Ադրբեջանի կողմից պատմության խեղաթյուրումները շարունակվում են՝ ավելի ու ավելի ընդարձակելով աշխարհագրությունը: Զուգահեռ, ավագ եղբոր հետ փորձում են իրենցով անել մյուս ժողովուրդների ստեղծած արժեքավորն ու երևելին: Վերջերս, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից լավաշն ընդգրկվեց համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում, Թուրքիայում և Բաքվում հերթական հակահայ վայնասունը բարձրացավ: Պարզվում է, լավաշը ոչ թե հայկական, այլ ադրբեջանական և թուրքական հաց է, նույնիսկ համատեղ բողոք են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի որոշ բաներ, այդ թվում և լավաշը, իրենց համատեղ մշակութային ժառանգությունը համարվի: Հավանաբար այս տրամաբանությամբ են թելադրված նաև ամենամեծ ազերիի` Ալիևի շարունակական հայտարարությունները, որ Երևանը, ինչպես և ողջ ներկայիս Հայաստանը, ազերիական պատմական տարածքներ են: Վերջին շրջանում, մեծավ մասամբ իսլամիզմի դրույթներով ուղղորդվող թուրք-ազերիական հավակնությունները գնալով ավելի ագրեսիվ և զավեշտալի դրսևորումներ են ստանում: Ամենացայտունն ու ցնցողը Էրդողանի «հայտնագործությունն» էր, իբր, Ամերիկան Կոլումբոսից առաջ իսլամիստներն են հայտնաբերել: Չափից դուրս հոգնեցնող զառանցանք, որպեսզի լուրջ ընդունվի, սակայն միջազգային հանրության արհամարհանքի լռությունը ավելի է ոգևորում սելջուկներին՝ ջուր լցնելով նրանց անլրջության ջրաղացին: Վրացական «Կվիրիս պալիտրա» թերթը վերջերս սկանդալային նյութ էր հրապարակել` երկրի ադրբեջանական դպրոցներում պատմության դասավանդման վերա- բերյալ՝ բացահայտելով ադրբեջանական դասագրքերում տարածաշրջանի պատմության խեղաթյուրումները: 8-րդ դասարանի դասագրքում ասվում է. «Վրացի ու հայ ֆեոդալները Բյուզանդիայի միջամտությամբ խաչակրաց արշավանքներ էին կազմակերպում թուրք-սելջուկների դեմ: Այդպիսով նրանք փորձում էին Կովկասից դուրս բերել մուսուլմանական գործոնը` մասնատելով ադրբեջանական հողերը: 1120 թ. Դավիթ 4-րդը հարձակվել է Շիրվանի վրա, թալանել Գաբալա քաղաքն ու դրա շրջակայքը, խլել է ադրբեջանցիների հարստությունն ու հեռացել, իսկ Թբիլիսին անցել է վրացիների ձեռքը»: «Պարզվում է, որ մինչև այդ Թբիլիսին ադրբեջանական քաղաք էր»,- ասվում է հրապարակման մեջ: Պրոֆեսոր Ջաբա Սամուշին էլ խոստովանել է, որ ոչինչ չի հասկացել այդ դասագրքերից. «Չէ՞ որ Ադրբեջանը, որպես պետություն, որպես երկիր, այդ ժամանակ գոյություն չուներ: Գրքում ներկայացված է Իրանի, մուսուլմանական էմիրությունների, Աղվանքի, Շիրվանի, մասնակիորեն Վրաստանի պատմությունը, և այդ ամենը՝ Ադրբեջանի պատմության ներքո»: Ինչ վերաբերում է հայերին, ապա այդ դասագրքի համաձայն, նրանք միայն 19-րդ դարում են հայտնվել Կովկասում, այն դեպքում, երբ նույն աղբյուրի համաձայն, 12-րդ դարում կռվել են մուսուլմանների դեմ: Բնականաբար, վրացիները շփոթմունքի մեջ են՝ ինչպես կարելի է Վրաստանի դպրոցներում դասավանդել այդ դասագրքերով, որոնք ոչ միայն առնչություն չունեն գիտության հետ, այլև վրացիների նկատմամբ ատելություն են հրահրում: Վրաց-թուրք-ազերիական ռազմավարական դաշնակիցներ լինելը, ինչը կողմերն ամեն առիթով շեփորահարում են, պարզվում է՝ թուրք-ազերիական հերթական բլեֆներից է, կրկնակի անգամ փաստելով, որ ատելության համար ծնվածն ու վարժվածը չի կարող ինչ-որ մեկի դաշնակիցը լինել, հարգել, առավել ևս՝ սիրել: Սրանով պիտի պայմանավորել, որ ազերիները, թուրքերից բացի, խնդիրներ ունեն բոլոր հարևանների հետ: Եվ որքան էլ հարևան երկրները փորձում են հաշտության եզրերը մոտեցնել, քաղաքակրթության դաշտ բերել, ազերիների ռազմավարությունը շարունակում է երկակիությունը, կեղծիքը, շողոքորթությունն ու սադրանքը մնալ, ինչն էլ թույլ չի տալիս նրանց հասկանալ, որ իրենց ամենաոխերիմ թշնամին իրենց ներսում է, և պետք չէ նրան այլ տեղերում փնտրել:
Կարդալ նաեւ․․․
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ / Հերմինե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Գրականությունը դարերի մեջ հայրենիք է կերտում, հայրենիքը՝ գրականություն: Մաշտոցի, Խորենացու,…
Սամվել ԿՈՍՅԱՆ / ՍԽԱԼՆԵՐԻ ՇՂԹԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՇԱՏ ԵՐԿԱՐԵԼ
Ադրբեջանի կառավարության վերջին նիստում Ալիևը կրկին փայլել է իր ռազմատենչ,…
ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՄ ՈՉԻՆՉ / Սամվել ԿՈՍՅԱՆ
Թուրքիայում գյուլենական պիտակով բռնությունների ալիքը գնալով նոր թափ է հավաքում:…