Ցավանախշ, ցավամռունչ, դարահեծ, դարադավ, ազատատենչ ի՛մ ժողովուրդ, ի սփյուռս հայություն, ի՛մ բյուրավոր նահատակ լույս մարտիկներ՝ խոցված դրսից ու ներսից, կարկտահար՝ վայրենաբարո բորենիներից, հայրենյաց եզերքներում մասունքված ի՛մ հայրենապահներ՝ դավվա՜ծ-նշխարված, ի՛մ շրջափակված լեռնամռունչ հայրենակիցներ, ի՛մ մամիկներ-պապիկներ, Հայրենիքի ազատությանը, պայքարին հարսնացած ի՛մ պարմանուհիներ, որդեկարո՛տ իմ սրբասուրբ մայրեր, զարկված ու զրկված ի՛մ լեռնաստաններ, ի՛մ սրբատեղիներ՝ պղծված, բայց աստվածադղորդ, ձայնարկու ի՛մ հանճարանախշ տաճարներ, ի՛մ հնամենի աչքադիր Ավետյաց երկիր, Ավետարանո՛ցս ավետաշունչ, ի՛մ Քիրս ու Մռավ, ի՛մ Գանձուսար, ի՛մ աստվածամերձ Տատ ու Պապ՝ նախաստեղծ, ազնվաբարո ու վեհաչյա, խոժոռ ու խռով՝ մոլոր ու դժխեմ ժամանակներից, ի՛մ հնաբարո ու աստվածադեմ, ազատակոչ Արցախա երկիրս, վեհանիստ՝ հանճարավրձին երանգներով կքված, բայց պրկումի, պոռթկումի, ահեղ պայքարի ձգված խորախորհուրդ անդաստաններս, լուռ ու սևասիրտ մայրերի անմար կարոտներով պահեք որդկանց ճամփաները, ավետիսներով զարդարեք ձեր ռազմակոչ ժամանակները՝ հզորազոր ոստյունի պատրաստ, ի՛մ Հայրենիք՝ սրբազան ու հազար անգամ դավվա՜ծ-դավվա՜ծ իմ Հայրենիք, պրկի՛ր բազուկներդ ու պատրաստվի՛ր ահեղամարտի՝ նախնյաց զորեղ նահատակների երդումով հաստատված, և… լեռներո՜ւմ, ձորերո՜ւմ հայրենավառ երդումով կանգնած դիրքապահ հերոսներին հաղթության ավյուն ներարկի՛ր։ Ի՛մ դարադավ Հայրենիք, քո լինելիության ամենայն զորեղ խորհուրդներով, զինավառ զինյալներով կանգնի՛ր մարտի։
Ու… Շնորհավո՜ր Ամանորդ, ի՛մ դավված, հազար անգամ բոլորից խոցված հայություն, ի՛մ աներկյուղ Հայրենիք, ի՛մ անկրկնելի Վերքավորս, շնորհավո՜ր Ամանորդ, թող հաղթանակի ավետիսները կոչնակ զարկեն, նահատակներդ ուս ուսի տված մարտի կոչեն ապրողներին, թո՛ղ ճառագեն ցայգ ու այգերիդ խաղաղության և ռազմի պայծառ ու խոստումնալից աչքալուսանքներով լուսաբերները… Թո՛ղ Հայոց երկինքները հաղթանակների ելնեն՝ ահեղամարտի, ահեղակոչի… Թող շրշա՜ն ցավից սեղմված իմ շուրթերն ու… անեծք կարդան աշխարհի բոլոր սև ու մութ խաղացողներին։
Շնորհավո՛ր Ամանորդ, ի՛մ Հայրենիք… ի՛մ հայ ժողովուրդ… պատրաստ եղի՛ր մարտերի ու հաղթական լուսաբացների։
Հայ ժողովրդիս…
Հայոց քաղաքական ճակատագրի պատմության բոլոր անցումներում, աշխարհաքաղաքական հարցադրումներում նույն կործանարար կուրսն են որդեգրած թե՛ ռուսները, թե՛ հայերը, թե՛ հայոց բոլոր թշնամիները՝ ի վնաս ու ի մեծ վտանգավորություն Հայոց, Արցախի պետականության անվտանգության և նրա կորստի…. Արդյոք ո՞ւր են տանում այս կործանարար, երիցս վտանգավոր ճանապարհները…
Հայե՛ր Հայոց աշխարհի, լեթարգիական քնից վաղուց սթափվել է պետք և անվրեպ գործել՝ տեսնելով անցյալի սխալները, դաս առնելով կատարվածներից, ձեռք բերելով գործելու և այն անխաթար առաջ տանելու այլ ռազմավարական ստրատեգիա և տակտիկա՝ շարժվելով զարգացող մեծ աշխարհի զարկերակին, ստանդարտներին համահունչ: Նաև՝ կարգախոս ունենալով երկիրը դեպի հզորացում, ռազմականացում տանող ծրագիր, այն արժանապատիվ ու առաջադիմական ռիթմով ուղղորդելու խիզախություն, համակարգը տնտեսապես, մշակույթապես, գիտությամբ բարձրացնելու խնդիր՝ հաստատված բոլոր կարգի զսպանակներից դուրս մեկնաչափով, մնալով հզոր, ինքնիշխան պետականություն ունենալու բաղձանքին հավատարիմ, այդ անբեկանելի մտահանգմանը՝ երդմնադիր, սպասվող վտանգների պահերին պահպանելով ազգային գաղափարակառույցից ելնող խիստ հրամայականները: