Վիտալի ՊԵՏՐՈՍՅԱՆ

Արցախցին ի՞նչ պայմանով կվերադառնա Արցախ

21-րդ դար… Հայկական երկու պետականություն… Երկու Հայրենիք: Այնուհետև այդ հայրենիքներից մեկը՝ Արցախը, Արցախի Հանրապետությունը, մյուս Հայրենիքի լուռ հայացքի ներքո ավելի քան ինը ամիս հայտնվում է շրջափակման մեջ, հետո ազերիները չորս կողմից շրջափակված արցախահայությանը ենթարկում են ցեղասպանության, իսկ հետո՝ բռնագաղթի:
21-րդ դար… ռուսաթրքական համաձայնությամբ հանձնված Արցախ, ՀՀ խղճուկ ու վախից դողդողացող իշխանություններ, որ տասն անգամ նալին են խփում, իսկ մեխին այդպես էլ չեն խփում:
Արցախի շահամոլ իշխանություններ… որ մինչև վերջ էլ ժողովրդին ճշմարտությունը չասացին: Ժողովրդավարություն, միջազգային իրավունք, ժողովուրդների ինքնորոշում, ժողովրդավարություն… ուղղակի թեզեր, որոնք գործում են միայն այնժամ, երբ գերտերություններին դրանք պետք են:
Խղճուկ մտավորականություն, որ այս վերջերս հակված է ապացուցելու, որ հոգևորը զիջում է նյութականին. մեծամասամբ լավագույն դեպքում լռում են, վատագույն դեպքում՝ սեղմում իրենց մեկնված սեփական խղճի վաճառքի գործարքի համար մեկնված թաթը:
Չնայած՝ երևի օտարներին մեղադրելու իրավունք չունենք, երբ արյունակիցդ է վաճառում քեզ միջազգային գործարքներին, հատկապես Արարատից ու սեփական պատմությունից հրաժարվող իշխանություններն Արցախի ու արցախցու մասին ինչու՞ պիտի մտածեն:
Նման պայմաններում Արցախ վերադարձի մասին նույնիսկ խոսակցությունները համարում եմ անիրական:
Իմ, հարազատներիս, բարեկամներիս, մտերիմներիս ու ընկերներիս համար Արցախ վերադարձի միակ հավանական տարբերակը կամ Արցախի անկախությունն է, կամ, վատագույն դեպքում, միջազգայնորեն չեզոք գոտու ճանաչումը՝ նախկին ԼՂԻՄ սահմաններով, որտեղ կտեղակայվեն ոչ թե ռուսական, այլ՝ միջազգային զորքեր:
ՀՀ-ում ներկայիս իշխանությունների օրոք նույնիսկ չեմ կարող դիտարկել Արցախի՝ ՀՀ-ին միացումը: Վստահ եմ, որ ՀՀ-ն շուտով ազատագրվելու է թմբիրից, այն ժամանակ արդեն կարելի կլինի խոսել Արցախի՝ ՀՀ-ին վերամիավորման մասին:
Որպես հայ, որպես արցախցի մտավորական՝ ես երբեք չեմ մոռանալու ՀՀ պատմության այս խայտառակ էջը և անպայման փոխանցելու եմ սերունդներին և՛ պոեզիայով, և՛ հոդվածներով: Չեմ մոռանալու սրբություն չունեցող փողագրպան մտավորականության այս մեծ խավին:
Եվ հավատում եմ, որ եթե ոչ ես, ապա մի օր իմ սերունդները մի օր նորից վերադառնալու են Արցախ՝ և զենքով են վերադառնալու:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։