Հոկտեմբերի 10-ից փաստացի իրողություն է Հայաստանի անդամագրումը Եվրասիական տնտեսական միությանը, որը գործելու է 2015 թ. հունվարի 1-ից: Թե որքանով է նոր միությունը հեռանկարային, վաղ է գնահատել: Ծրագրի կենսունակությունը պայմանավորված է նախևառաջ միության անդամների՝ միմյանց նկատմամբ վստահության չափաբաժնով և առկա մի շարք տարաձայնությունների արագ հաղթահարմամբ: Ղազախստանի նախագահ Նարզարբաևն արդեն զգուշացրել է, որ «եթե կանոնները, որոնք նախկինում հաստատվել էին պայմանագրում, չեն կատարվում, ապա Ղազախստանը լիարժեք իրավունք ունի հրաժարվել ԵՏՄ-ի անդամակցությունից: Աստանան երբեք չի լինի այնպիսի կազմակերպությունների կազմում, որոնք սպառնալիք են Ղազախստանի անկախությանը»: Կիրականացնի՞ Նազարբաևն իր սպառնալիքը, թե ոչ, ժամանակի խնդիր է, սակայն ներկա իրավիճակում այդ մասին նույնիսկ հպանցիկ ակնարկը լավ հեռանկար չի խոստանում նորաստեղծ կազմակերպությանը: Միությունից Ղազախստանի հրաժարումն անպայմանորեն կարժեզրկի առանց այդ էլ փխրուն և չապահովագրված գաղափարը: Արդեն իսկ մի շարք գործընթացներում նկատելի է Ուկրաինայի բացակայությունը, ինչը էապես նվազեցնում է ինտեգրացման արդյունավետությունն ու տարածքը: Միության հիմնադիր անդամներից Բելառուսն էլ, մասնակցելով հետխորհրդային տարածքում Մոսկվայի կողմից կազմակերպվող ինտեգրացիոն գործողություններին, զուգահեռաբար ամեն ինչ անում է անկախ քաղաքականություն որդեգրելու և Մոսկվայի արտաքին քաղաքական ուղեծրով չշարժվելու համար: Պատահական չէ, որ Մինսկը շահագրգռված է ադրբեջանական նավթով և գազով, ինչը թույլ կտա Բելառուսին որոշակիորեն նվազեցնել էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից և այլընտրանքային էներգետիկ հնարավորություններ ունենալ: Հայաստանի վերաբերմունքը միությանը նույնպես միանշանակ չէ: Հայկական կողմ և դեմ հարցադրումների շարանում որոշիչը Ղարաբաղի խնդիրն է, որը տնտեսականից ավելի քաղաքական և ռազմավարական նշանակություն է ենթադրում: Այս և նմանօրինակ գործոններով պիտի պայմանավորել որոշ փորձագետների և քաղաքագետների հոռետեսությունը նորաստեղծ միության կենսունակությանն ու երկարակեցությանը: Սակայն Ռուսաստանը, ում համար հետխորհրդային տարածքում ԵՏՄ-ի ստեղծումը գնահատվում է կարևոր նվաճումների շարքում, բնականաբար, փորձում և փորձելու է միության հեղինակությունն ու ազդեցությունը բարձրացնելու այլ ազդակներ փնտրել: Ազդակներից մեկն էլ նոր անդամների ներգրավումն է: Առանձնապես կարևորվում է Ադրբեջանի գործոնը, քանի որ դժվար է հավատալ, թե ռուսները կհամաձայնեն իրենց ազդեցության գոտուց դուրս թողնել այդ երկիրը: Արդեն իսկ նկատելի է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության վերաբերյալ շեշտադրումների փոփոխությունը: Լրիվ նոր հարաբերություններ են շրջանառվում, նոր հետաքրքրություններ ու մասշտաբներ: «Որքան հասկանում եմ,- հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը,- Ռուսաստանի հիմնական հետաքրքրությունը տարածաշրջանում պետք է կապված լինի Ադրբեջանի հետ, որն ամենախոր տարածքն ունի, մարդկային մեծ ռեսուրս, վստահելի և որակավորված կառավարություն: Ադրբեջանը Ռուսաստանի համար կարող է լավ գործընկեր լինել: Իմ կարծիքով, հատուկ հետաքրքրության առարկան պետք է Ադրբեջանը դառնա՝ որպես զարգացած և կայուն ռազմավարական գործընկեր: Ռուսաստանը շատ բանի կարող է հասնել` Ադրբեջանին օգնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»: Աստրախանում Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից «Ներդրումների և փոխադարձ պաշտպանության վերաբերյալ» կարևորագույն համաձայնագրի ստորագրումը հավելյալ վկայությունն է այս երկրների միջև հարաբերություններն այլ մակարդակի հասցնելու ուղղությամբ: «Ռուսաստանը մինչև պատժամիջոցներն առանձնապես չէր ձգտում ընդլայնել համագործակցությունը Ադրբեջանի հետ: Պատժամիջոցներից հետո վերաբերմունքն ակնհայտորեն փոխվել է, և ադրբեջանական իշխանությունները մտադիր են ավելի ինտենսիվ ներգրավվել ռուսական հավակնոտ ծրագրերում»,- մեկնաբանել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախկին նախարար Օքթայ Ահվերդիևը: Ըստ փորձագետների՝ ստորագրված համաձայնագիրը տնտեսականից բացի, նաև քաղաքական նպատակ է հետապնդում: Ադրբեջանի խորը ներթափանցումը ռուսական առևտրատնտեսական դաշտ կարող է հանգեցնել նրան, որ Ադրբեջանը բնական ճանապարհով հայտնվի եվրասիական տնտեսական հանրության մեջ: Մինչ այդ Ադրբեջանը փորձում է իրավիճակն օգտագործել իր համար առավելագույնը ապահովելու ոչ միայն տնտեսական, այլև ղարաբաղյան խնդրի հարցում: Սա այն պահն է, երբ ադրբեջանական երկդիմի քաղաքականությունը կարող է աշխատել՝ բավականին դրական միավորներ գրանցելով Ադրբեջանի օգտին: Ռուսաստանի նկատմամբ կիրառվող միջազգային հանրության պատժամիջոցները ակամայից վերածվել են ազերիների նշանակությունը կարևորող լծակների՝ մի շարք երկրների ստիպելով խորացնել հարաբերությունները նրա հետ: Նավթն ու գազը շարունակում են միջպետական հարաբերություններում գերակայող մնալ և թելադրող լինել, ինչը առավել ևս ստիպում է Ռուսաստանին ամեն գնով Ադրբեջանին իր ուղեծրում պահել: Ռուսները ազերիներին զիջելու մեծ ավանդույթներ ունեն, և բացառված չէ առավել տարողունակ զիջումների տարբերակը: Մնում է հուսալ, որ ինչպես սովորաբար է լինում, գոնե այս անգամ զիջումները հայերի հաշվին չեն լինի:
Սամվել ԿՈՍՅԱՆ / ԳՈՆԵ ԱՅՍ ԱՆԳԱՄ ՀԱՅԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՉԼԻՆԻ
