ԱՇՈՏ ՔԵՐՈԲՅԱՆ

Աշոտ ՔերոբյանՀայաստանի գրողների միությունը, «Գրական թերթ» և «Նորք» հանդեսի խմբագրությունները սգում են բանաստեղծ, «Նորք» հանդեսի աշխատակից Աշոտ Քերոբյանի մահը և ցավակցում ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին:

Առավոտ շուտ զանգեց Ռոլանդ Շառոյանը և առանց «բարիլույսի» փորձում էր մի բան ասել: Հասկացա, որ գույժի լռություն է: Եվ ցավալիորեն այդպես էր: Հանկարծակի մահացել էր մեր վաղեմի ընկեր, բանաստեղծ Աշոտ Քերոբյանը, որին բոլորը իր ծննդականի անունով էին շարունակում կոչել` Շոթա:
Աշոտ Քերոբյանը կյանքը ապրեց թվացյալ թեթևությամբ, որի մեջ կար բանաստեղծական չպարտադրող թրթիռ: Ինքը բանասեր չէր, մաթեմատիկոս էր: Թվերի և բառերի միասնականությունը Շոթայի էությանը հաղորդում էին փիլիսոփայական զվարթ գոյակերպ: Հումորը նրա էության անբաժանելի մասն էր: Այն մարդկանցից էր, որ երբեք խմբագրությունների դռներ չէր ծեծում, իր գրածները ժամ առաջ տպագրված տեսնելու մարմաջ չունեցավ երբեք: 60-ականների սերնդից էր, տպագրվել է «Գարուն» ամսագրի առաջին համարներում, սակայն հետագայում երկար տարիներ իրեն դուրս էր դրել գրականության ասպարեզից: Ու չդարձավ շուրջգրական դեմք: Աշխատել է Ազգային գրադարանում` փոխտնօրեն, ինչպես նաև «Ծիծեռնակ», ապա և` «Նորք» ամսագրերում: Տարիներ անց հրատարակեց կյանքում իր միակ գիրքը «Անապատ առանց օազիսի» վերնագրով: Նրան ճանաչելով՝ պիտի ասեմ, որ գիրքը կարող էր վերնագրել իր պատկերի համաձայն` «Օազիս առանց անապատի»:
Նրա մեկսենյականոց բնակարանը սերնդակիցների համար խոսքի, խաղի (սիրում էր շախմատ խաղալ) հավաքատեղի էր: Գրքի դարձերեսին երջանկահիշատակ տաղանդավոր նկարիչ Վիգեն Թադևոսյանի գծանկարն է` Շոթայի դիմանկարը: Եվ չեմ կարող չհիշել այն երեկոները, որ մենք երեքով` Աշոտը, Վիգենը և ես, երկար ժամեր ենք անցկացրել: Դրանք իմ կյանքի լավագույն պահերից էին: Աշոտն իր երկայն հասակով ինձ հիշեցնում էր Դոն Կիխոտին, և ես նրան կոչում էի Դոն Կիշոթա: Այդպես էր նրա հոգին` պարզ, անմիջական, մարդկային ու բարի: Այդպես էր նրա գիրը: Այս ժողովածուն վկայում է մի բան` մարդը կարող է ապրել իբր գրականությունից դուրս, բայց գրականության միջուկում: Եվ պարտադիր չէ ծածանել բանաստեղծ լինելու հանգամանքը: Պարզապես լինում են բանաստեղծ:
Գրքի վերջին բանաստեղծությունը վերնագրված է «Անհրաժեշտ դադար»: Այդ դադարը բոլորին է սպասում: Եվ այդ բանաստեղծության առաջին տողը` «Երբ չեն գրվի այլևս լավ բանաստեղծություններ», կարծում եմ, գրվել է այն հավատով, որ միշտ էլ կգրվեն լավ բանաստեղծություններ:
Աշոտ Քերոբյանի մարդկային և գրական կյանքը դա են ապացուցում: Հոգին դուրս արած մարդու լավագույն կերպարներից էր, որին ես բարեբախտաբար հանդիպել եմ:
Գնաս բարով, ջանս (քո սիրած բառը քեզ եմ վերադարձնում ընդմիշտ):

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

Այսքան տարիների մտերմության մեջ մի անգամ, գոնե մի անգամ չլսեցի նրա փնթփնթոցը կյանքից, տարիքից… Բոլոր տարեցներիս նման, նրա թե՛ քայլքն էր դանդաղել, թե՛ լսողությունը խցանվել և թե՛ տեսողությունը աղոտացել: Բոլոր տարեցներիս նման, նա նույնպես վաստակել էր արժանապատիվ ծերություն վայելելու իրավունքը, բայց մեզանում, ցավոք, այս իրավունքը թեև հռչակված է, սակայն նրա իրացումը դեռևս հորիզոնի այն կողմից է ծիկրակում: Եվ այս հեռավորությունը, թե՞ անորոշությունը խթանում է համատարած փնթփնթոցը: Բոլորս ենք փնթփնթում և՝ ոչ միայն տարեցները… Շոթան (ընկերական շրջանակում այսպես էինք կոչում Աշոտ Քերոբյանին) չէր փնթփնթում, թեև ինքը դրա իրավունքն ավելի ուներ: Իր սրամտությամբ, յուրահատուկ հումորով նա նոսրացնում էր մեր փնթփնթոցի թանձրությունը` առօրյան դարձնելով ավելի տանելի: Նա մեզանով ավելի էր տարված, քան մենք` իրենով: Նա մեր հոգսերով ավելի էր մտահոգ, քան մենք` իր: Նա իր մասին կա՛մ չէր պատմում, կա՛մ պատմում էր հումորով` քեզ ակամա ազատագրելով իր հոգսերին մասնակից լինելուց: Նա կարդում էր գրեթե ամեն ինչ, նրան հետաքրքրում էր ամեն ինչ` գիտություն, մշակույթ, սպորտ, գրականություն… Արտակարգ հիշողության շտեմարանում կուտակածն այնպիսի թեթևությամբ էր մատուցում, որ հաճախ քեզ թվում էր՝ դու ես այդ գիտելիքների տերը:
Անցյալ դարի 60-ականներին, երբ աշխատում էի «Ավանգարդ» թերթում, Աշոտ Քերոբյան անունը առանձնանում էր երիտասարդ բանաստեղծների շարքում: Սևակյան շունչը, թե՞ ժամանակի խրախուսանքը նորարարության էր մղել շատերին, և նրանց մեջ էր նաև Շոթան: Հետո լռեց, ինձ թվաց՝ հեռացավ գրականությունից: Անհարմար էի զգում խոսել այդ հարցի շուրջ: Սակայն մի երկու տարի առաջ, երբ այսուհանդերձ հետաքրքրվեցի, մի քանի բանաստեղծություն բերեց «Նորք»: Հետո էլի բերեց: Բանից պարզվեց՝ ծպտյալ բանաստեղծ է: Մի կողմից ես ու Ֆելիքս Մելոյանը, մյուս կողմից, պարզվեց, Ռոլանդ Շառոյանը, հորդորեցինք գիրք կազմել: Եվ ահա, մի երկու ամիս առաջ լույս տեսավ նրա «Անապատ առանց օազիսի» գիրքը, և մեր առջև բացվեց նրա կյանքի այն երեսը, որ հմտորեն թաքցնում էր մեզանից: Այս գիրքը, համոզված եմ, չի վրիպելու ո՛չ ընթերցողների և ո՛չ էլ գրականագիտական աչքից և դեռ զարմացնելու է շատերին` իր ծածուկ մասնակցությամբ ժամանակակից պոեզիայի ընթացքին՝ մաքուր պոեզիայի: Եվ կրկին առանց փնթփնթոցի:
Երբ չեն գրվի այլևս լավ
բանաստեղծություններ,
Հիշիր, որ մի օր երազել ես այդ պահը,
Որը քեզ կտանի ժամանակի միջով
Դեպի վայելքները, դեպի վայելքները:
Ահա ծառը այնժամ,
որ պատկեր չէ այլևս,
Ահա մի բարեկամ, որ կերպար չէ այլևս,
Ահա մի աղջիկ, սովորական մի աղջիկ,
Որին խոստանում ես սերդ՝ առանց
ավելորդ տառապանքի:
Հետո լռելյայն բարձում ես
գաղտնիքներդ
Քեզ հեռացնող ուղտերի վրա
Եվ մեկնում ես ընդմիշտ,
առանց հիշատակի:

Ռուբեն ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։