Մեզ բախտ վիճակվեց լինել նրա ժամանակակիցը / Անուշ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

Սոս Սարգսյան - 2Այդ տարի թատերականի դիմորդներիս, իր տեսակի մեջ եզակի բուհում մեր նախընտրած մասնագիտությունը ուսանելու առիթից բացի, մի շատ նվիրական հանգամանք ևս մագնիսի պես ձգել-բերել ու սրտատրոփ կանգնեցրել էր ընդունող հանձնաժողովի դիմաց: Ոլորտի բացառիկ ու վաստակաշատ մասնագետների հետ մեր իմացած-չիմացածը առաջին անգամ քննելու էր նորընտիր ռեկտորը` Սոս Սարգսյանը: Հետո պարզվեց, որ ինչպես մեզանից ոմանց ընտրել, այդպես էլ պահելու էր իր խստաբարո, պահանջկոտ, անկողմնակալ հայացքի ներքո: Մեծերին հատուկ` անհատականու­թյուններ տեսնելու զարմանալի հատկությամբ, աչքի ընկածներիս անվանապես հիշեց ու ճանաչեց մինչև վերջ: Մենք «դատապարտված» էինք արդարացնելու նրա ընտրությունը:
Հաջորդ տարի Թատերական արվեստի պետական ինստիտուտը վերանվանվեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: Ստեղծագործական մթնոլորտի մշտառկայության պայմաններում հիմնվեց գիտամեթոդական աշխատանքների «Հանդես» ժողովածուն, բազմաթիվ միջբուհական ծրա­գրեր իրականացվեցին: Մենք, մի խումբ ուսանողներով ոգևորված, որոշեցինք մեր ուսումնական հաջողու­թյուններից զատ, մի բանով էլ պապին զարմացնել (նրան այդպես էինք իրար մեջ դիմում) ու լուսահոգի Կիմ Արզումանյանի, ևս մի քանի դասախոսների աջակցությամբ հիմնեցինք «Արվեստ» ամսագիրը, որի հիմնադիր խմբագիրը ես եղա: Գինեձոնը պապի աշխատասենյակում արեցինք` մեզ հավատացող ու սիրող մեծ վարպետների հիշարժան ընկերակցու­թյամբ: Պապի համար տոն էր, մեզ համար` առավել ևս: Միասին գինու գավաթները բարձրացրինք, միասին ցողեցինք այն առաջին համարն` իր թանկ ու միամիտ էջերով, որը պահում եմ մասունքի պես, վարպետի հակիրճ, բայց այնքան խոսուն մակա­գրությամբ՝ «Անուշիկին: Շնորհակալություն. Սոս Սարգսյան»:
«Արվեստի» համար նրանից հարցազրույց վերցնելու պատասխանատու գործն էլ ինձ էր վստահված. «Աշխարհի հիմքը սերն է,- ասաց,- էս աշխարհում ամեն ինչ սկսվում է սիրելուց: Ես շատ եմ սիրում ուսանողությանը և անում եմ հնարավորինը, որ նրանք իրենց լավ զգան: Մարդու կյանքում ամենաերջանիկ տարիները ուսանողական տարիներն են, ուստի պետք է անել այնպես, որ դրանք երբեք չմոռացվեն, և ուսանողները լավագույն հուշերով հեռանան ինստիտուտից»: Իսկ մե՞նք, մենք ի՞նչ պետք է անենք, որ գոհացնենք Ձեզ` հետաքրքրվեցի: «Ուզում եմ նախաձեռնող լինեք, բուռն կյանք ունենաք, ինձ համար դժվար, ձեզ համար` հեշտ, ձեզ համար` հետաքրքիր: Ա՛յ թե ինչ եմ ցանկանում ես»: («Արվեստ», N1, 2000 թ.): Իսկ ինչո՞ւ էլ չեք խաղում` այս հարցն է, որ անհանգստացնում է բոլորիս (երազում էինք նրան բեմում տեսնել): «Դերասանու­թյունը վիթխարի ֆիզիկական ուժ է պահանջում, հոգևոր եռանդ, ավյուն»,- արդարանալու պես ասաց: Նա այդ ժամանակ 70 տարեկան էր և գիտեր, որ բեմից գեղեցիկ ու ժամանակին հեռանալն էլ արվեստ է: Բայց ինստիտուտը մեկ այլ հարթակ եղավ Սոս Սարգսյանի համար:
Բարի ավանդույթ դարձավ նաև մյուս տարիներին ընդունվող ուսանողների համար «անհանգստացնել» նրան. եղան բազում նախաձեռնություններ, թատերագիտական երկխոսություններ, սեմինարներ, ֆիլմերի դիտում-քննարկումներ, ներկայացումների ցուցադրություններ ու ցուցահանդեսներ, սպորտայինից մինչև հասարակական ու բնագիտական նախաձեռնություններ, իսկ ինստիտուտի հումանիտար ամբիոնը, ղեկավար, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Մուրադյանի նախաձեռնությամբ, անցկացրեց առաջին գրական մրցույթը, որի առաջին տեղի մրցանակակիրը լինելու պատիվն ունեցա: Վարպետի ձեռքից դիպլոմ ու ենթադրվող խրախուսական նվերներից առավել տենչալին Սոս Սարգսյանի հեղինակած գրքերը իրենից ստանալն էր:
Մեծ հայ, ով լեգենդ էր արդեն կենդանության օրոք, ու դեռ քանիցս վերարժևորվելու է նրա սահմաններ չճանաչող տաղանդը: Սոս Սարգսյանի մասին գրելիս դժվար է խուսափել գրչի անպարագիծ թռիչքների գայթակղությունից… Ես կարող էի իբրև թատերագետ անվերջ ծավալվել նրա դերասանական հանճարի ծիրերով, հավաստել, որ Սոս Սարգսյան դերասանը հոգեբանական թատրոնի դպրոցի այն հզոր անհատականություններից էր, ով, առանց թատերական արտաքին ընդգծումների, հասնում էր կերպարանափոխման և կերպարի միանգամայն ճշգրիտ ու տիպական բնութագրի, ու որ նրա ստեղծած կերպարներն ունեին մի ընդհանուր առանձնահատկություն` պարզ, մարդկային արժեքներ դավանող, զուսպ տառապող, բայց ուժեղ հայ տղամարդու նկարագիրը: (Նահապետ, Ձորի Միրո, Լիր, Մացակ («Հացավան»), Քննիչ («Մենք ենք, մեր սարերը»), Թաղապետ («Սանիտայի թաղապետը»):
Նրա ռեժիսորական նախապատվությունը հիմնականում դասական երկերն էին` բոլորովին ինքնատիպ, միանգամայն սոսսարգսյանական մեկնաբանությամբ` ներքին ապրումի ենթաշերտերով, բարությամբ, մարդկայնությամբ հագեցած: «Դերասանի թատրոն» բնութագիրը առաջ կքաշեի, քանի որ նրա ռեժիսուրան արտակարգ ու խճճված հնարանքների, բարդագույն միզանսցենների կամ այլաբանական խճողումների ռեժիսուրա չէր, նրա գերխնդիրը դերասանի հետ աշխատանքն էր, մանրանկարչական, դետալային, ասեղնագործ աշխատանքը: Ասել է թե, ձևի առումով` հստակ ու կանոնակարգված, իսկ բովանդակային խորքերը` անտակ, որ հիշեցնում է հայկական խաչքարի կերպը: (Է. դե Ֆիլիպո «Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը, Չեխով «Արջը», Շեքսպիր «Լիր արքա»):
Իբրև գրող՝ չնկատել չէի կարող, որ վարպետի գրականությունն էլ իր ռեժիսուրայի շարունակությունն է` լինի դա վեպ, պատմվածք, հուշագրություն թե կենսագրական երկ, նրա գրի կառուցվածքը հստակ է, միտքն ու լեզուն` ներդաշնակ, առանց գրողական հնարանքների, առանց գրչի սեթևեթանքի: Խոսքն առինքնող է անսահման անմիջականությամբ, ժողովրդական իմաստությամբ ու միաժամանակ` պարզությամբ շաղախված: («Վարագույրից այն կողմ», «Ընդհատում», «Մենք ու մերոնք», «Ոտնամաններ»):
Բայց ես կանգ կառնեմ Մե՛ր ժամանակի հանդիպման խաչմերուկում, ուր այդ բոլոր բևեռներն ամբողջացնում են Սոս Սարգսյան մարդու նկարագիրը, ու կամփոփեմ` Նրա դավանանքը հայրենքն էր, պետականությունը ` դժվարությամբ ձեռքբերված ու ամենաթանկ նվաճումն իր ազգի, հիմնաքարն ու հավատը` երիտասարդությունը, որը պիտի փայփայեր այդ սրբությունները: Նա կարող էր դասերի ժամանակ մտնել լսարան, փորձը դիտել, հետո մեկ-երկու դիպուկ դիտարկումով ընդմիշտ վերափոխել ապագա դերասանի աշխարհընկալումը, նա կարող էր ցանկացած պահի մտնել ընթերցարան ու արժևորել ընթերցող մարդու տեսակը, բուհի միջանցքներում հանդիպած ուսանողներին կանգնեցնել, հորդորել առաջին հերթին օրինակելի քաղաքացիներ լինել: Նա տենչում էր, որ երիտասարդների մեջ չկորչեին Հայրենիք, Հայրենասիրություն, Ազգ, Լեզու հասկացությունները: Նա պահանջում էր, որ հայերեն խոսենք, հայեցի ապրենք, որ հայ տղամարդը չմոռանար իր գենի ու առնականության, իսկ հայ օրիորդը` իր ազգի արժանի Մայրը լինելու գլխավոր առաքելության մասին: Նրա համար քիչ էր լավ դերասան, լավ ռեժիսոր, լավ թատերագետ ու կինոգետ տեսնելը. նա ուզում էր, որ իր բուհը Հայ մարդ ձևավորեր, իր հնամենի արմատներին արժանի սերունդ, ապա նոր` լավ մասնագետ:
«Արվեստին» տված հարցազրույցում շարունակում է. «Բնությունից օժտված շատ երիտասարդներ ունենք, բայց արվեստն աշխատասիրություն է, բնությունը դաժան է, երբ շնորհք է պարգևում, պահանջում է, որ գնահատվի: Գնահատականը աշխատանքն է, տաղանդը ոչինչ է և նույնիսկ վնասակար, երբ աշխատասիրու­թյուն չկա: Տաղանդը վայրի ձի է, չսանձես` կտանի կտա քարերով»: Այդպես պատգամեց ու նույնիսկ, երբ հանգամանքների բերումով ռեկտորի իրավասությունները հանձնեց վաստակաշատ բեմադրիչ, մանկավարժ, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանին, ով նաև Համազգայինի գեղ. ղեկավարն էր, ամեն ինչ հենց այդ հունով էլ գնաց, քանի որ Հ.Գասպարյանը լիովին կիսում էր վարպետի հայացքներն ու մոտեցումները: Հետո բուհի կառավարման խորհրդի նախագահն էր, ավելի քիչ էր լինում ինստիտուտում, հիմնականում Համազգային թատրոնում էր անցկացնում օրը, բայց իր մշտարթուն, սթափ հայացքով շարունակեց հետևել մեր կայացմանը… Շարունակեց խրախուսել ու պախարակել` տեղն եկած տեղը. նա հոր պես խիստ էր, ում սերը պետք էր վաստակել…
Ես թատերական ընդունվեցի այն տարի, երբ ռեկտոր դարձավ Սոս Սարգսյանը, և մի անբացատրելի համընկումով` ինստիտուտն ավարտեցի նրա ռեկտորության վերջին տարում: Ես թատերականի նրա՛ սերունդն եմ և հպարտորեն կարող եմ փաստել` այդ նա՛ է ինձ պատգամել ամեն ինչի արդարությամբ ու անդադրում աշխատանքով հասնելու, երբեք չնախանձելու և սիրելով հաղթելու գաղտնիքը: Նա մեծ էր, ու մենք պարզապես բախտ ունեցանք նրա ժամանակակիցը լինելու:
Հավերժ լույս նրա հոգուն, որ այսօր արդեն ավարտած իր քառասնօրյա ճամփորդությունը երկրի ու երկնի սահմաններում, գնաց երկինք` մտահոգ իր ժողովրդի ճակատագրով, բայց թողեց մի անօրինակ ժառանգություն, որը վայել է միայն արիական մի ազգի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։