Քսանմեկերորդ դարի սկզբին Ռազմավիրական ճանապարհն ավելի շատ ֆրանսիական կամ իտալական Ալպերով անցնող ճանապարհի է նման: Արդեն շատ վաղուց քեզ չի սպառնում, որ շրջակա երկնաբերձ լեռների փեշերի անտառներից կհայտնվեն չերքեզկա հագած աբրեկներն ու կթալանեն: Բայց ընդամենը մի քանի կիլոմետրի վրա, վրացական և ռուսական սահմանային մաքսակետերում արդեն ականատես ես լինում խիստ արտահայտված կոնտրաստների: Վրացական անցակետում քիչ է մնում մտածես՝ այս մարդիկ չափից ավելի են տքնում՝ անցուդարձ անողների մոտ դրական կարծիք ու տպավորություն ձևավորելու համար. այն աստիճան է ամեն ինչ լավ կազմակերպված: Անգլերեն վերտառությունների գոյության հիմնավորումն են շրջակայքի կատարյալ մաքրությունն ու առանց ավելորդ քաշքշուկների սահմանից անդին մարդկանց անցումը կազմակերպելը, սպասարկումը քաղաքավարի ու սիրալիր հրամցնելը:
Անցնում ենք ռուսական կողմը: Լարսը: Լա՛րսը… անհասկանալին, անըմբռնելին, անընդունելին ու դատապարտելին չափից դուրս շատ է: Եվ զգացումը, որ կարող է ունենալ մարդը, ով առնչվում է Լարսի անցակետին, կարող են լինել միայն հուսահատությունը, հիասթափությունը, բարկությունն ու ցասումը: Այստեղ կարծես ժամանակը կանգ է առել՝ ո՛չ օրենք, ո՛չ կարգուկանոն, փոխարենը՝ անհրաժեշտ ենթակառուցվածքների գրեթե իսպառ բացակայություն, ամենաթողություն, անիշխանություն ու անկազմակերպվածություն: Բայց սուրբ տեղը, ինչպես ռուսական առածն է վկայում, դատարկ չի մնում: Այստեղ կարգավորիչ դերակատարություն ունի միանգամայն այլ մոտեցում, այլ ավանդույթ, և գոգոլյան Չիչիկովի ժամանակներից, ինչպես երևում է, ռուսական մաքսային ծառայությունում շատ քիչ բան է փոխվել. ավելի քան քսանյոթ ժամերի ընթացքում, որ մենք անցկացրինք մաքսակետի մերձակայքում, բազմաթիվ մեքենաներ հերթից դուրս սպասարկվում էին՝ հեշտությամբ անցնելով մաքսակետը: Նրանց համար ճանապարհ էին բացում հարավօսեթական պետհամարանիշներով շքեղ երեք մեքենաները… Կարծում եմ, դժվար չէ կռահել՝ ինչի դիմաց (ականջիս հասան նաև սակագնի մասին խոսակցությունները՝ բավականին կլորիկ մի գումար): Ու ողջ այդ ժամանակահատվածում լուրջ մտահոգության տեղիք են նաև արտանետված գազերը, որ բոլոր կողմերից մատուցում են կամազները: Ո՞ւր կարող ես փախչել՝ քո մեքենան, որ տեղաշարժվում է ժամում հիսունից հարյուր մետր, մի քանի կիլոմետրանոց խցանման մեջ է: Ստիպված ես համակերպվել…
Առանձին թեմա են զուգարանները: Տեսնել էր պետք, թե ինչպես են կանայք ու երեխաները վախեցած ետ ցատկում՝ բացելով զուգարանների դռները: Որոշ բան էլ առկա էր ճանապարհի եզրերին, որ երևի թե մութ գիշերների ընձեռնած հնարավորության արդյունքն էր… Մինչդեռ երկիր ժամանող զբոսաշրջիկը տերության մասին տպավորություն է կազմում նաև զուգարանների վիճակից: Հավելեմ, որ մի քանի կիլոմետրանոց այդ տարածքն աչքի էր ընկնում խիստ աղտոտվածությամբ, ի տարբերություն, ի դեպ, վրացական հատվածի:
Մտնում ենք Կրասնոդար: Իսկույն աչքի է զարնում հայության ծանրակշիռ ներկայությունը: Լավոչկինի փողոցում ականատես ենք լինում հայ երիտասարդների ծեծկռտուքին՝ համեմված ռուսերեն ու հայերեն հայհոյանքների շիլաշփոթով: Ասեմ, որ իմ ողջ գիտակցական կյանքում ինձ անհանգստացրել է այն հանգամանքը, որ մեզնից շատերը դրսում ուղղակի կոլեկտիվ ատելություն են սերմանում հայության ու հայկական գործոնի նկատմամբ: Եվ այս մասին պետք է արդեն բարձրաձայնել:
Ադլերում ենք. պատկերացրեք, որ ցանկացած հասարակական վայր ու հիմնարկություն՝ տաքսապարկ, ավտոբուս (վերջիններիս վարորդները հիմնականում հայեր են), փոստ, խանութ, շուկա, կայարան, բանկ, զբոսայգի ու սրճարան մտնելուց ուղղակի կարող եք ասել հայերեն՝ բա՛րև ձեզ: Ուղղակի ապշեցնում է հայերի ներկայացվածության աստիճանը: Մյուս կողմից էլ խիստ տխրեցնում է այն իրողությունը, որ, մեծ հաշվով, հայկական գործոնի համար դա առոչինչ է. Չարենցի ասած՝ անղեկ, ցաքուցրիվ ու անգաղափար:
Ետդարձին՝ ոնց որ կառափնարան տանեին. չկարողացանք ինքնաթիռի տոմս գտնել և ստիպված էինք կրկին առերեսվել Լարսին: Ինչևէ, ավելի քան տասնհինգ ժամ սպասելուց հետո, երբ մոտենում էր մեր հերթը, նոր փորձություն՝ մաքսակետում հերթափոխ է, որ ձգձգվում է՝ մի աղջիկ սուրճ է խմում, մինչ կբարեհաճի աշխատել: Ինչո՞ւ չեք սկսում աշխատել հարցին ամբարտավանորեն պատասխանում է՝ երբ պետք լինի, այնժամ էլ կսկսեմ աշխատել: Մի ուրիշ թեմա էլ բեռնատարների հերթն է՝ տասնյակ կիլոմետրերով: Ու սա միանգամայն այլ թեմա է: Մեզ ասացին, որ առանձին դեպքերում նաև շաբաթներ է տևում նրանց սպասումը: Ու մտածում ես, որ այսպիսի անփութությունը նաև նկատելի տնտեսական հետևանքներ ունի և՛ Ռուսաստանի, և՛ նրա հետ համագործակցություն ունեցող պետությունների համար (հայկական գյուղմթերքի արտահանման խոչընդոտների մասին լսած կլինեք. նշեմ նաև, որ ճանապարհի եզրերին, որոշ տեղերում, փչացած միրգ էր թափված): Բայց մի՞թե արժե այդչափ անփույթ լինել հատկապես հիմա, երբ երկիրը պատժամիջոցների տակ է:
Մի խոսքով, այն դրական էմոցիաներն ու ապրումները, որ ունեցանք հանգստի օրերին, զրոյացան Լարսում անցկացրած երկար ժամերի ընթացքում: Իսկ դրսում քսանմեկերորդ դարն է…