Առաջնահերթ 3 հիմնախնդիրները, որ պետք է լուծի Թավշյա հեղափոխությունը

Առաջնահերթ 3 հիմնախնդիրները,
որ պետք է լուծի Թավշյա հեղափոխությունը
Արտաշես ՂԱԶԱՐՅԱՆ
1. Նախ՝ Թավշյա հեղափոխությունը հաղթանակել է, բայց չի ավարտվել: Ներկա իշխանությունների համար առջևում դժվարին փուլեր են սպասվում: Առաջնահերթ խնդիրներից է հանրային ներքին կյանքի կայունացումը, անհրաժեշտ է զգոնություն և հնարավոր սադրիչ քայլերի բացառում: Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի բացառվի ոմանց կողմից հափշտակված ազգային կապիտալի արտահոսքը: Հանրապետության վարչապետը, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, պետք է համաներում շնորհի բոլոր քաղբանտարկյալներին, Սասնա Ծռերին, պետք է վերահսկողություն իրականացվի պետական կառավարման բոլոր ոլորտներում՝ նույն այդ ոլորտներում բացառելով քրեաօլիգարխիկ ազդեցությունը, ՙՕրենքի առաջ բոլորը հավասար են՚ կարգախոսի օրենս­դրական հաստատագրում և իրական կյանքում ամենօրյա, ամենժամյա դրսևորում:
2. Արտաքին քաղաքականության ոլորտում եղած մոտեցումների և սկզբունքների վերանայում: Ցանկացած ձևաչափով բանակցություններ իրականացնելիս բացառել նահանջի և զիջումների որևէ հնարավորություն: Արցախի Հանրապետության իշխանություններին արագորեն վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ և բոլոր բանակցություններում հիմնարար համարել արցախահայության կամքի արտահայտությունը:
3. Բոլոր համապետական վճիռները կայացնելիս, զգուշավորությանը զուգահեռ, դրսևորել անխտրականություն և հաստատակամություն: Համաժողովրդական այս զարթոնքի վիթխարի ներուժը իրացնել առավելագույնս արդյունավետ, յուրաքան­չյուր քայլում ցուցաբերել առավելագույն պատասխանատվություն և հետևողականություն:

Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ
Ամենակարևորը, որ Թավշյա հեղափոխությունն արդեն արել է, ՀՀ իշխանական մոնոպոլ բուրգի փլուզումն է և Հայաստանի Հանրապետության քաղաքացու արժանապատվության ու սեփական երկրի ճակատագրի տերը լինելու հավատի վերականգնումը:
Կարևորագույն հիմնախնդիրներից առաջնահերթ երեքն այսօր, իմ կարծիքով, ունի հետևյալ հաջորդականությունը՝
1. Սահմանադրության հիմնարար օրենքների փոփոխություն:
2. Արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
3. Արդարադատության նոր համակարգի ձևավորում, սոցիալական արդարության հաստատում:
Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քանի որ Միքայել Նալբանդյանն էր ժամանակին առաջարկել ՙԵրկրագործությունը՝ որպես ուղիղ ճանապարհ՚, ու քանի որ տարվա այս եղանակին շատ գործ կա գյուղատնտեսության մեջ անելու՝ լավ բերք, լավ մթերք ստանալու համար, ուրեմն.
Առաջին քայլը գյուղացունն է: Նրան օգնելու համար մեր՝ միմյանց կանոնավորապես հաջորդող 4 եղանակների երկրում անհրաժեշտ է անհապաղ մարտական պատրաստականության վիճակի հասցնել հակակարկտային սարքերը, վերազինել մեր ոռոգման համակարգը, շաքարի ճակնդեղ աճեցնել: Աղը կա ու կա: Եթե մենք ունենանք հաց, աղ, շաքար՝ որպես աղ ու հացով և ուրիշի խոսքը շաքարով կտրող ժողովուրդ, կապրենք, կհարատևենք…
Երկրորդ քայլը՝ ամառային արձակուրդի ընթացքում կրթությունը նոր ռելսերի վրա դնելն է:
Երրորդը՝ մեր մշակույթը փրկելն ու ետ բերելն է: Բայց ետ բերելը՝ դեպի մաքրված, քաղհանված, պաշտպանված մի ասպարեզ, որտեղ աներևակայելի կլինի ՙռաբիսի՚ անարգել ելումուտը:
Բոլոր բնագավառներում, սիրո, համերաշխության, ներդաշնակության մեջ թաթախվելուց հետո, դեպի առաջ քայլելն է… անընդհատ… Տեղում քայլքը, նույնիսկ մի պահ շուրջը նայելու ու հասկանալու համար՝ ՙէս ի¯նչ էր, էս ի¯նչ եղավ, էս ո¯նց եղավ՚, ժամանակի կորուստ է:

Արամ ԱՐՍԵՆՅԱՆ
1. Անհապաղ քայլեր ձեռնարկել Հայաստանի ՉՈՐՐՈՐԴ Հանրապետության ձևավորման համար՝ օր առաջ ՙԱզգային՚ ժողովի լուծարում, ընտրական օրենսգրքի բարեփոխում, արդար և թափանցիկ ընտրությունների կազմակերպում, նոր Սահմանադրության ընդունում, կառավարության և վարչական ապարատի օպտիմալացում և այլն:
2. Ժողովրդի հավատի և վստահության վերականգնում՝ նրանից թալանված նյութական, հոգևոր, մշակութային ժառանգությունն իրական տերերին վերադարձնելու, քրեական օլիգարխիան վերացնելու, քաղբանտարկյալներին ազատելու, Սփյուռքի հետ ակտիվորեն համագործակցելու և մարդկային ռեսուրսն ըստ ամենայնի օգտագործելու, դատական համակարգն անկախացնելու և այլ միջոցներով:
3. Ստեղծել վարձու բանակ ուռճացված Ներքին զորքերի թվաքանակի շեշտակի կրճատման, ծառայողական ավտոմեքենաների բազայի վերացման և բոլոր բնագավառներում որոշակի տնտեսման աղբյուրներ գտնելու հաշվին:
Գևորգ ԳԻԼԱՆՑ
Խնդիրները եղել ու մնում են նույնը.
1. Մարդկանց ուղեղներում կազմաքանդել տասնյակ տարիներ սերմանված այն մտայնությունը, որ իշխանությունը ոչ թե իրենք են, այլ զանազան հանրային սանդուղքներով իրենցից վեր կանգնածները, որոնք այդտեղ հայտնվել են հենց իրենցից գնված կամ վախով պոկած քվեով:
2. Ազատվել նախորդ՝ մարդատյաց ու մարդուն ճորտացնող համակարգի մնացորդներից:
3. Ամեն ինչ անել, որ բացառվի կուռքերի ստեղծումը, անկախ նրանից, թե ում են ուզում կուռք դարձնել: Այստեղ չեմ կարող չհիշել աստվածաշնչյան մի դրվագ, երբ Մովսեսն իր ժողովրդին հասցնում է Ավետյաց երկիր, բայց ինքը չի մտնում, քանի որ ստրկության մեջ ծնվածների սերնդից էր…

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ
1. Պետական կառույցների հնաոճ գործելակերպով աշխատող և կոռումպացված կադրերի մաքրում:
2. Նախորդ ռեժիմի օրոք կատարված կասկածահարույց դատական գործերի վերաբացում և անպատժելի հանցագործությունների արդար քննություն:
3. Բնապահպանական հիմնահարցերի արդար փորձաքննություն, նոր մետաղական հանքերի շահագործման կասեցում:

Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
1. Մենաշնորհների վերացում:
2. Օրենքի առաջ բոլորի հավասարություն:
3. Ազգային ունեցվածքի կողոպուտի վերադարձ պետական գանձարան:

Նորայր ԳՐԻԳՈՐՅԱՆ
1. Ընտրական օրենսգքրի և Սահմանա­դրության փոփոխություն:
2. Կոռուպցիայի և կաշառակերության վերացում:
3. Ով այդ ընթացքում չարաշահումներ է արել, կաշա­ռա­կերությամբ է զբաղվել, քրեական հանցագործություն է կատարել, պետք է պատժվի՝ սկսած գյուղապետից մինչև ՀՀ նախագահ: Եթե դա չարվի, նշանակում է ոչինչ չի փոխվել: Հան­ցագործը պետք է պատժվի:

ՆԱՆԵ
Նախ, ամենաանհանգստացնողը ինչպես առաջ, այսօր էլ մնում են դրսի վտանգները, որոնք, քողարկված սողոսկելով սահմաններից ներս՝ կաշառվող կամ հարցին ոչ տեղյակ իշխանավորների օգնությամբ, անարգել իրենց գործն են անում: Մինչև այժմ մեր իրականությունը նրանց նվագի տակ պարն է եղել:
Ու որքան էլ բանակը հզորացնենք, անհնարին է երկիր պահելը, եթե նրա ներքին անվտանգությունն աչքաթող վիճակում է, եթե այսօրվա աշխարհակարգի թաքուն և անթաքույց մտքերն ու ծրագրերն անտեսված են, եթե դարասկզբին՝ թուրք-գործիքի օգնությամբ մեզ ցեղասպանած գերտերությունների հետ ձեռքսեղմումների ժամանակ չենք տեսնում նրանց աչքերի սատանափայլը: Իհարկե, բոլորի, անգամ թշնամու հետ բանակցություններն ու շահերի համահունչ լինելուց օգտվելը պարտադիր է, սակայն երբեք չկորցնելով զգոնությունը և. ՙՏեսնես որտե±ղ են մեզ ուզում գցել՚-ը մտքի պրպտում դարձնելով:
Հաջորդը մեր ընդերքի անմխիթար այսօրն է. այն՝ բացի եկող սերունդների թալան լինելուց, նաև լուրջ էկոլոգիական և առողջապահական աղետ է դարձել: Ազգաբնակչության հիվանդացության, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակը անբարեխիղճ հանքահանության և դրսի ու ներսի փողամոլուցքով հիվանդների մի խմբի գործունեության արդյունք է: Մեր չքնաղ Ջերմուկը եթե լեզու ունենար, ճիչն արդեն աստղերին հասցրած կլիներ: Բայց, հետո ինչ, որ մենք բարբառել գիտենք. Ամուլ սարի կամ այլ խնդիրների համար ցանկացած բարձրաձայնում ՙձայն բարբառոյ է…՚ եղել, և միշտ նույն անսասան Պատն է հառնել մեր հայացքների ու քայլերի առաջ:
Անցյալով եմ ասում, որովհետև այս թավշյա օրերի թավշյա հրաշքը մեզ հույսով է լցրել (դեռ չեմ ուզում ո°չ իմ, ո°չ ձեր միտքը ստվերել նոր նշանակումների մեջ անհասկանալիի տագնապով):
Առաջ անցնենք…
Առողջապահական ոլորտը, մյուսներին հավասար խայտառակ վիճակում լինելով հանդերձ, առանձնանում է. այն զգում ենք անմիջապես՝ մեր կամ հարազատի անհույս վիճակին դեմ հանդիման ու բիզնեսի վերածված կառույցի ագահ ախորժակի դիմաց մեր ծակ ու դատարկ գրպաններով կանգնած: Հացի պակասին մի կերպ հնարավոր է դիմանալ, բայց երբ…
Եվ երկրից գնալու պատճառների մեջ ամենաառաջին տեղերից մեկը առողջապահական համակարգի աններելի սխալներն են: Որոնց մեջ, չմոռանանք, Առողջապահական համաշխարհային կազմակերպության կողմից մեզ պարտադրվող, հաճախ կասկածելի, ծրագրերը անվերապահորեն կյանքի կոչումը… Եվ դրանց մեջ նորանշանակ նախարարը՝ նախորդի հետ, իր մեծ ավանդն ունի:
Հաջորդը, մշակույթն իր խեղված արժեքներով, և գրողների՝ մեկը մեկին տխուր դարսդարսվող անտիպ գրքերը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։