Տիգրան Գրիգորյանի բանաստեղծական աշխարհում / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ինձ հառաչել չթողին,
Էլ ուր մնաց շառաչել…
Համո Սահյան

…Ինչ էլ որ լինի`
Չհիվանդանալ իմ դարի ախտով.
Նույնիսկ` մահանալ,
Բայց քաղաքակիրթ խաբկանք չդառնալ:
«Ապխտածություն»

Այսպես, քաղաքակիրթ խաբկանքների, ասել է թե` կեղծը, անբնականն ու ճշմարտամերժը քաղաքակրթության քողով ծածկելու սարսափազդու, ապխտած ախտի հետ պայքարն սկսված է, և մարտադաշտը Տիգրան Գրիգորյանի բանաստեղծական աշխարհն է` «Հավիտենության ճանապարհին» վերնա­գրով:
«Ես չեմ մտնում նրա ստեղծագործական աշխարհի մեջ,- գրում է ժողովածուի առաջաբանի հեղինակ Կիմ Աղաբեկյանը,- ես, պարզապես, գրում եմ այդ աշխարհի մասին,- շարունակում է նա` վկայելով, որ «բանաստեղծական յուրաքանչյուր գործ ապրված տառապանք է` բյուրեղացած իբրև բանաստեղծական գեղեցկություն»: Իհարկե, չեմ ասի, թե գրականագետը խուսափել է մտնել նույն այդ տառապանքի ծովը, ուր կյանքի ամեհի, երբեմն` լպրծուն ալիքների հետ իր պայքարն է մղում բանաստեղծը: Պարզապես այդ ծովն այնքան խորն է, որտեղ մտնողը պետք է զինվի կամքի ու համբերատարության, ընդվզումի ու պայքարի նույն ոգով` քաջ գիտակցելով, որ փոքր ժողովածուն շատ ասելիք ունի և արժանի է շատ մեծ ու լուրջ ուշադրության, քան մուտքի ու ողջերթի խոսքը կարող է լինել, քան տողերիս հեղինակի զգացմունքային տպավորություններն ու նրանցից ծնված կամ վերածնված սերն առ պոետ ու պոետականություն:
Տիգրան Գրիգորյանի պոետական առինքնությամբ օժտված խոսքերը հմայում են առաջին իսկ հայացքից: «Արդարության ձայնն անկասկած խենթությունն է…» («Ցավալի իրողություն»),- գրում է նա` համոզված լինելով, որ խենթերին քարկոծում են: Այնուամենայնիվ, բանաստեղծը բացում է «ախտազերծության» իր նորագույն էջը` դառնալով «խավարահալած լույսի» մեր ժամանակների պաշտպանը:
Սերունդների հերթափոխի մեջ վաղուց տեսանելի և համբուրելի սևակյան ավելի շատ ոչ թե բանաստեղծական, այլ մարդաբանական վերլուծություններով առաջանալու ոտնահետքերն են տանում դեպի Տիգրան Գրիգորյանի բանաստեղծական աշխարհը, ուր քեզ այստեղ ուղեկցում են տողատակում հնչող եսենինյան կիթառալար ալեկոծումները սեփական բախտախաղի մասին, բայց և որտեղ անընդհատ զգում ես այդ խաղում տանուլ տվածի հետ չհաշտվող, չհանդուրժող հեղինակի ըմբոստ ոգու ներկայությունը: Իսկ տանուլ տվածի հետ չհամակերպվելու միակ պատճառն այն է, որ խաղի կանոններն են անարդար…
Խաղի կանոնների անարդար դրսևորումները բացահայտող սևակյան փորձերի մարդկային նույն բարոյական ըմբոստությամբ էր քայլելու ելել Տիգրան Գրիգորյանը: Նա, ում լսելի էին Սևակի «Հանեցեք ձեր դիմակները», «…Լույս, լույս զվարթ» հոգեկանչերը: Տաղանդաշատ Սևակն, այնուամենայնիվ, այնքան միամիտ չէր, որ չտեսներ տառապանքի հնարավոր այն գոյությունը նրանց համար, ովքեր ոչ թե «դիմակաթափ են», այլև, ընդհանրապես, զզվել են դիմակներից և չեն էլ փորձել կրել այն՝
Հակառակ կյանքի / Պարարտակուտակ կարգապահության / Սողոսկուն փառքի՛. / Եվ ընդդեմ` բոլո՜ր / Նորարարական թաքստոցներից / Ճահճասերների՛ / Հաշվեկշռվա՜ծ / Կամքի վաճառքի…
«Խոստովանություն»
Տառապանքն իսկապես կարող է առավել մեծ լինել նրա համար, ում խոստովանության շարունակությունն այսպիսին է.
Հոգնած և բազում, / Գոռոզաբարո, / Երեխայական դերերից իմ ջինջ` / Մի մտացրիվ, / Դիմակաթափված, / Հորիզոնահար հայացքո՜վ վճիտ` / Ես հա՛նձն եմ առնում, / Որ անանձնական ճակատագրիս / Ողորմած ձեռքին / Եղել եմ միայն, / Գողտրիկ հույզերից / Սիրո՛վ շաղախված / Մի պա՜րզ խաղալիք:
Բայց և նման սիրով, լույսով, հույզով լի շաղախից հունցված մեկի համար, իսկապես, չէր կարող ճանաչելի չլինել`
Անդա՛րձ որբացած / Երազանքները խելագարների…
Տ. Գրիգորյանի բանաստեղծական ոգին ընդվզում ու ծառս է լինում: Նա հեշտ ու հանգիստ հանձնվողներից չէ, ուստի կարողանում է հստակորեն հայտարարել`
…Որ անապական / Կողմնացույցի պես` / Դարձյա՛լ աշխարհի / Բոլո՜ր կողմերն էլ / Ճիշտ եմ ցույց տալիս:
Ճշմարիտ բանաստեղծների կոչման, նրանց անցնելիք ստեղծագործական դժվարին ճանապարհի, նրանց առաքելության մասին Պ. Սևակը մի կարճ, բայց շատ տարողունակ խոսք ունի` «Գրել, նշանակում է կռվել չարի դեմ»:
Սևակն այսօր էլ չի դադարում ասել այդ մասին, որովհետև կյանքն իսկապես շարունակում է «ախտազերծման» կարիք ունենալ, և ախտազերծողների շարքերում մեծ է բանաստեղծների առաքելությունը: Խոսքը ճշմարտության դեմքը ծածկող քողը ետ տանող բանաստեղծների մասին է, ովքեր չեն երկնչում և չեն ծնկում կեղծիքի ու անարդարության առաջ:
Կյանքն ախտազերծող բանաստեղծների բանակ էր ուզում տեսնել նաև հայոց բանաստեղծության մի ուրիշ գագաթ ու մեծություն` Եղիշե Չարենցը, սակայն հանդիպել էր այլ որակներ ունեցող բանակի.
Երգում է, տե՛ս, գիշեր ու զօր, / Պոետների մի ողջ բանակ… / …Շատ է չնչին մեր ապագան, / Թե որ դրանց երգին նայես…
Տիգրան Գրիգորյանը դեպի Պառնաս ձգտող այդ բանաստեղծների շարքում չէ: Նա կյանքի հորձանքում ժայռի պես ամուր կանգնած այն անհատականությունն է, ով, բաց ճակատով նայելով հավիտենություն տանող ճանապարհին, խոստովանում է` «Պոետները թմրադեղերն են եղել իմ»: Նրա խոսքն, իհարկե, «Պառնասում ծնկած այծերի» մասին չէ` այլ ճշմարիտ ու հոգեհարազատ այն պոետների, ովքեր սեփական հոգու բանաստեղծական կանչը համամարդկային իմաստուն խոհերի միջով դեպի իսկական պոեզիային հատուկ հոգի գերեվարող կատարելության կախարդանքն են տանում: Չկարողանալով զսպել իր ըմբոստությունները կյանքի պարտադրած խորդուբորդ ճանապարհներին և ուղիղ նայելով մարդու մեջ նստած գազանի աչքերին, բանաստեղծը ջանում է գոնե ինքն իր համար հասկանալի դարձնել կյանք կոչվող եռուզեռի պատճառահետևանքային կապերը: Այս անգամ, սակայն, երբեմն գլուխ է բարձրացնում տարակուսանքը.
«Ախր, չէ՞ որ / Այս ճպճպան լռության մեջ / Ոչ ոք էլ իր անուշ քնից / Ամենևին էլ / Դժգոհ չէ. / Մի՞թե միայն / Ինձ պես ժլատ հաճախորդի` / Արդարության / Գոյությունն է ավելորդը…»:
(«Տարակուսանք»)
Արդարությունն, այո՛, ժլատ հաճախորդ է, սակայն տարակուսանքից ծնված ինքնամերժումի խոսքն այստեղ ոչ թե նվնվոց, այլ ուժերը հավաքելով ոտքի վրա մնալու ջանքի ու եռանդի արգասիք է: Ինչևէ: Պոետականությունը Տ. Գրիգորյանի կյանքի ընթացքն է եղել դեռ շատ վաղուց: Հիվանդ լինելով պոետականության թմրադեղի պես ձգող հիվանդությամբ, մանչուկի պես հափշտակված`
…Ցանկացել է նրանց երկնած / Մաքրամաքուր ձիգ կատարին / Հասնել… կյանքում:
(«Անտերության գահին»)
Ճշմարիտ բանաստեղծները կյանքի փառատենչ «պարարտակուտակ կարգապահության» ճահիճը ճեղքող և վեր խոյացող անհատներ են, որոնց խոյացումների տակ, իսկապես, ծփում է լուսավոր մաքրությունը: Եվ եթե փորձես կռանալ ու ափով ետ տանել լեռնային վտակների երեսին ջրի հետ ճամփին խառնված չոր խոտ ու տերևի մնացորդները` որպես պարտադրյալ տառապանքի ձայներ, ապա կարող ես խմել զուլալված, լուսավոր վտակից` ըմբոշխնելով նրա մաքրությունը: Հենց սա է Տիգրան Գրիգորյանի պոեզիան բնորոշողը, և հենց սա է նրան Նիկոլայ Ռուբցովի պոեզիայի հետ հոգեհարազատորեն կապողը.
…Կարծես ժամանակն այստեղ գործ չունի, / Թող կողքիս ոչ մի բանից չխոսեն, / Եթե հնչում է թախծոտ մեղեդի…
(թարգմ.՝ Տ. Գրիգորյանի)
Ժամանակի պարտադրած ախտերն ու աղտեղությունները, պայքարի հոգնություններն ի չիք են դառնում, երբ ջութակները երգում են մորեմերկ մաքրության մասին:
…Եվ այսպես շարունակ, մինչև ընդվզումի և ինքնամերժումի, լիարժեքության և անլիարժեքության պայքարի դաշտում մղած կռիվների արդյունքում կրկին վեր բարձրացող հաղթանակի դրոշ, որի վրա գրված է`
Ես ընդամե՛նը / Հավիտենության կամակատարն եմ:
(«Բանաստեղծություն»)
Կյանքի դրամատիկ իրավիճակներում, մարդաբանության մեջ մարդու էության ներդաշնակությունը պահող եզրերի փնտրտուքով զբաղված, Տ. Գրիգորյանը բանաստեղծության հոգեկանչին ունկնդիր` ճշմարտությունը ցույց տվող կողմնացույց է դառնում, երազում, սիրում, հավատում, արտասվում, ապա թքում ինքն իր արցունքի վրա` պոետական անխառն հիվանդությամբ տառապելով` դատապարտված լինելով սիզիփոսյան գոյության: Արդարության ձայնի հետ ճամփա գնացողների տառապանքը հիրավի սիզիփոսյան աշխատանք է, որովհետև նույն ձայնի հետ ցած ես գլորվում հենց այն պահին, երբ թվում է, թե հասել ես նպատակակետ բարձունքին: Սիզիփոսյան այդ վեր ու վարերի մեջ Տ. Գրիգորյանը եկել է այն համոզումին, որ
Արդարության ձայնն անկասկած, / Խենթությո՜ւնն է… / Դժբախտաբար, / Ոչ միշտ է նա կարողանում / Հասկանալի լեզվով խոսել:
(«Ցավալի իրողություն»)
Իսկապես, ցավալի է իրողությունը: Ցավալի է այն, որ խենթերին պատժում են, մերժում, արհամարհում…
Իբրև մերկ ճշմարտության նվագարանի վրա ձգված լար, և կամ երգասացը` նույն ճշմարտության: Ահա թե որն է նրա պոետական պահվածքը: Կիթառահարի կրքոտությամբ է նա խփում հոգու նվագարանին, և հատիկ-հատիկ հնչում են երգերն այն մասին, թե ետմահու երջանկության տարածքը Հայրենիք է կոչվում («Ավետիս»), թե բարության առաքյալը լինելու պահանջը հավատի հրի մեջ տապակվել է նշանակում («Համբարձվելու զգացողություն»)… Կիթառալար հնչյունների միջից ապա վեր է բարձրանում բանաստեղծի «Հանապազօրյա աղերսը».
Ցերեկը` լույս լինի, / Երեկոն` հույս լինի, / Գիշերը` կա՜նչ… / Քեզ ականջ դնող լինի, / Աստղադո՜ղ… ու հող լինի, / Բի՜լ անրջանք… Հոգիդ` անքե՛ն լինի, / Հավատդ` շե՜ն լինի, / Կյանքդ` հորձանք:
Խաղաղ գոյության փնտրտուքներն առավել դրամատիկ են դարձնում կյանքային իրավիճակները: Դրամա, որովհետև խախտված են բնությունից մարդուն տրված բարոյական ներդաշնակության բոլոր կանոնները: «Ժամանակները ձյութված են տմկած սովորույթների ձանձրույթով» և`
Ամե՜ն ինքնաբուխ, / Հուզառատ, վեհ քայլ` / Սուտ ասպետության ցուցարարություն…
(«Ես իմ ողջ կյանքում…»)
«Ճահճատենդ» բանաստեղծության ընթերցումը իրավունք է տալիս ինձ հայտարարել, որ Տիգրան Գրիգորյանը շատ հանգիստ կարող է փոխել Դանթեի արտահայտության ընդամենը մեկ բառը` դրանով իսկ ոչ թե կրկնելով նրան, այլ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ իր բարձրացրած հարցը համաշխարհային ճիշտ և ճիշտ նույն նշանակությունն ունի, ինչ Դանթեի խոհերն են` մարդու և հավիտենության մեջ նրա ունեցած տեղի մասին:
Երկրային կյանքս կիսով չափ անցած` / Ես հայտնվեցի ճահճատենդում…
Հենց այդպես կարող է ասել իր բանաստեղծությունը սկսելուց առաջ` ավելի պարզորոշ դարձնելով այն, որ նրա «Ես»-ը ընդհանուրի իմաստն ունի և վերաբերում է մեզ` բոլորիս: Մենք բոլորս հիվանդ ենք այս նույն տենդով.
Կյանքը` կեղծիքի մի կո՜ւռ սովորույթ: / Արդարությու՛նը շատ ուշ է գալիս: / Ճշմարտությունը` հորա՜ծ ավանդույթ` / Հոգեհացի՛ն են բո՜ւռ-բուռ շաղ տալիս…
Մենք բոլորս հիվանդ ենք այս տենդով, սակայն Տ. Գրիգորյանն է, որ անհաշտ է մեզ պատուհասածի հետ.
Հեռո՛ւ ինձանից: Այս ի՞նչ արցունք է… / Մի՞թե աճյունս հողի՜ն են տալիս… / Կա՜նգ առ, սատանա՛: Հոգի՛ս ինձ հետ է: / Աստղերն էլ անհո՜ւն թախծից են լալիս:
Բանաստեղծի իր կոչման, պոետների շարքում իր ունեցած առաքելության և նույն այդ առաքելության դժվարանցանելի ճանապարհի մասին առավել քան անմիջական ու տիպական պատկերներով է ներկայացրել հենց ինքը.
Ես պոետ չե՛մ: / Ես ներդաշնակ մա՜հն եմ կյանքի: / Կամ որ նո՛ւյնն է, / Եթե ասել` / Թե արքա՛ն եմ պոետների:
(«Անտերության գահին»)
Ճշմարիտ պոետներն իսկապես իրենց միջով են անցկացնում կյանքի, մահվան ու անմահության գոյաձևերը, որպես մարդ անհատին անհրաժեշտ եռամիասնության պարտադիր պայման: Տ. Գրիգորյանի դեպքում` կյանքի հրով անցած են «Ես ներդաշնակ մահն եմ կյանքի» խոսքերը, ուստի եռամիասնության մեջ գործող ներդաշնակության համաձայն` մահվանից հետո սկսվում է անմահությունը: Արքա պոետներին հասու ճանապարհ է սա, որի գահը ոչ թե գրասենյակներում կամ դահլիճներում է, այլ` «Երկնավորի» մոտ… Կյանքի վեր ու վարի, աջ ու ձախի ճիշտ կենտրոնում կանգնած ժամապահի նման պոետական հոգին արևերես հանած Տիգրան Գրիգորյանը ասես խեղդվում է նույն ճամփաբաժիններում կուտակված հեղձուկի մեջ: Սեփական ես-ի հետ անհաշտ բանաստեղծի հոգու տվայտանքները հեղձուկի ծովից ափ դուրս գալու համար ելքեր են փնտրում, սակայն, իզուր ու իզուր…

Այս կյանքում ինձնից պրծընել չկա՛… / Ինքս էլ, ավա՜ղ, չեմ կարողանում լքել ոչ մեկին… / Մի երևելի հիմա՜ր եմ անկամ, / Որ չփորձեցի երբևէ կյանքում փոխել իմ հոգին:
(«Անարժեքության հեղձուկի մեջ»)
Փոխել հոգին, կնշանակեր` կուլ տալ քաղաքակրթության սփռած անբնական ու ճշմարտամերժ խայծը: Եվ բանաստեղծը ձեռնոց է նետում ինքն իր դեմքին, ինչպես հեռավոր երկրում իրեն հոգեհարազատ մի այլ պոետ գիշերաժամի տվայտանքներից ազատվում է` ձեռնափայտը շպրտելով իր կյանքի տաժանելի գիրքը թերթել ստիպող սեփական ես-ի վրա: «Հասարակ և ուրախ երևալն անկասկած, / Ամենակատարյալ մեծ արվեստն է կյանքում» (Ս. Եսենին, «Սև մարդը», թարգմ.՝ Տ. Գ.): Սև մարդու հիշեցումները չեն զիջում իրենց տեղը բանաստեղծի խնդրանքին, թե` «Բարեկամ, բարեկամ, ես հիվանդ եմ անչափ…», և ահա ջարդվում է հայելին` իր վրա նետված ձեռնափայտի հարվածից:
Պոետական նույն հիվանդությամբ է տառապում Տիգրան Գրիգորյանը, ով ամեն անգամ, երբ «գոյության խաղաղ մի ձև գտնելու» ընթացքն է բռնում, նրա ետևից «…Ժայթքման պատրաստ ընդերքն է եռում», ավարտվելով «Արժանապատվությունը փորձանք է» եզրակացությամբ: Կռիվ են տալիս բանաստեղծն ու մարդը, բնականն ու անբնականը, լույսն ու ստվերը… Անվերջ կռիվների այդ հորձանուտում, միևնույն է, իր մնայուն մաքրության մեջ ապրում ու շարունակվում է «Անմահության համանվագը»` իր նախնական անմեղությամբ հանդերձ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։