ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է
մանկագիր
ՆՈՒՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ
ծննդյան 75-ամյակի
առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
ԱՍՏԾՈ ԲՈՂՈՔԸ
– Վերջապես բավակա՛ն է,- զայրացած բացականչեց Աստված և ձեռքը այնպես խփեց սեղան-ամպին, որ տիեզերքում ահավոր որոտ բարձրացավ: Ամեն բան իրար խառնվեց:- Բավակա՛ն է, էլ չեմ դիմանում:
Ապշահար հրեշտակները շրջապատեցին Աստծուն:
– Ի՞նչ է պատահել, Տեր Աստված, ինչի՞ն չեք դիմանում:
Աստված հոնգուր-հոնգուր լալիս էր և ոչ մի կերպ չէր հանդարտվում:
Իսկ Աստծո աղիողորմ լացից անձրևներ տեղացին: Երկինք ու Երկիր խառնվեցին իրար: Բժիշկ էլ չկար, որ գար և ինչ-որ կերպ հանգստացներ Աստծուն: Երկնքում ի՞նչ բժիշկ:
Եվ բոլորը սպասում էին, որ Աստված հանդարտվի, որ մի բան հասկանան: Հասկանան, թե ի՞նչ է պատահել Աստծուն:
Այդպես էլ եղավ: Աստված լացեց, հանգստացավ, և երբ արտասուքի վերջին հետքերը չորացան, հրեշտակապետն ասաց.
– Տեր Աստված, դե պատմեք, ո՞րն է ձեր վիշտը: Ինչո՞ւ եք այդպես դառնացել:
– Չե՞ք տեսնում, ինչ է կատարվում Երկրի վրա: Արժան-անարժան իմ անունն է տալիս: Ժողովրդին թալանում ու թալանելով եկեղեցի են կառուցում իրենց տներին կից: Ցերեկը մեղքեր են գործում, գիշերը՝ գալիս եկեղեցի, մեղքերի թողություն են խնդրում: Ես արդեն չգիտեմ` ո՞ւմ թողություն տամ, ո՞ւմ պատժեմ, որի՞ն դրախտ ուղարկեմ, որի՞ն` դժոխք: Ես արդեն մոլորվել եմ…
– Տեր Աստված, եկեղեցի են կառուցում, թող կառուցեն: Մի՞թե դա վատ է,- զարմացավ հրեշտակապետը:
– Ո՞նց թե,- իր հերթին զարմացավ Աստված:- Եթե եկեղեցի կառուցողը հավատացյալ լիներ, կհասկանայի: Բայց երբ գողն ու ավազակն է կառուցում… Ինչ է, փող ծախսելու քի՞չ տեղ կա: Երկրում այդքան որբ, աղքատ ու անտեր… Թող բարելավեն մանկատները, ծերանոցները, օգնեն թշվառ ու սոված ծերերին, միայնակներին: Խոսում ու գոռում են աղքատությունը վերացնելու մասին: Դրանից լավ առի՞թ: Թող օգնեն, բաժանեն… թե չէ` եկեղեցի են կառուցում: Կարծում են՝ ինձ դրանով կխաբեն կամ կկաշառե՞ն: Չէ՞ որ նրանց արածը սրբապղծություն է, սրբապղծություն…
– Դե… դա սատանան է նրանց ղեկավարում:
– Սատանա՜ն, սատանա՜ն:- Աստված հուսահատ թափ տվեց ձեռքը:- Ախր, էս խարդախ մարդիկ սատանայից էլ անցան: Ես արդեն չգիտեմ` ո՞րն է մարդը, ո՞րն է սատանան: Էլ չեմ տարբերում իրարից: Ես ի՞նչ անեմ, ո՞նց անեմ, մի տեղ էլ չկա, որ կորչեմ, գնամ: Բա էսպես ապրել կլինի՞…
Աստված նորից արտասվեց:
Իսկ Երկրի վրա սրբապիղծ մարդիկ դեռ շարունակում են եկեղեցիներ կառուցել…
ԶՐՈՒՅՑ
Հանդիպեցի ծանոթ կնոջ: Զրուցեցինք դեսից-դենից: Մեկ էլ հարցրեց.
– Էլի գրքեր տպո՞ւմ ես:
– Այո՛, երկու-երեք տարին մեկ տպում եմ:
– Քանի՞ հատ տպած գիրք ունես:
– Արդեն վեցը, երկուսն էլ ընթացքի մեջ են:
– Բանաստեղծություններ տպո՞ւմ ես:
– Չէ՛, դեռ արձակ գործերս եմ տպում: Պոեզիան` հետո:
– Արձակը ի՞նչ է:
Զարմացած նայեցի.
– Դե, պատմվածք, հեքիաթ, վիպակ, վեպ…
– Գիտե՞ս, ես էլ եմ ուզում տպվել:
– Է, տպվիր,- քթիս տակ ծիծաղեցի:
– Գրողների միության անդա՞մ ես:
– Վաղուց:
– Իսկ Գրողների միության անդամ ո՞նց են դառնում:
– Դե, պետք է ունենաս երկու տպված գիրք: Ցանկալի է, որ մամուլում էլ ունենաս տպագրված գործեր:
– Մամուլն ի՞նչ է:
– Թերթերը, ամսագրերը…
– Ուրեմն, երկու գիրք, թերթերում, ամսագրերում տպագրվածները տանում եմ, հանձնում ու դառնում եմ Գրողների միության անդամ:
– Չէ՛, միանգամից չես դառնում: Գործերը հանձնում ես համապատասխան հանձնաժողովին: Կարդում են, քննարկում, և եթե գործերդ արժանի են համարում, նիստ են հրավիրում, քննարկում, անում համապատասխան եզրակացություն և…
– Հա՛, էդ դժվար է: Իսկ գիրք տպելը դժվա՞ր է:
– Դե, ի՞նչ ասեմ…
– Բա լավն ու վատը ո՞նց են ջոկում:
– Հանձնաժողովներում մասնագետներ են: Եթե նրանք էլ լավն ու վատը չջոկեն, էլ ո՞վ պիտի ջոկի:
– Ես որ հիմա գործերս տանեմ էդ քո ասած մամուլը, կտպե՞ն:
– Ի՞նչ ասեմ: Ինձ որ չի հաջողվում: Ինչ տանում եմ` մերժում են:
– Բախտի բան ա՞:
– Չգիտեմ: Իմ բախտը էդտեղ չի բերում:
– Հիմա որ ես տանեմ, կտպե՞ն:
– Իսկ դու ի՞նչ ես գրում:
– Պատմվածքներ:
– Արի պայմանավորվենք էսպես` մի երկու գործ բեր, կարդամ, որ քեզ որոշակի բան ասեմ: Թե չէ այսպես, ոտքի վրա ես ի՞նչ կարող եմ ասել:
– Չէ՛, ես դեռ չեմ գրել: Նոր պիտի գրեմ:
– Դե լավ, գրի: Երբ վերջացնես, բեր,- ասացի, հրաժեշտ տվի զրուցակցիս ու շտապ հեռացա:
Բա՜, այսպես էլ է լինում…
ԿԿՈՒՆ
Կկու – Կու-կու-կու-կու…
Հեղինակ – Օ, կկուն կանչեց, դա նշանակում է, որ արդեն գարուն է, այո՞, կկու:
Կկու – (ուրախ): Կու-կու-կու-կու…
Հեղ.- Ախ, թե իմանաս, ինչքան եմ սիրում քեզ ու քո կանչը…
Կկու – Կու-կու…
Հեղ.- Հետաքրքիր է, սոխակի երգը հմայում է, արտույտինը` ոգևորում, ականջ շոյում, տանում իր հետ` երկինք, իսկ քո «կու-կու»-ն հավատով է լցնում, ուրախությամբ, գարնան ուրախությամբ…
Կկու – (շնորհակալ): Կու-կու-կու…
Հեղ. – (չարաճճի): Կկու, ասում են` քանի անգամ «կու-կու» կանչես, այդքան տարի կապրեմ: Դե ասա, ինչքա՞ն է ինձ մնացել ապրելու:
Կկու – Կու-կու-կու-կու-կու-կու…
Հեղ. – (ծիծաղելով): Չէ՛, կկու, դու շաղակրատում ես, այնքան շատ «կու-կու» կանչեցիր, ես այդքան չեմ ապրի:
Կկու – (համոզված): Կու-կու-կու-կու…
Հեղ.- Իսկ, ասում են, հնում, երբ տանը ծանր հիվանդ էր լինում ու դու սկսում էիր կանչել, հիվանդին դուրս էին հանում տնից, որ նրա կյանքը մի քիչ էլ երկարի…
Կկու – (հաստատուն): Կու-կու…
Հեղ.- Հետաքրքիր է, քեզ մեղադրում են, որ դու մայրություն չես անում, քո ձվերը դնում ես ուրիշի բնում, ամուսինդ էլ օգնում է քեզ, շեղում բնի տերերին, որ դու հանգիստ ածես քո ձուն, ու միասին փախչում եք…
Կկու – (տխուր): Կու-կու…
Հեղ.- Տեսնում եմ, զղջում ես, ափսոսում, գուցե և՝ ցավում: Հավանաբար կուզենայիր մայրություն ապրել` մաքրել քո ձագերին, դարսել նրանց փետուրները, զգալ փոքրիկների սրտի տրոփյունը, կերակրել նրանց: Չէ՞ որ մայրությունը շատ մեծ ազդակ է երջանիկ լինելու համար:
Կկու – (լացակումած): Կու-կու…
Հեղ.- Հա՛, հասկացա: Դու ուրիշ առաքելություն ունես, զբաղված ես մարդկանց լավություն անելով, գարուն բերելով: Մայրություն անելու, մայրություն վայելելու համար ժամանակ չի մնում…
Կկու- (տխուր հաստատելով): Կու-կու…
Հեղ.- Ոչինչ, կկու, դու այնքան բարություն ես անում կյանքում, որ քեզ կարելի է ներել: Վերջապես, թող ուրիշներն էլ զբաղվեն քո ձագերով…
Կկու – (կասկածանքով): Կու-կու…
Հեղ.- Ասում են, երբ աղվեսը գողեգող մոտենում է բացատում քնած նապաստակներին, և դու դա տեսնում ես, այնպիսի տագնապ ես բարձրացնում, արթնացնում քնածներին, որ նրանք մազապուրծ են լինում աղվեսի ճանկերից:
Կկու – (հպարտ հաստատելով): Կու-կու…
Հեղ.- Երբ տեսնում ես ճուտիկների գլխավերևում սավառնող արծվին, նույնպես տագնապ ես դնում, և թխսկան հավը անմիջապես հավաքում ու թաքցնում է իր ճտերին:
Կկու – (հպարտ): Կու-կու…
Հեղ.- Երբ եղանակը անսպասելի վատանում է, դու ազդարարում ես, և անտառի բնակիչները փախչում, թաքնվում են:
Կկու – (հպարտ): Կու-կու…
Հեղ.- Երբ օձը սողում է ծառն ի վեր` դեպի թռչունների բները, տագնապում և առաջինն ես հարձակվում օձի վրա:
Կկու – (հպարտ): Կու-կու…
Հեղ.- Երբ հարսանիք է լինում, մարդիկ ականջները սրած սպասում են քո կանչին, համարելով, որ քո կանչը երջանկություն կբերի նորապսակներին…
Կկու – (ուրախ): Կու-կու…
Հեղ.- Տեսնո՞ւմ ես, կկու, ինչքան ես բարի: Ես դիտմամբ եմ թվարկում քո բարեմասնությունները, որ մարդիկ իմանան և բարի աչքով նայեն քեզ, բարի ականջով լսեն քեզ, բարի խոսքով խոսեն քո մասին և քո մեջ չտեսնեն ուրացող մոր:
Կկու – (շնորհակալ): Կու-կու-կու…
Հեղ.- Դե, ուրեմն, կանչիր, կկու, գարուն բեր, կկու: Իսկ գարունը նշանակում է լույս, արև, ծաղկունք, կյանք, երջանկություն, կանչիր, կկու, գարուն բեր, կկու, բարություն բեր, կկու…
Կկու – (ինքնամոռաց): Կու-կու-կու-կու…