Ռուսաստանի ներգրավումը Իսլամակամ Պետության դեմ գործողությանը, դարձավ այն ազդակը, որը միջազգային հետաքրքրությունների սանդղակում կրկին առաջին հորիզոնական բարձրացրեց սիրիական ճգնաժամը: Անշուշտ, Ռուսաստանը միակ երկիրը չէ, որ համաձայնել է պայքարել ահաբեկիչների դեմ, սակայն, ինչպես նշում է Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Ժուռավլյովը, միակն է, ով դրա համար չհիմնավորված քննադատության է ենթարկվում: ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Կատարն ու Սաուդյան Արաբիան լուրջ մտահոգություն են հայտնել սիրիական հակամարտությանը ռուսական միջամտության` հատկապես Համա, Հոմս և Իլդիբ նահանգների ռուսական ռազմատիեզերական ուժերի հասցրած ռմբահարումների առնչությամբ: Անկարան դժգոհել է. որ Ռուսաստանը ռազմական գործողություններ է իրականացնում իր սահմանների մոտ, ինչի առիթով ծրագրում է հարցը քննարկել Պուտինի հետ: Բոլորի դժգոհության թիրախը նույնն է` ՌԴ-ն հարվածներ է հասցրել այն տարածքներին, որտեղ Իսլամական Պետության գրոհայիններ չեն եղել: Սիրիայի ընդդիմադիր ուժերը նույնպես մեղադրել են ՌԴ-ին՝ իրենց ճամբարների վրա հարձակման և Հոմս քաղաքի խաղաղ բնակչության շրջանում զոհվածների համար: Մինչդեռ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի կարծիքով. «Քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածներ չեն հասցվել և՝ մանավանդ այն շենքերին, որտեղ կարող էին խաղաղ բնակիչներ լինել: Այնպես որ, իրենց գործողությունների վերաբերյալ լրատվամիջոցների որոշ հաղորդագրություններ հավաստի չեն, մասնավորապես՝ քաղաքացիական շրջանում զոհերի մասին տեղեկատվությունը»: Իրականությունն այն է, որ ռազմական գործողություններին զուգահեռ, գնալով առավել ազդեցիկ է դրսևորվում տեղեկատվական պատերազմի զինանոցը, երբ կողմերը փորձում են խեղաթյուրել ակնհայտը և ինչպես թղթախաղում, դիմացինի նկատմամբ գերակայության միջոց ընտրել բլեֆը: Նման պարագայում դժվար է կռահել, թե ում նժարին է ճշմարտությունը: Մոսկվան սիրիական դեպքերը դիտարկում է Ասադի և քուրդ աշխարահազորայինների պատերազմ ահաբեկիչների դեմ, երբ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն աջակցում են ընդդիմությանը, անջրպետ, որն առայժմ կողմերին չի հաջողվում հաղթահարել: Չափազանց շատ միջոցներ են ծախսվել, այսպես կոչված, չափավոր ընդդիմություն ձևավորելու համար, որի նպատակը Ասադին գահընկեց անելն էր, և դժվար է հաշտվել, որ ձեռնարկը ձախողվել է, ավելին, որ հենց սիրիական չափավոր ընդդիմությունն է դարձել այն նախաբջիջը, ումից ծնունդ են առել գրոհայինների խմբավորումները, որոնց դեմ ուզում, բայց դեռևս չգիտեն՝ ինչպես պայքարել: Սա է պատճառը, որ փոքր-ինչ փոխվել է նաև ԱՄՆ-ի՝ Ասադին գահընկեց անելու դիրքորոշումը, հաշվի առնելով, որ «Ասադի անմիջապես հեռացումը կարող է պայթյուն առաջացնել, որը կզրկի երկրին և նրա քաղաքացիներին խաղաղ կյանքից», թեև, ըստ Ջոն Քերիի, Սիրիայի նախագահի հետ հետագա համագործակցությունը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Մինչդեռ Մոսկվան, հաշվի առնելով Սիրիայի ներկայիս ներուժը, որը անկարող է երկու ճակատով պայքարել, զուգահեռաբար շարունակում է հարվածներ հասցնել նաև ընդդիմության հենակետերին, այն պարզ տրամաբանությամբ, որ դրանից հետո ավելի հեշտ կլինի պայքարել ԻԼԻՊ-ի դեմ: Առայժմ կողմերը միևնույն նշակետին տարբեր կողմերից են մոտենում, և բանակցություններում իշխողն անվստահությունն է, թեև բոլոր կողմերն էլ գիտակցում են, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում հակասությունների հետագա խորացումը զուրկ է ապագայից:
Կարդալ նաեւ․․․
Հայ գրողը հարց է ուղղել Վլադիմիր Պուտինին Ուղիղ գծի եթերում
«Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար…
Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ
ԱՂՈԹՔԻ ԲԵԿՈՐՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՀՈՐ (օր երրորդ) Օրը օրին անընդմեջ…
Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ
Ի՛նչ թաքցնեմ, անունը հենց առաջին պահից դուրս չեկավ… կորոնավիրուս:…
