Չնայած տեղի ունեցած ազգային ահավոր ողբերգությանն ու մեր ժողովրդի գլխին կրկին գահավիժած քաղաքական վայրիվերումների այս ցավալի անորոշությանը, ինչն, անշուշտ, չափից դուրս տհաճ ու չթուլացող լարվածության մեջ է պահում բոլորիս, այնուամենայնիվ, պիտի ասեմ, որ, ի պատիվ մեզ, բնավ էլ չհուսալքվեցինք…
Ստեղծված անելանելի իրավիճակը, բնականաբար, չէր կարող չազդել նաև գրական կյանքի վրա, սակայն հայն առանց գրի՞… Էլի գրվեց ու գրվում է:
Շատ եմ ցավում, որ զինվորին գրական դաշտ բերել ինձ չհաջողվեց (նրա մասին շատ լավ պիտի գրել), բայց, փառք Աստծո, որ ուրիշները կարողացան դա անել:
2021 թ. գրված «Վերջինը» վեպս 2022-ին արժանացավ գրական մրցանակի, հասցրեցի ավարտել «Անհայտը» վեպս, որի շնորհանդեսը կայացավ դեկտեմբերի 9-ին, Գրողների միությունում: 2023-ի համար պատմվածքների ծավալուն ժողովածու եմ նախատեսել, որի վրա արդեն աշխատում եմ: