Արցախցին ի՞նչ պայմանով կվերադառնա Արցախ
Սեպտեմբերի 19-ից հետո արցախցու կյանքը նման է մղձավանջի։ Բռնի տեղահանվելը, գաղթի ճանապարհը բռնելը երևի ամենասարսափելի անեծքն է։ Հաշված ժամերի ընթացքում պիտի հրաժեշտ տայինք մեր հայրենիքին, տունուտեղին, պատմությանը, սրբավայրերին, հարազատների շիրիմներին… ասել էին՝ առաջին անհրաժեշտության իրերը վերցրեք, դուրս եկեք։ Կորստի ցավից կուչ եկած՝ նայում ես շուրջդ ու մտածում՝ հայրենիքդ ո՞նց վերցնես, հետդ տանես։ Արցախից, որպես սուրբ նշխար, ինձ հետ վերցրի մի բուռ հող, իսկ իմ գրապահարանից՝ Գրիգոր Նարեկացու «Նարեկ» աղոթագիրքը և Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք»-ը՝ հավատալով, որ այդ սուրբ նշխարներն ուժ կհաղորդեն և կօգնեն ինձ սպասվող կյանքի անորոշություններն ու դժվարությունները հաղթահարելու ճանապարհին։ Հողը՝ հայրենի հողի զորությամբ, «Նարեկ»-ը՝ Աստվածային, իսկ «Ինձ բացակա չդնեք»-ը՝ սահյանական այն իմաստնությամբ, որ տառապանքն էլ մարդու համար է, որից մարդն իմաստնանում է ու հետագայում խելացի որոշումներ կայացնում։
Իմաստնանալ է հրամայում մեզ մեր տառապալից ժամանակը և հայրենիքը մաս-մաս չկորցնելու, եղածը պահպանելու և կորցրածը վերադարձնելու կամքի ուժ և իմաստնություն։
Անշուշտ, յուրաքնչյուր արցախցու նվիրական երազանքն է Արցախ վերադառնալը։ Բայց այս պայմաններում ինչպե՞ս։ Անհնար է։ 2023 թ. սեպտեմբերի 28-ին մեր ընտանիքի համար Հակարիի կամուրջը կյանքի և մահվան սահմանագիծն էր։ Մենք անցել ենք դժոխքի ճանապարհով։ Զինված ադրբեջանցիների հայացքներում ակնհայտ ատելություն կար մեր հանդեպ, անգամ երեխային ատելությամբ ու մաղձով էին նայում։ Ես շոշափելիորեն զգացի մահվան սառը շունչը ու մինչև հիմա այդ մղձավանջային շնչահեղձությունը զգում եմ ժամանակ առ ժամանակ։ Հայի հանդեպ այդ ատելությունը գեներացվում է ամենաբարձր մակարդակով։ Ադրբեջանական մեդիատիրույթում հայատյացության բացահայտ քարոզչություն է իրականացվում։ Ինչպե՞ս կարող է այդ երկրի հասարակությունը հանդուրժող լինել հայի հանդեպ, եթե ամեն օր ԶԼՄ-ների մատուցած հայատյացության գերդոզավորված չափաբաժիններով է «սնվում» կամ ականատես լինում հային գլխատողին հերոսացնելու արարողությունների։ Ու նման քայլերը միջազգային ատյաններում փաթեթավորում է խաղաղասիրության թեզերով։
Եվ որքան էլ կարոտից տանջվեմ, որքան էլ Արցախ վերադառնալու ցանկությունս անհաղթահարելի մեծ լինի, չեմ պատկերացնում ադրբեջանցիների հետ համակեցություն։ Կվերադառնամ Արցախ, եթե նորից ամեն ինչ առաջվանը լինի, Արցախը հայկական լինի ու հայեցի։ Յաթաղանի տակ ո՞նց երեխա պահես, մեծացնես, չգիտեմ ես… Անվտանգության իրական երաշխիքներ են պետք։