ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆ
Հունիսի 8-ին կյանքից հեռացավ ականավոր գրականագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարինյանը: Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը խորին ցավակցություն է հայտնում ակադեմիկոս Սարինյանի ընտանիքին ու հարազատներին: Սերգեյ Սարինյանը գիտական աշխարհում հայտնի է իր աշխատություններով` նվիրված հայ նոր գրականության պատմության, գրական ուղղությունների, գրականագիտության մեթոդաբանության ու տեսության հարցերին: Նրա գրչին են պատկանում հայ դասականների մասին մենագրություններ ու հոդվածներ: Սերգեյ Սարինյանը ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր էր, Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի դափնեկիր, պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի շքանշանով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
ՀԳՄ վարչությունը սգում է անվանի գրականագետ Սերգեյ Սարինյանի մահը, ցավակցում է հարազատներին, մտերիմներին, գործընկերներին և ընթերցողներին:
«Վաստակաշատ գիտնականն իր ողջ գործունեությունը նվիրեց հայ դասական և ժամանակակից գրականության, գրականագիտության մեթոդաբանության և տեսության ուսումնասիրությանը: Նա մեծ ավանդ ներդրեց նաև հայ գրականության գիտական հրատարակման և հանրահռչակման հայրենանվեր գործում:
Նշանակալի է Սերգեյ Սարինյանի վաստակը մանկավարժության՝ բանասերների նոր սերնդի կրթման և դաստիարակման ասպարեզում: Նա արժանիորեն վաստակեց իր գործընկերների և ուսանողների հարգանքն ու համակրանքը»:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ նախագահ
«Խոր ցավով տեղեկացա անվանի գրականագետ, ակադեմիկոս Սերգեյ Ներսեսի Սարինյանի մահվան մասին:
Մեծ է Սերգեյ Սարինյանի ավանդը հայ գրականագիտության զարգացման մեջ: Նա կրթել ու դաստիարակել է մի քանի սերունդների, ովքեր պատվով կշարունակեն իրենց ուսուցչի գործը:
Արցախում միշտ հիշում ու բարձր ենք գնահատում մեր մեծ հայրենակցի, անձնվեր հայրենասերի և քաղաքացու ազգանպաստ ու հայրենանվեր գործունեությունը: Նա եղել է Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակտիվ մասնակից՝ ըստ ամենայնի սատարելով հարազատ ժողովրդին, ապրելով նրա հոգսերով ու ձգտումներով:
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում համբերություն ու ոգու կորով»:
ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆ
Արցախի Հանրապետության նախագահ
Անզուգական Սերգեյ Սարինյանը… Ձեռքս չի բռնում, որ գրեմ այն, ինչ եղել է… Ու փորձում եմ լռել, այս անգամ արդեն… բառի մեջ: Տարիքը թեև դեպի հարյուրն էր գնում, բայց զարմանալի կայտառ էր ու դեռ ապրելու զարմանալի տարիներ ուներ: Բնությունը նրան օժտել էր անսահման բացառիկությամբ ու ինքնատիպությամբ՝ գիտության, փիլիսոփայության, արվեստների, կյանքի գրեթե բոլոր բնագավառներում: Հայոց քարքարոտ հողի հանճարն էր խոսում հայ գրականագիտության գագաթնային երևույթի, ինչպես ասում են, օրենսդիրի՝ Սերգեյ Սարինյանի մեջ:
Մեր վերջին հանդիպման ժամանակ շատ մտահոգ էր, խոսում էր իր գրելիք աշխատությունների, ծրագրերի մասին, իսկ երբ բաժանվում էինք, քթի տակ մրմնջաց՝ չասելու նման. «Իմ սոցիալական ժամանակն ավարտվել է»: Իր հաճախ կրկնվող խոսքերից էր: Ասի՝ Արցախում, մանավանդ ձեր գյուղում, հարյուրն անց ծերերը քո տարիքի մարդկանց վրա խնդում են. «Մեկալ օրվա խոխան ըս, հալա հինչ կա»: Լիաթոք ծիծաղեց: Իսկ ծիծաղի, հուզմունքի պահին դառնում էր կատարյալ երեխա՝ ազնիվ, զուլալ, անպաշտպան ու անկրկնելի՝ ինքն իր նման:
Սերգեյ Սարինյանն անփոխարինելի էր նաև Արցախի համար երիտասարդ գիտնականների պատրաստման գործում: Գրեթե ամենօրյա հեռախոսակապի մեջ էինք, խոսում էինք կյանքի ու գրականության ամենատարբեր հարցերի, արվեստի ու գիտության նորույթների, բայց ավելի շատ Արցախի մասին: Ապրում էր Արցախով, շնչում էր Արցախով: Հենց սահմանի վրա կատարված մի միջադեպի մասին լսում էր թե չէ, գիշերվա կեսին էլ լիներ, զանգում էր. «Էդ ինչ է եղել»: Ամեն բացասական երևույթ ծանր էր տանում: Ասում էր. «Արցախը հայոց գոյության խորհրդանիշն է»: Մի օր էլ, մոտ երկու ամիս առաջ էր, զանգեցի իր հայրենի գյուղից, Ղազարոս Աղայանի անվան դպրոցում գրողների մի խմբի հետ հանդիպում կար, ուզում էի տրամադրությունը բարձրացնել, ասի. «Սեյտիշենում եմ, ընկեր Սարինյան, ի՞նչ ունես հաղորդելու համագյուղացիներիդ»:
«Հա՞,- ոգևորվեց,- մարդկանց, սարերին, քարերին, բոլորին հաղորդիր ողջույններս»: Ես հեռախոսի մեջ բարձրաձայն կրկնեցի ասած խոսքերը՝ իր սիրած Սարումանց սարի, Սիպտակ աղբյուրի անուններն ավելացնելով, այնպես, որ ինքն էլ լսի… Ասաց. «Այնպես եմ կարոտել, այս ամռանն անպայման գալու եմ… Մի խնդրանք էլ ունեմ,- ասաց,- անպայման մտիր մեր եկեղեցին, իմ անունից էլ մոմ վառիր»: Այդպես էլ արի: Տարիներ առաջ, երբ ամեն ամառ Սեյտիշենում էինք լինում՝ անմոռաց ու անկրկնելի Սևակ Արզումանյանի հետ, միասին գնում, գյուղի եկեղեցում մոմ էինք վառում, հետո Սևակ Արզումանյանի առաջարկով, օրը շարունակվում էր կա՛մ Խաչենագետի լողով, կա՛մ Թթու ջրի մոտ քեֆով ու վերջանում էր համագյուղացի երկու ակադեմիկոսների թեժ շախմատախաղի անզիջում «կռվով», ուր որ ինձ էին միշտ վստահում արդար ու անկողմնակալ, բայց անասելի դժվար դատավորի կարգավիճակը…
Երբ նրանք քայլում էին հայրենի կածաններով, ասես ճանապարհները նոր իմաստ ու բովանդակություն էին ստանում իրենց մեծ զավակների առինքնող հմայքով:
Իսկ հիմա սուգ է հին հայոց Արևելիք Կողմանք աշխարհում, մեծ կորուստ է Սերգեյ Սարինյանի հեռացումը, շատ մեծ… Անթիվ մահեր, զոհեր, զոհեր տեսած Արցախում, սակայն, վիշտն ու տխրությունը ոչ թե արցունք են դառնում, այլ բռունցք, որ մեծեր ծնող մեր հողը միշտ մնա անառիկ ու հզոր: Անպարտելի:
Սերգեյ Սարինյանն իր անմահությունը կերտեց իր ստեղծածով, իր ապրած հարուստ ու բազմաբովանդակ կյանքով: Նրա գործերով այսօր սերունդներ են կրթվում ու դաստիարակվում: Այդպես կլինի նաև վաղը: Եվ դրանով է, որ նա՝ մեր գրականագիտության տիտանը, միշտ կմնա ապրողների հետ, նրանց կողքին՝ սարինյանական անմոռաց դասերով:
Թող նրա անսահման մեծ հոգին Աստված լուսավորի: Իսկ ես կգնամ Սեյտիշեն, եկեղեցի կմտնեմ ու երկու մոմ կվառեմ նրա փոթորկված հոգու խաղաղության ու հանգստության համար…
Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ
Արցախի ԳՄ նախագահ
ԴԱՍԱԿԱՆ ԳՐԱԿԱՆԱԳԵՏԸ
Ինչպես բոլոր մեծ գրականագետները, առանց ազգային պատկանելության, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանն էլ ունեցել է մի մեծ մտահոգություն. գրականագիտության մեջ շեշտված տեսնել գիտականը: Գրական երկերի նրա վերլուծականներում կարելի է տեսնել գիտական ընկալման ու մեկնաբանման ամենատարբեր դիտակետեր` փաստականը, տեսականը, փիլիսոփայականը, քաղաքականը, ազգայինը, հոգեբանականը, գաղափարախոսականը, ենթագիտակցականը, ավանդականը, համամարդկային-համընդհանուրը, ժամանակակիցը, ավանգարդայինը:
Հայ գրականության ակնառու երևույթները նա բնութագրում էր անցյալի օգնությամբ: Գիտնականը ստեղծել է գրականագիտության մի սեփական տեսություն, խիստ ինքնատիպ ոճով, որում հայ գրականության զարգացումը դիտարկում է լայն տեսադաշտի վրա` առանց անտեսելու հիմնական և ընդունված միտումները: Սարինյանը գրականագիտորեն հիմնավորում էր, թե XIX և XX դարերի հայ գրողները ինչպես են քննում միկրոկոսմի և մակրոկոսմի խնդիրները, և դրանցում ինչ տեղ ունի ազգայինը և ինչպես է այդ ազգայինը լրացնում համամարդկայինը:
Մոտ երեք տասնյակ գրքեր, բազմաթիվ հատորների առաջաբաններ, ակադեմիական խիստ պահանջված հրատարակությունների նախաձեռնումներ, ամենատարբեր երկերի խմբագրումներ,- այս բոլորը կազմել են ակադեմիկոս Ս.Սարինյանի ամենօրյա կյանքի ռիթմը:
Նրա բոլոր աշխատություններում ակնհայտ են գրականագիտության և այլ գիտաճյուղերի ճշգրիտ ու համոզիչ աղերսները:
Ս.Սարինյանը Հայաստանի գրողների միության կյանքում ունեցել է իր անփոխարինելի դերը` մշտապես խրախուսելով նրանց, ովքեր հարստացնում են հայ արձակը, պոեզիան, դրամատուրգիան և անկողմնակալ ու գրագետ են իրենց գրաքննադատության մեջ: Մտային իր դրսևորումներում չի ունեցել տարիքային ու ժամանակային սահմանափակում: Նրա միտքը երիտասարդական էր ու ճկուն, պատրաստ էր ընդունել ամեն առաջավորն ու նորը:
Հիանալի հռետոր էր և դասախոս: Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներին հիացնում էր իր վարպետության դասերով:
Իր բազմաքանակ աշակերտներով ակադեմիկոս Սերգեյ Սարինյանն ստեղծել է սեփական գրականագիտական դպրոցը:
Աստվածատուր մեծ տաղանդով օժտված գրականագետի գիտական հարուստ ու մեծարժեք վաստակը մի բացառիկ ջատագովություն է գրականագիտությանը:
Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
Գրականագիտական մտքի ազնվականը
Ազնվականական հոգեկերտվածքի և ազգային գաղափարաբանության մեծագույն կրողն էր ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը: Գիտնականի նրա դիմանկարն ամբողջացնելու համար հայ գրականագիտությունը դեռ շատ անելիք ունի, քանզի անավարտ մնաց նրա «Հայոց գրականության երկու դարը» բազմահատորյակը, իսկ գրականագետ Սարինյանի գիտական որոնումներն սկսվում են անցյալ դարի 40-ական թվականներից և հասնում են մինչև մեր օրերը` մինչև վերջին՝ «Գրականագիտական մեթոդներ» հոդվածը, որն անչափ կարևոր տեսական ներդրում է հայ գրականագիտության մեջ:
Հայկական ռոմանտիզմի տեսաբանը նաև գրականության հմուտ պատմաբան էր. նրա ջանքերով է իրականություն դարձել «Հայ նոր գրականության պատմություն» կոթողային հինգհատորյակը:
Սերգեյ Սարինյանն իր ողջ ստեղծագործական կյանքում գրականագիտության գիտականացման համառ սերմնացանն էր, որ փիլիսոփայական հայեցակարգով է քննել ամեն մի գրական ստեղծագործություն:
Անհանգիստ ոգի էր, որոնող, պրպտող մտքով, աշխատասեր ու բանիբուն մշակ, որ զարմանալիորեն պահպանեց իր աշխատունակությունը մինչև կյանքի վերջին օրը: Նա հայ գրականագիտության իմաստուն ծերունին էր, բայց և ամենաերիտասարդ ընթերցասերը:
Նա բարձունքից էր դիտում «էմպիրիկ աշխարհի կրկեսախաղը», և այդ պատճառով իբրև մարդ հաճախ ճիշտ չէր ընկալվում իր միջավայրում: Սկզբունքի մարդ էր, տգիտություն չհանդուրժող: Ինքն իր համար սահմանել էր մտավոր կարգապահության ու գիտականության բարձր չափանիշներ և դա պահանջում էր նաև մյուսներից:
Ապրեց հախուռն ու փոթորկուն կյանքով, համարձակ և սկզբունքային գիտական բանավեճերով: Սիրում էր կյանքը, որքան էլ այն չէր ժպտացել իրեն: Սիրում էր իր աշխատանքը` դրա մեջ գտնելով երջանկությունը: Կյանքի ամեն մի անակնկալ հարվածի փիլիսոփայորեն էր նայում: Թեև ի բնե փոքր-ինչ հոռետես էր, բայց երբեք չկորցրեց լավատեսական ոգին:
Աշխարհին թողնելով իր մարդկային անցողիկ կրքերն ու բուռն բանավեճերը` նա անանց կմնա հայ գրականագիտության պատմության մեջ` միաժամանակ որպես գրականության տեսաբան և պատմաբան:
Իսկ մնացյալը ոչինչ է:
Այդքան մի բան, ինչպես սիրում էր ասել ինքը:
Վանո ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հպարտ և երջանիկ եմ, որ երկար տարիներ ճանաչել և վայելել եմ անվանի գրականագետ և արտակարգ անձնավորության՝ Սերգեյ Սարինյանի ջերմ վերաբերմունքը իմ նկատմամբ՝ որպես գիտնականի, նրա ընկերությունը … Մեծ մեծերը գնում են…