Ի՛Մ ԵՐԿՐԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

Վառլեն-ԱլեքսանյանԵՐԲ ՏԱՆՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՐԳԻՆ Է

Վառլեն ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ով չի երազել իր երկրի անկախության մասին, կարելի է ասել, որ նա ընդհանրապես երազանք չի ունեցել: Դա շատ լավ գիտեն այն մարդիկ, ովքեր մի քսանհինգ տարի առաջ դրա համար եթե չեն էլ պայքարել, գոնե ամբողջ սրտով ցանկացել են, որ մեր երկիրն անկախանա: Ու այս վերջին անկախությունից հետո էլ տագնապել ենք, որ այդ բաղձալի վիճակը հանկարծ չլինի այնքան կարճատև, ինչպես մի քանի անգամ եղել է մեզ հետ: Եվ, փա՛ռք Աստծու, այս անգամ կարծես հիմնովին ենք անկախացել: Սակայն սա դեռ մեր երազանքի անկախությունը չէ: Որովհետև, գաղտնիք չէ, որ շարունակ մտածել ենք՝ տաղանդավոր ժողովուրդ ենք, և եթե ենթակա չլինենք, ապա կարող ենք գոնե մեր գլխի տերը լինել: Համենայնդեպս, անկախությունը սոսկ հռչակագիր չէ, որտեղ ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծման խնդիր է դրվում միայն թղթի վրա: Իսկ իրական անկախությունը, որ հիանալի շարադրված է ՀՀ Անկախության հռչակագրում, դեռ հուսատու բառերից ու տեքստից գործի վերածվելու խնդիր ունի: Բացատրելու համար մի կարճ զեղում թույլ տամ:
Երբ տանն ամեն ինչ կարգին է, հարց չի առաջանում, թե ինչպիսին կուզեիր, որ լիներ այն: Երբ ինչ-որ բան այնպես չէ, փորձում ես արագ լուծել խնդիրը, որպեսզի հետո ծանր հարց չդառնա, ու տնեցիները հանգիստ ապրեն: Երբ երկրումդ շատ ու շատ բաներ լավ են, ու առանձին բաներ քո սրտով չեն, մտածում ես՝ ոչինչ, մի օր էլ այդ մանր-մունր թերությունները կվերանան, քանի որ, ինչպես ռուսն է ասում՝ Մոսկվան էլ միանգամից չի կառուցվել: Բայց երբ երկրումդ միայն մանր-մունր լավ բաներ կան, մտածում ես. «Աստվա՛ծ իմ, էլի էս կյանքը չհերիքեց մի բան անելու համար»: Չի հերիքում, որովհետև լավն ուզողները շատ են, բայց՝ անզոր, իսկ զորեղ քչերն էլ, որ և՛ պետական պաշտոնների տերերն են, և՛ մասնավոր միջոցների, առանձնապես չեն շտապում: Նրանք յոթ պարսպի հետևում իրենց իրական դրախտը սարքել ու միամիտներիս վրա, ովքեր տեսական անհեթեթ խոսակցություն են սկսում աստվածաշնչյան ենթադրական դրախտի հավանական տեղը պարզելու համար, սրտանց ծիծաղում են: Դե, իհարկե, մեզ մնում է բավարարվել այնքանով, որ մեր հանճարեղ մտքի ծնունդ մի քանի օտարերկրացիներ, ում մենք հավիտենական երախտիքի խոսքով ենք հիշելու, գրավոր հաստատում են, որ դրախտն իր եդեմական այգով գտնվել է մեր սրբազան հողի վրա, ինչի հիման վրա էլ մենք պարտավոր ենք սերնդեսերունդ որոնել մեր հասանելիք դրախտը: Եվ եթե հանկարծ չգտնենք, ուրեմն լիովին անկախ ենք ինքներս ստեղծելու մեր դրախտը: Միայն թե առայժմ ո՛չ այդ անզուգական վայրը շուտափույթ գտնելու նշաններն են երևում, ո՛չ էլ մեր ձեռքով ստեղծելու ցանկությունը կա:
Հիմա նորից դառնանք մեր անկախությանը, որը դեռ գաղափարական սաղմի փուլում է: Նորից փա՛ռք Աստծու, որ իրավականորեն անկախ ենք: Մնում է փաստականը, այսինքն՝ մարդիկ համոզվեն, որ մեր երկիրն այլևս ոչ միայն ոչ ոքի չի ենթարկվում, այլև նրա վրա ճնշումներ չկան: Ավելին, անկախությունը նաև բարեկեցիկ կյանք է, օրինականություն, բարոյականություն և, վերջապես, ազատություն է, որից մեզ բաժին է հասել ընդամենը ուշադրու­թյան չարժանացող խոսքի ազատությունը:

ՀռիփսիմէՍԱ՞ Է ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

ՀՌԻՓՍԻՄԷ

Վերարկուն չես կարող հակառակ երեսով հագնել: Շրջված սեղանին ոչինչ չի դրվի, ձևը կխանգարի էությանը: Ինձ համար անկախությունը գրեթե նույն վերարկուն է, նույն սեղանը: Երկուսն էլ շրջվելու կարիք ունեն: Այն գաղափարախոսություն է, քիմքին օտար համ, որը պատառ-պատառ պիտի ըմբոշխնվի: Ով մոտ է կանգնած իր դանակ-պատառաքաղով՝ կարողացավ տեղավորվել: Իսկ կաթսայի հետևում կանգնածները զգացին միայն մատուցվելիքի բույրը:
Ինձ համար, որ վանեցու թոռ եմ, անկախությունը նաև չհարմարվող մի հանդերձ է, որքան էլ փորձեցի հպարտորեն կրել, գեղեցկացնել՝ չստացվեց… Մեկ լայն էր լինում վրայովս, մեկ՝ նեղ, մեկ կարճ էր, մեկ էլ՝ երկար: Ես գիտեի ներքուստ, որ այն վերաձևման կարիք ունի, բայց վախենում էի մկրատը մոտեցնել հանդերձին: Համոզված էի, որ այլևս ընդունելի չի լինելու, չէի ուզում կորցնել այն, քանզի ծաղիկներ էի ասեղնագործել ցեցակիր տեղերին:
Հարմարվողի հանդուրժողականությունը ստիպում էր հիշել, որ վաթսուն աստիճան հատելուց հետո աշխատում ես հայելու մեջ քիչ նայել:
Եկել է առողջ, հակասական, խելացի, անտարբեր, ինքն իրեն ժխտող, անհեռա­նկար մի երիտասարդություն: Արդեն նա է դրության տերը. ես ափսոսում եմ, որ այսպիսի երկիր ենք թողնում նրանց, որտեղ կայացման դաշտը ամուլ է, շախմատի ֆիգուրները ուրիշ կանոններով են խաղում, և փախուստը երկրից դառնում է երազելի: Արվեստը չի կրթում հոգին, մշակույթը մնում է վարագույրի ետևում, փակվում են գրախանութները՝ իրենց տեղը զիջելով առավել շահութաբերի: Անվճարունակ հիվանդն ինքնաբուժությամբ է զբաղվում: Օրեցօր աճում են գները, և սպառողական զամբյուղը աղքատության խոր­հրդանիշ է, ուր հզորների խրախճանքն է և թույլերի թշվառությունը: Որտեղ թոշակառուն զարմացած նայում է իր տարեկից զբոսա­շրջիկներին, իսկ մականունները նորանում են: Դղյակները մրցում են իրար հետ, ավելանում են «մեղքերը քավող» եկեղեցիները: Խաղատները պճնասեր ու կանչող կանանց պես օր օրի շքեղանում են դրսից: Երկփեղկված հասարակությունը կորցնում է օրվա ճանապարհի իր քարտեզը, ծրագիրը: Ինքնասպանություններն այլևս չեն զարմացնում, և մարդու կյանքը չունի գին: Հարցերն անպատասխան են մնում, բայց այս մեկն արժե մատնանշել.
– Սա՞ է անկախությունը:

Շանթ ՄկրտչյանԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ… ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ

Հովհաննես Թումանյան մոլորակային երևույթը մանուկ տարիքից մինչև օրս զարմացնում է ինձ ու նոր երկինքներով բացվում: Նա իրեն քամեց մեր հայրենիքի ամենաընդգրկուն չափումների համար՝ իր փիլիսոփայության նպատակն ունենալով Ազատությունը, այնպիսին, որ չարչարանաց ուղին անցկացնում է վերերով և մարդուն պահում տեսադաշտում: Խաղաղ խոհականության ժամերին, թվում էր, ազնիվ ընդվզման արդյունքը շոշափում ենք, այն՝ այլևս մասն է մեր շնչառության, ռիթմի, ազգային-քաղաքացիական ըմբռնումների:
Ազատությունը՝ հոգևոր տեսիլը, մնաց մեր ներսում, բայց կապկպված լիլիպուտների թելերով, ճոպաններով, շղթաներով… մանր ու մեծ շահերով, հետևաբար՝ թեթևությունն ու թիռը կորցրած: Դեռ երեկ իր զրկանքներն անտեսող ժողովուրդը չի կառչում այլևս հենց նույն տառապանքին, որն ինքնին գերաժեք է և հպարտու­թյան հիմք ու պատվանդան: Օտարվել է, ցավոք, ու, ա՜խ, աչքը սահմանից դենն է:
Ոգեթափ մարդը ձեռք է փնտրում՝ բարձրանալու, չգտնելով՝ հեռանում է, ուր աչքը կտրի: Ո՞ւր է Թումանյանի ձեռքը, հիշո՞ւմ ենք:
Մի երկու տարի առաջ Արևմտյան Հայաստան ուղևորությունից հետո, թվում էր, չեմ վերականգնվի. կորստի չափը հասկանալի չէր, լքված բնօրրանի հետ դեմ հանդիման երկնքից երկինք էի չափում Հայկական լեռնաշխարհը և ամոթից գետինը մտնում. հարազատ ուրվականները կարող են ապտակել մեզ՝ ապրողներիս, մի քանի սերունդ անց…
Չկա մի պետություն, որ իր հյուսիսը, հարավը, արևելքն ու արևմուտքը չունենա: Մեր խաչմերուկը ինչո՞ւ խաչ դարձավ: Ուրեմն՝ տանելու ենք, չզիջելով ոչ մի թիզ, ոչ ոքի:
Մենք ունենք նորոգվելու ահռելի պաշարներ, վկան՝ հայոց ճշմարիտ մշակույթը բոլոր ժամանակների: Առանց նրա կամ նրա թերագնահատմամբ մենք կլինենք մի այլ գոյություն, կեղծվածք: Մենք ստեղծել ենք: Մենք մե՛ր տիպարներն ունենք:
Թումանյանը տեսե՛լ էր տրոհվածն ու ամբողջականության էր առաջնորդում: Թումանյանը ճանաչո՛ւմ էր զարկվածին ու զրկվածին և ձեռք էր մեկնում ու բաշխում: Բռիությունը, դաժանությունն ու չարիքը քննելով՝ կոչում էր գութ ու կարեկցանքի… Հայ մարդու արժեքը բարձրացնում էր վեհության աստիճանի:
Ով աչք ունի՝ թող տեսնի:
Եվ ով ականջ ունի՝ թող լսի՝ հոգևոր նահանջի բոլոր ուղիները փոխզիջումներով պիտի փակվեն: Սա՛ է հրամայականը:

Մանասե-2ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԶ ԿՆԵՐԻ

ՄԱՆԱՍԵ

Մի պատմություն: Կյանքը իր բարեկամի, իր հարազատ օգնականի` ուղտի հետ լավ ու վատ օրերով անցկացրած մի մարդ մեռնում է, ու մեռնելուց առաջ ուզում է հրաժեշտ տալ իր հավատարիմ ծառային` անսահման համբերությամբ իր ուղտին:
– Իմ անդավաճան ընկեր,- դիմում է նա կենդանուն,- իմ հլու հպատակ, ինձ մարդիկ ներեցին` նրանց պատճառած չարիքներիս համար, որ ես չհասկանալով եմ գործել: Հիմա հերթը քոնն է, ես գիտեմ ինչ նեղություններ ու վատություններ եմ թույլ տվել քո դեմ, և դու համբերել ես: Ինչքան եմ քեզ մաշել` թողնելով անջուր ու քաղցած, առանց հանգստի, ինչքան եմ քեզ չարչարել ու տանջել անապատների փուշ ու մացառների մեջ, արնոտել եմ կողերդ մտրակներով, ծեծել եմ, ծնկի բերել, բայց բարձրացել ես էլի ու շարունակել ճանապարհդ` տասնապատիկ ծանր բեռան տակ, քան ընդունակ ես եղել կրելու, ինչքան եմ հայհոյել քեզ ու պատժել, երբ հյուծված ես եղել ու սակավազոր, այնինչ պիտի դարմանեի քո վերքերը, ջուր տայի քեզ ու չթողնեի անոթի: Մեղավոր եմ քո առաջ, իմ անդավաճան ընկեր: Ներիր ինձ, ինչպես ներեցին մարդիկ, չէ՞ որ ես մեռնում եմ:
-Ներում եմ քեզ, թշվառ,- պատասխանում է նրան ուղտը,- ներում եմ և՛ քաղցիս համար, և՛ անջուր հազարավոր մղոններ քայլելուս համար, ներում եմ և՛ ծեծիդ համար, և՛ պատիժներիդ, ներում եմ և՛ հայհոյանքիդ համար, և՛ մտրակներիդ, որոնց ինձ արժանացրել ես անարդար ու առանց պատճառի: Ներում եմ ամեն ինչ, բացի մի բանից:
– Էդ ի՞նչ բան է, կյանքիս ընկեր, որ էդքանը ներելուց, էդ մի բանը չես ուզում ինձ ներած լինել: Չէ՞ որ ես մեռնում եմ:
– Եթե հազար անգամ էլ մեռնելիս լինես,- ասում է ուղտը,- միևնույն է, ես դա քեզ չեմ կարող ներել: Մի անգամ, երբ արդեն հասնում էինք մեր իջևանը, դու ինձ ծնկի բերիր, առար իմ վրայից իմ բեռը ու դրիր իշու վրա: Ես դա երբեք չեմ մոռանա ու չեմ ների քեզ:
Անկախությունը մեզ կների ամեն ինչ, և այն` որ կողոպտում ենք նրան ու թալանում, և այն` որ ծախում ենք նրան ու վաճառասեղանի օրահաց դարձնում, և այն` որ ստում ենք նրան ու սովորեցնում ողորմության, և այն` որ հայհոյում ենք ու… հեռանում, բայց ուղտի ոխով նա մեզ չի ների մի բան, որ նրա բեռը դրեցինք որոշ ավանակների վրա, որ իրավունք չունեին անգամ փալան կրելու:

Նառա ՎարդանյանՈՒԺԵՂԸ ՆԱ Է, ՈՎ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ ՄԵՆԱԿ ՄՆԱԼՈՒՑ

Նառա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Եղավ մի օր, եղավ մի ժամանակ, որ 2043000 մարդ միահամուռ ձայն տվեց անկախությանն ու ԱՅՈ՛ ասաց անկախությանը: Ուժեղ էին նրանք… ու հաստատակամ: Գիտեին դժվարությունները, գիտեին, որ քաղաքացիների համար ճորտական աշխատանք է լինելու: Ուժեղ էին ու մենակ: Ուժեղ էր Սահյանը, երբ ասում էր` էն ո՞ր ոչուփուչը վեր կկենա ու Ոչ կասի իր արյան շրջանառությանը, իր աչքի լույսին, իր արդար հացին, իր պետականության հիմքերին, իր թոռների ու թոռնթոռների մարդավայել կյանքին: Այո՛… այս երեք տառերն այսօր իմաստավորում են մեր ազգի երեք հազար տարվա ոգևորումներն ու որոնումները:
Եղավ այդ օրը, որ երկու միլիոն մարդ տոն կերտեց:
Եղավ մի օր, եղավ մի ժամանակ, երբ հայրս հեռու օտարության ու մենակության մեջ, ճիշտ անկախության տարիքի չափով օտարական, իր ներքնաշորերը լվանալիս տաշտով եռման ջուրը թափել է վրան ու նստել դույլի առաջ, լաց է եղել… որովհետև ուժեղ էր, ո՛չ չէր ասել իր արյան շրջանառությանը, չէր տարել մեզ ու չէր ուզել՝ իր երեխաներն օտարականներ դառնան, ԱՅՈ՛ էր ասել իր արդար հացին և իմ աչքի լույսին, վեր է կացել ու շարունակել լվացքը:
Մենք այստեղ լեզու ենք պահել, հիմն ենք անգիր սովորել, բանակն ենք փառաբանել ու մարդավայել կյանքի պատրաստվել:
Այսօր եկել է մի օր, մի ժամանակ, որ երկրիս անկախությունը ավազի նման սորում է մատներիս արանքով, որովհետև անկախու­թյան սյուները, անկախության հենարանները` եղբայրներս ու քույրերս, հայրերս ու մայրերս, հայոց լեզուս ու ուսուցիչներս հեռանում են, ու ծանրությունը դժվար եմ կրում ուսերիս: Հիմա բռունցքս պինդ սեղմելու ժամանակն է, ուժեղ լինելու ժամանակն է, հատիկ ավազը փայփայելու ու սիրելու ժամանակն է, մենակ մնալուց չվախենալու ժամանակն է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։