վ. Հակոբյանի հավաստմամբ՝ կենտրոնը կնպաստի մեր լեզվի երկու ճյուղերի փոխհարստացմանը, մայրենիի զարգացմանն ու ազգային միաբանությանը:
ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանն իր ողջույնի խոսքում շեշտեց կենտրոնի բացման կարևորությունը և ուսանողների ներգրավվածությունը գիտահետազոտական աշխատանքներում, ինչը մշտապես եղել է և կմնա նախարարության ուշադրության կենտրոնում: Ն. Աղաբալյանը կենտրոնին նվիրեց Սարգիս Արքեպիսկոպոս Ջալալյանցի «Ճանապարհորդություն ի մեծն Հայաստան» բարձրարժեք գիրքը:
Հեռարձակված շնորհավորական տեսաուղերձում դոկտոր Յակոբ Այնթապլեանը շեշտեց՝ պատահական չէ, որ կենտրոնի բացման գաղափարն իրագործվում է Արցախում, Մեսրոպ Մաշտոցն առաջին դպրոցներից մեկը հենց Արցախում է հիմնել, և այսօր մեծն քերթող Նարեկացու անունը կրող համալսարանում «Մատյան ողբերգության» պոեմը գրաբարով կարդալու կարողությունն արդեն իսկ ճշմարիտ հայ լինելու առհավատչյան է:
– Հայագիտությունը հսկայական մի քուրա է, և խորհրդանշական է, որ Արցախն առաջիններից մեկն է տեր կանգնում արևմտահայերենին, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից գրանցված է ոչնչացման եզրին գտնվող լեզուների շարքում,- ասաց Էդ. Միլիտոնյանը և պատրաստակամություն հայտնեց օժանդակելու կենտրոնի կայացման գործին:
Քաղաքագետ Ա. Մանասյանը արժևորեց հայագիտության ուսումնասիրության քաղաքական նշանակությունը և ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հենց արևմտահայերենն ու Արցախի բարբառն են հարազատ մնացել գրաբարյան ընդհանուր արմատին: «Պատերազմող Արցախում՝ կրակի առաջին գծում, հայագիտական այսպիսի կենտրոնի գործունեությունը հայոց անկոտրելի ու բարձր ոգու մասին է վկայում»,- ասաց Ա. Մանասյանը:
Հենրիկ Էդոյանի խոսքով՝ բոլոր լավագույն իրադարձությունները հայ ժողովուրդը մայիսին է տոնում, և այդ ցանկն այսօր համալրվում է ևս մեկով: Բանաստեղծի համոզմամբ՝ Արցախն իր ուսերին է վերցնում մի մեծ առաքելություն՝ ցույց տալով հայ ժողովրդի միասնությունը, որը դրված պիտի լինի գիտական և գաղափարական հիմքերի վրա:
Մեսրոպ Մաշտոց համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը խոսեց ուսումնական հաստատությունների համագործակցության մասին, քանի որ նրանց ջանքերը ծառայում են նույն վեհ գաղափարի իրագործմանը՝ մատաղ սերնդի բարոյահոգեբանական ու հայրենասիրական դաստիարակությանը: Դ. Գաբրիելյանը կենտրոնին նվիրեց «Հայաստան. ՀՀ և ԼՂՀ» գիրք-հանրագիտարանը:
– Գրիգոր Նարեկացի համալսարանում գիտահետազոտական կենտրոնի ստեղծումը ոչ միայն գեղեցիկ, այլև համարձակ ու խիզախ քայլ է, որը խոսում է բուհի ձեռքբերումների մասին, մանավանդ՝ ժամանակակից բարձրագույն ուսումնական հաստատություններին ներկայացվող բարձր պահանջների պայմաններում,- ասաց ԱրՊՀ պրոֆեսոր Օֆելյա Բաբայանը:
Նորաստեղծ գիտական կենտրոնի տնօրեն, բան. գիտ. թեկնածու Ամալյա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց կենտրոնի հովանավորներին և ներկաներին՝ ջերմ մաղթանքների համար, պատմեց կենտրոնում գործող հայագիտական դասընթացների, ծրագրերի ու անելիքների մասին:
Դասընթացի մասնակիցների անունից շնորհակալական խոսք ասաց Աննա Ավանեսյանը: Միջոցառումը եզրափակեցին դասընթացի մասնակիցներ Անգելինա Առուստամյանը և Անուշ Եսայանը, արտասանեցին Ե. Չարենցի «Տաղ անձնական» և Դ. Վարուժանի «Ձոն» բանաստեղծությունները:
Հայագիտությունն ընդգրկում է աղբյուրագիտական, լեզվաբանական, գրականագիտական և այլ կարևոր բաղադրիչներ, ինչն արժևորում է նրա տեղն ու նշանակությունը համաշխարհային գիտական մտքի մեջ և հայ ժողովրդի հոգևոր կյանքում: Այս առումով, Գրիգոր Նարեկացի համալսարանի «Արեւմտահայերէնի, հայագիտութեան գիտահետազօտական Լուտովիկա եւ Յակոբ Այնթապլեան կեդրոնը» աննախադեպ երևույթ է հայագիտության արդիական խնդիրներն ուսումնասիրելու ասպարեզում:
Քնար ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուտովիկա եւ Յակոբ Այնթապլեան
կեդրոնի գլխավոր մասնագետ