– Միայն ժամը տասներկուսին կասեմ, թող անակնկալ լինի,- որոշեց անելիքն ու տաք ջեռոցից հանեց շիկացած թավան: Հազիվ հասցրեց վայր գցել սեղանին ու նետվեց դեպի գազօջախը, ուր վառվում էր տոնական ճաշը: Չէ՛, լավ վրա հասավ, չէր վառվել: Գորովանքով խառնեց ճաշը որպես շնորհակալություն ու կողք դրեց: Հարկավոր է սեղանն ազատել կուտակված մթերքից. խմորը գրտնակել է պետք սեղանի ողջ լայնքով: Կամ ավելի լավ է՝ կանաչին մաքրի, լվանա, հետո հավաքի սեղանը, որպեսզի այդ ընթացքում թաց կանաչեղենը ցամաքի: Ինչ ուզում է լինի՝ պետք է հասցնել հինգերորդ սալաթը կտրատել: Առանց սալաթների ի՜նչ ամանորյա սեղան: Վա՜յ, իսկ ի՞նչ ամանորյա սեղան առանց տոնական մոմերի… Բոլորովին մոռացել էր, այն դեպքում, երբ արդեն երեք անգամ դուրս էր եկել տարբեր գնումների: Նայեց ժամացույցին. հնարավոր է մոտակա խանութը տոնի կապակցությամբ շուտ փակվի: Դուրս պրծավ խոհանոցից, արագորեն ուսերին գցեց վերարկուն ու նետվեց դուրս: Քսան րոպե անց կրկին բարձրանում էր նույն հինգերորդ հարկը՝ մոմերը ձեռքին: Բախտը բերել էր, մոմերի համար ստիպված չէր եղել հեռու գնալ: Հազիվ թե իրեն առավել երջանիկ զգար, եթե վերադառնալիս գանձ գտած լիներ: Արագ բացեց դուռն ու նետվեց խոհանոց. այսուայն կողմ կիսաեփ ուտեստներ, սալաթի կիսակտրատած պարագաներ, խմորեղենի թխված շերտեր, կաթսաներ ու թավաներ էին: Մի պահ սիրտը նվաղեց. ինչպե՞ս էր այս ամենն ավարտի հասցնելու, հետո կարգավորելու ու մաքրելու: Բայց երբ պատկերացրեց ամանորյա գիշերվա իր տոնական սեղանը, նրբագեղ բաժակների զնգոցը, իր տոնական զգեստը, առավել եռանդով սուզվեց վերջ չունեցող գործերի մեջ: Ասես որոշել էր ինքը հալածեր աշխատանքին, նախքան աշխատանքը կհալածեր իրեն: Ինչ ուզում է լինի, պիտի հասցնի: Հարկավոր է մի քիչ էլ արագացնել աշխատանքի տեմպը: Ամեն բան պետք է լինի իդեալականորեն պատրաստ, կատարելապես ավարտուն, ու միայն այն ժամանակ, երբ սեղան կնստեն, կնայի ուղիղ իր սիրելիի աչքերին ու կասի նրան… Ամեն ինչ պետք է տոնական ու տրամադրող լինի: Միայն հաջողվի գործերն ավելի արագ անել, դեռ պիտի հասցնի իրենով էլ զբաղվել: Անպայման պիտի գեղեցիկ լինի: Նա ամենևին էլ այն կանանցից չէ, որոնք միայն խոհանոց ու բաղնիք մաքրել գիտեն, իսկ իրենք մնում են փնթի ու անխնամ: Եղունգները ամենավերջում կարգի կբերի, երբ այլևս գործ չի մնա անելու: Եվ ընդհանրապես, ինչպես դիմավորում ես Նոր տարին, այնպես էլ ողջ տարին է ընթանում: Հարկավոր է ամեն բան տեղը տեղին լինի: Խոհանոցից շուտ ազատվի, որ վերջապես հյուրասենյակի գորգն էլ մաքրի: Կահույքի փոշի՜ն… Թերևս ավելի ճիշտ կլինի գորգը հենց հիմա մաքրի. հանկարծ կարող է նա շուտ գա տուն, իսկ փոշեկուլի աղմուկը նա տանել չի կարողանում…
Արագությամբ անցավ հյուրասենյակ, հանեց փոշեկուլն ու անցավ գործի: Արագ շարժումներից, թե՞ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից մեջքի ուժեղ ցավ զգաց: Չընդհատեց. միևնույն է, պետք է վերջացնել: Կիսածռված մեջքով, հաղթական ավարտին հասցրած՝ անջատեց փոշեկուլի հռնդյունն ու մի կերպ քարշ տվեց իր տեղը: Խոհանոցում անցավ նստած գործի, որպեսզի այդ ընթացքում մեղմեր մեջքի ցավը: Լավ կլիներ՝ ոտքերը մեկներ, բայց դա ավելի ուշ՝ ժամը տասներկուսից հետո, երբ արդեն նստած կլինի: Դիզա՛յնը, պետք է մի քիչ նորություն մտցնել, ձևավորումը շատ կարևոր է, իսկ գեղեցիկ մատուցելն իր տարերքն է: Տեսնես ինչքա՞ն ժամանակ կպահանջվի ուտեստներն ու սեղանը զարդարելու համար…
Թխվածքը ջեռոցից հանելու ժամանակն է: Այսպես, գերազանց է ստացվել: Օ՞ֆ, էս ոտքերն ինչ են ուզում, է՜… Ոչինչ, հիմա դրա ժամանակը չէ: Կմնա կրեմ պատրաստելն ու շերտերին քսելը, չհաշված՝ զարդարելը: Երբ նա գա, առաջինը տորթը ցույց կտա. հաստատ կհավանի: Շատ լավ է: Նվե՛րը: Քիչ մնաց ամենակարևորը մոռանար: Ամենագեղեցիկ զարդարանքը հենց անակնկալն է: Անհապաղ հիմա է պետք փաթեթավորել, հո նրա ներկայությամբ չի՞ անելու: Օ՜, ի՜նչ հաճելի պահեր են սպասվում… Հետաքրքիր է, ինչպե՞ս ավելի լավ կլինի, նվերը տա մինչև՞ ժամը տասներկուսը, թե՞ տասներկուսը խփի, բաժակները զնգան, շնորհավորեն միմյանց, հետո՝ նվերը: Ավելի տպավորիչ կլինի՝ մինչև տասներկուսը խփելը, որոշվա՛ծ է: Վաղուց նման ռոմանտիկ երեկո իրար հետ չեն ունեցել՝ նրբագեղ բաժակներ, շամպայն, վառվող մոմեր… Ո՜ւխ, ինչ լավ է լինելու…
Անխոնջ մեղվի նման թռավ մյուս սենյակ, ավարտին հասցրեց ինչ-որ բան ու նորից հայտնվեց խոհանոցում: Աներևակայելի արագությամբ կլանում էր եղած գործն ու անցնում հաջորդին: Չհասցնելու խուճա՞պը, թե՞ ժամը տասներկուսը հանդիսավոր դիմավորելու ոգևորությունը ֆանտաստիկ արագությամբ ավարտին հասցրին գործերը: Լավ է, որ նա դեռ չկար: Է՛հ, ի՛նչ արած, գործի բնույթն է այդպիսին: Ավելի լավ, մինչև գա, իրեն արդեն գեղեցկացած կտեսնի՝ հարդարված, տոնական զգեստով: Չմոռանա բարձրակրունկ կոշիկներն իջեցնել վերևի պահարանից: Մեկ, երկու, չորս, հինգերորդ սալաթն արդեն կա, մոմերը նախօրոք կվառի, բենգալյան կրակները՝ տասներկուսից քիչ պակաս…
Այնուամենայնիվ որոշեց մի փոքր նստել, հանգստացնել ոտքերն ու մեջքը. «Տասը-տասնհինգ րոպեն լիուլի բավական է»,- մտածեց ու փլվեց հյուրասենյակի բազկաթոռին:
Բնակարանի դուռը շռնդալից աղմուկով բացվեց ու նույնքան աղմուկով փակվեց: Ուտեստների ախորժելի բույրը շոյեց տղամարդու հոտառությունը:
– Ոչ մի կերպ հնարավոր չեղավ շուտ պոկվել: Էս ի՜նչ համով հոտեր ես գցել,- կախեց կախիչից վերարկուն ու գլխարկը: Ձեռքերն իրար շփելով՝ արագ մտավ խոհանոց. կինն այնտեղ չէր, հետո լոգարան-զուգարան՝ այնտեղ էլ չկար: Ամենուրեք իդեալական մաքրություն էր:
– Սի՛-րե՜-լի՛ս, արագացրո՛ւ, շուտով տասներկո՜ւսն է,- քաղցրածոր երգելով՝ մտավ հյուրասենյակ, ուր տոնական սեղանը դեռ գցված չէր:
– Սիրելի՞ս,- ապշեց տղամարդն ու կանգ առավ… Սիրելիի հոգնած շնչառությունը միանգամայն անհաղորդ էր նրա կանչին, որովհետև բազկաթոռին կիսապառկած, գոգնոցը կապած՝ նա խո՜րը քնած էր…