Եվս մի օր, և 2023 թվականը կթակի մեր դռները: Ի՞նչ զգացողություններով, ի՞նչ մտքերով ու ապրումներով ենք դիմավորելու, ի՞նչ ենք ասելու ինքներս մեզ և մեր ժողովրդին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Այս մտորումներով ակամայից թերթում էի գրասեղանիս վրայի արխիվային թղթերը, ու հանկարծ աչքս ընկավ մեր մեծերից մեկի՝ Արշակ Չոպանյանի ուղիղ մեկ դար առաջ՝ 1922-ին, Փարիզից Եգիպտոս Միքայել Կյուրճյանին գրած նամակի հայտնի տողերին. «Պոլիս, զուտ գեղարուեստի նուիրուած պատանութեան մը ու երիտասարդին առաջին տարիներու երանավէտ շրջան մը, օր մը հանկարծ փակեցի իմ կամքովս ու նետուեցայ Փարիզ՝ անօրինակ աղէտի մը մատնուած ազգիս դատին կրցած չափովս ծառայելու համար: Կկարծէի թէ վեց ամիսէն, մէկ տարիէն կը լուծուէր այդ դատը, և ես նորէն կը դառնայի իմ բնական կենցաղիս: Քսանյոթը տարի անցաւ անկից ի վեր, ու դեռ չէ լուծուած այդ հարցը, ու ես կը շարունակեմ ապրիլ կեանք մը, որ իմս չէ: Կը սիրեմ գործը, զոր կը կատարեմ, պարտականութեան զգացումը զիս կը զօրացնէ, կը սփոփէ, սիրտ կուտայ ինծի այս լուծը տանելու, բայց ի՜նչքան աւելի երջանիկ պիտի ըլլայի եթէ վերջապէս իրական, դրական, վերջնական արդիւնքի մը հասնէին այս խեղճ ազգին ա՜յնքան զոհողութիւններն ու ճիգերը, և ես կարենայի հանգիստ սրտով դառնալ գրականութեան, ինչ որ նորէն ազգին զորացմանը ծառայել պիտի ըլլար, աւելի քաղցր, նուազ դժնդակ, աւելի պայծառ ձեւով մը: Երանի՜ թէ մօտ ըլլայ այդ վայրկեանը: Հուսահատ չեմ ես: Կարելիութիւնները չեն սպառած մեզի համար: Ուժ քիչ ունինք դժբախտաբար, և չենք ուզեր կազմել ուժ: Մեծ մասամբ կ’սպասենք որ օտարը շինէ մեր տունը և մեզ հրաւիրէ, որ նեղութիւնը կրենք մէջը մտնելու»: Վերընթերցեցի նորից ու նորից, ու թվաց՝ հատկապես վերջին տողերի մեջ, մեծ մտածողը, հայրենասերն ու գործիչը թղթին է հանձնել հենց իմ ու մեզնից շատերի, արդի հավաքական հայի այսօրվա՛ զգացածը, ներկայի՛ խորհածն ու ապրածը, նաև որպես պատգամ եկող ժամանակներին ու սերունդներին՝ չհուսահատվել, տոկալ ու միասնությամբ «կազմել ուժ»՝ մեր տունը վերաշինելու, ամրացնելու, բազմաչարչար մեր ժողովրդին արժանավայել կյանքով ապրեցնելու համար…
Ուրեմն՝ հուսալի ակնկալիքներով և բարի մաղթանքներով մեր դռները բացենք Ամանորի՝ 2023 թվականի առաջ:
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ / ԽՈՍՔ ԱՄԱՆՈՐԻ
