…Միայն մի երկու խոսք գրական վարպետության մասին: Սա ամենադժվար բանն է և ամենակարևորը:
Գրական գործը հաճախ անվանում ենք երկ, այսինքն՝ երկունք: Հասկանալի է այս բառի ծանր նշանակությունը.- ջանք, ճիգ, ծանր աշխատանք…
Հեշտությամբ գիրք չի գրվի և աթենացի Պալասի պես մի վայրկյանում կազմ ու պատրաստ չի ծնվում հոր գլխից, այսինքն այստեղ՝ հեղինակի: Խոշոր գործերը, մեծ վեպերը պահանջում են երկարատև աշխատանք: Պետք է պոեմայի կամ վեպի նյութը, սյուժետը երկար ու բարակ որոճալ մտքի մեջ, հերոսների հոգեբանությունը խորապես մշակել: Պետք է նախապես պատրաստվել, շատ կարդալ, ուսումնասիրել ռուս, հայ, եվրոպական կլասիկներին և նոր տաղանդավոր հեղինակներին: Ապա, ուրեմն, ձեռնարկել գրել, գրածը հետո խնամքով մշակել: Բուալոյի ասածի պես գրվածքը քսան անգամ հանել դարակից և ամեն անգամ ավելի շատ ջնջել, քան ավելացնել:
Հավերժ սիրելի Վահան Տերյանը իր գոհարները բազմիցս հղկել է և չի ափսոսել կրճատելուց: Չափածոն մանավանդ, նաև արձակը պետք է խտացնել: Ուժը խտացման մեջ է: Չպետք է ձգտել հաստափոր վեպեր գրել՝ առատ ջուր լցնելով մեջը, հաճախ՝ շատ հաճելի ջուր:
Զոռով, խաթրով, ծուռումուռ ճանապարհներով չի կարելի գրողի փառքի հասնել: Թերևս… այլ բաների հասնել, այնինչ պետք է տալ մեր արդեն զարգացած, գրասեր ժողովրդին բարձրորակ երկեր, որոնք կա՛մ կյանքի և աշխարհի ճանաչողություն տան ընթերցողին, կա՛մ կրթեն, դաստիարակեն, բարձրացնեն:
Դրան կհետևի գրողի փառքը և ազնիվ վաստակը:
Գրողը գրական ասպարեզի մեջ պիտի մտնի ինչպես մի նվիրական տաճարի մեջ, ուր պիտի դնե իր հոգու լավագույնը:
Գրողը մարտնչող է և տեսանող, նա որպես մարտիկ՝ խիզախ, անշահասեր պիտի պայքարե իր գաղափարների հաղթանակի համար: Նա իրականությունը նկարագրող և արտացոլող չէ միայն, այլև կյանքը հեղափոխող և նորոգող, դաստիարակ և ռահվիրա: Նա՝ որպես տեսանող, մարգարե, տեսնում է ապագան: Նա ներկայի մեջ նշմարում է լուսավոր գալիքի սաղմը՝ երազած ապագան և այն հայելացնում է ժողովրդի առաջ:
…Հայ ժողովրդի գրականությունը բռնակալների, տիրողների, ջարդարարների գրականություն չի եղել, նա բռնության դեմ ազատաբաղձ մարտնչողների գրականությունն է, որը եղել է հայ ժողովրդի ինքնապաշտպանության՝ լեզվի, կուլտուրայի հատու զենքը: Հայ գրականությունը պայքարել է այլասերման դեմ, կոսմոպոլիտիզմի դեմ, նա պայքարել է ազատության, արդարության և լավագույն ապագայի համար: Եվ պիտի շարունակե այդ պայքարը…
1954 թ . հուլիսի 21-ին