Աշխարհ եկող ամեն հարազատ մարդու հետ վերածնվում եմ և աշխարհից հեռացող ամեն հարազատ մարդու հետ մոտենում եմ անդրաշխարհի սահմանագծին։ Ու դեռ ապրում եմ՝ նաև հուշերով։ Ու զարմանում եմ, որ ապրում եմ դեռ։ Ախր այսքան կորուստներից հետո անհնար պիտի լիներ ապրելը։ Բայց ապրում եմ, եթե այս գոյությունն ապրել կարելի է համարել: Ապրում եմ, ինչպես հայաստանաբնակ շատ-շատերը: Ինչպես գրչակիցներիցս շատ-շատերը: Ապրելով չապրելու կամ չապրելով ապրելու պատճառները թվարկե՞մ…
Նախորդ տարին մահտարաժամի և աղետ ու ողբի տարի էր: Սուրբ տղաների կորստյան տարի: Այս անցնող տարին դույզն-ինչ չամոքեց դրանց պատճառած շշմեցուցիչ ցավը: Եթե խոսեմ անձնական կյանքիս մասին, ապա ապրումներս պիտի որակեմ որպես լացախառն ժպիտի կամ ժպտախառն լացի ապրումներ: Գարնան առաջին օրը ծնվեց տղա թոռնիկս՝ ուրախության արցունքներ պարգևելով ինձ, միաժամանակ նախնիներիս խոսքը մտաբերել տալով՝ «Տղեն թշնամու հերն անիծող է» և սուրբ նահատակներին հիշեցնելով՝ դարձյալ արցունք քամելով սրտիցս: Հենց նույն օրը պատուհաս ախտից, որից ինքս էլ անմասն չէի մնացել, անժամանակ վախճանվեց սրտակից ընկերս՝ ցավիս ցավ ավելացնելով: Եվ ինքս իմ մասին մտածեցի՝ հիշելով Մեծի տողը՝ «Մոխիրե աչքերով մի մարդ, որ անցել է դրախտն ու գեհենը»: …Ու ապրեցի՝ մի աչքով լալով, մյուսով ժպտալով: Հուսալքության և Հույսի վայրիվերումների մեջ: Անգամ ստեղծագործեցի: Անգամ տպագրվեցի: Անգամ բոլորեցի կյանքիս վեցերորդ տասնամյակը: Անգամ երազ ու երազանք ունեցա: Իմ երազանքը զավակներիս ու թոռներիս երազանքների իրականանալն է, նրանց՝ անվտանգ, արժանապատիվ ու տիրաբար ապրելն իրենց Տանը:
…Ինձ ու ինձպեսներին նմանեցնում եմ սաղմոնաձկների, որ դեպի ակունքն են մշտապես ձգտում՝ հաղթահարելով ամեն մահ ու խոչընդոտ, մեռնելով ճանապարհին ու ժխտելով մահը, որպեսզի վերստին ծնունդ տան՝ Ակունքին հասնելով:
…Չգիտեմ՝ մեռնելո՞վ ապրեցինք, թե՞ ապրելով մեռանք: Բայց մեռնելո՛վ էլ չպիտի մեռնենք: Ապրելո՛վ պիտի ընդվզենք կյանքի դեմ ՝ ի հեճուկս կյանքի և հանուն կյանքի: Ի հեճուկս փոքրոգության, դավաճանության, վախկոտության, քաղաքականության…
Ասում են՝ Աստված երբ մի դուռ փակում է, մեկ այլ դուռ է բացում: Մնում է՝ տեսնենք այդ դուռը: Բայց դրա համար մեր հոգում պետք է ունենանք Աստծուն և փորձենք ապրել՝ ապրելու հսկա տենչը բեռ արած:
Ուրեմն մաղթանքս թող դա՛ լինի:
ԱՊՐԵԼՈՒ ՀՍԿԱ ՏԵՆՉԸ ԲԵՌ ԱՐԱԾ / Խորեն ԳԱՍՊԱՐՅԱՆ
