Գագիկ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Արցախցին ի՞նչ պայմանով կվերադառնա Արցախ

Առաջին. Հայաստանի Հանրապետությունը պետք է ապահովի Արցախի և արցախցիների անվտանգությունը:
Երկրորդ. Արցախում ապրելու համար այնտեղ չպիտի լինի ադրբեջանցի, երկիրը պիտի լինի անկախ, պետք է ունենա հզոր բանակ, պետք է գործեն բոլոր ինստիտուտները, պետք է ունենա ցամաքային կապ Հայաստանի Հանրապետության հետ Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններով առանց անցակետերի, Արցախում պետք է իրավունք ունենաս ազատ տեղաշարժվելու օրվա բոլոր ժամերին:
Երրորդ. աշխարհի բոլոր ծագերում ապրող հայերը պետք է ջանք ու եռանդ չխնայեն Արցախը վերամիավորելու մայր Հայաստանին, այլապես անպաշտպան կլինի թե՛ Արարատյան դաշտը, թե՛ Սյունիքը, թե՛ Տավուշն ու Գեղարքունիքը… Առանց Արցախի կունենանք կորսված հայրենիք:
Չորրորդ. եթե ՀՀ ներկայիս իշխանությունը չի տեսնում Արցախը հայկական, պետք է գնալ ետ, միջազգային հարթակ հանել 1813 թվականի հոկտեմբերի 12-ին Գյուլիստանում կնքված հաշտության պայմանագիրը և ընդգրկվել Ռուսաստանի կազմի մեջ՝ որպես առանձին ազգային պետական միավոր:
Միայն այս չորս պայմանների դեպքում Արցախում կարելի է ապրել ու արարել, իսկ մնացած դեպքերում վերադառնալ Արցախ կնշանակի՝ գնում ես ցեղասպանվելու…
Արցախը մատաղացու գառ չէ, որ մատաղ արին Ադրբեջանին: Վաղ թե ուշ Արցախը կկանգնի ոտքի և կանի իր Ավարայր հիշեցնող ճակատամարտը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։