Օգոստոսին լրացավ ռուս-վրացական պատերազմի հինգերորդ տարին, որը հինգ օրվա ընթացքում 2000-ից ավելի մարդկային կյանք խլեց: Հետևանքներն այնքան անկանխատեսելի ու ողբերգական էին, որ Ռուսաստանը, Հարավային Օսիան ու Վրաստանը օգոստոսի 13-ը սգո օր հայտարարեցին: Ու թեև հակամարտությունից հինգ տարի է անցել, կրքերը չեն հանդարտվել, և այդպես էլ վիճարկելի է, թե ով էր նախաձեռնել պատերազմը: Չափազանց կարևոր խնդիր, քանի որ տարածաշրջանային ներկայիս գործընթացներում ագրեսիա հրահրելիս, քաղաքական ձեռագիր է դարձել, պարտվելու դեպքում, զոհի խալաթով հանդես գալը, որի ցայտուն օրինակը ազերիական իշխանությունների ներկայիս վարքագիծն է: Իմիջիայլոց, հաշվի առնելով Վրաստանի նախագահ Սաակաշվիլու բոլոր հարցերում թուրք-ազերիական ուղղորդությամբ առաջնորդվելը, դժվար չէ նկատել, որ Վրաստանի նախագահը հետպատերազմյան վերլուծություններում համարյա պատճենում է ազերիներին: Թերևս մինչև ռազմական գործողություններն էլ նրա խորհրդատուները նրանք են եղել: Հետևելով թուրքերի օրինակին, որ չկան հայեր, չկա և հայկական հարց, նրա մտքով էլ էր անցել նույն բանաձևն իրականացնել օսերի նկատմամբ` չկան օսեր, չկա և Հարավային Օսիայի խնդիրը: Ավաղ, ժամանակները փոխվել են: Ազերիներին, չնայած խորհրդային զորքերի օժանդակությանը, չհաջողվեց հայաթափել Ղարաբաղը, վրացական նկրտումների ողնաշարն էլ ծռվեց ռուսական տանկերին բախվելով:
Այսքանից հետո, լուրջ եզրակացությունների փոխարեն, Սաակաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաալիքին տված հարցազրույցում նույնիսկ այն կարծիքին է, որ «Ռուսաստանի հետագա գործողությունները կանգնեցրել է ԱՄՆ 6-րդ նավատորմը»: Ապա նշել է, որ Ռուսաստանը ցանկանում էր գրավել Թբիլիսին, և որ ռուսները Կոնդոլիզա Ռայսին հայտնել էին, որ նրանց նպատակն է Վրաստանի վերացումը, ինչից հետո ԱՄՆ-ն նույնիսկ առաջարկել է Սաակաշվիլուն տարհանել երկրից: Առնվազն տարօրինակ է, թե ինչու ԱՄՆ-ին հենց Սաակաշվիլին է հետաքրքրել՝ բախտի քմահաճույքին թողնելով վրաց ամբողջ ժողովրդի ճակատագիրը: Արդեն սովորական է դարձել, որ ռուս-վրացական հակամարտության մասին Վրաստանի նախագահի բնութագրումները հանրությանն են ներկայացվում միայն նրա ուղեղում շարունակվող ռուսաֆոբիայի պիտակներով: Ըստ նրա՝ ռուսական ագրեսիայի նպատակը եղել է. «Որպեսզի մենք համակերպվենք, որ Շիդա Քարթլիի մի մասը և Աբխազիան չեն համարվում Վրաստանի տարածքներ, հրաժարվենք ՆԱՏՕ-ից և մտնենք Եվրասիական միության մեջ»: Հնարավոր է, որ այդպես էլ լինի, սակայն փաստերն այն մասին են, որ նախահարձակը Վրաստանի զինված ուժերն են եղել, և ըստ քաղաքագետ Լևոն Շիրինյանի. «Ռուսաստանն իր այդ քայլով փրկեց օս ժողովրդին ոչ միայն հայրենազրկումից, այլ նաև գենոցիդից»: Իհարկե, վրաց-ռուսական հակամարտության մասին կարծիքները, որակումներն ու մեկնաբանությունները հինգ տարի հետո էլ հնչում են տարբեր բևեռներից, սակայն ակնհայտ է, որ այդ հակամարտությունը տարածաշրջանային իրողությունների վերաշարադրման լուրջ հարցադրումներ թելադրեց, հատկապես անհրաժեշտություն դարձավ սառեցված հակամարտությունների վերաբերյալ գաճաճ կայսրությունների, ինչպիսիք են Վրաստանն ու Ադրբեջանը, դոգմատիկ մտածողության խմբագրումը: Նույնիսկ այն տպավորությունն էր, թե Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի հանրապետությունների անկախության ճանաչումը կարող է նոր ազդակ հաղորդել ղարաբաղյան հակամարտության բանակցություններին: Սակայն իրականությունն այն է, որ ղարաբաղյան խնդրի շուրջ առաջընթաց արձանագրելու համար կողմերը պիտի փորձեն նախևառաջ լսել միմյանց: Երեկվա պես ազերիները այսօր էլ ոչինչ չեն ուզում լսել և արդի իրողություններից ելնելով՝ վաղն էլ չեն ուզելու լսել:
Ինչ վերաբերում է վրաց-ռուսական հակամարտությանը, ապա չնայած վարչապետ Իվանիշվիլու երկկողմ հարաբերությունները մեղմացնելու ջանքերին, այն շարունակում է լարված մնալ: Ի տարբերություն Սաակաշվիլու, նոր վարչապետը կարծում է, որ «վրացական» տարածքները կարելի է հետ բերել Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելու և միայն խաղաղ ճանապարհով: Ըստ նրա. «Վրաստանը պետք է հետաքրքրի աբխազներին խաղաղ կեցության պայմաններով և համոզի նրանց, որ իրենց իսկ հեռանկարի համար վրացիների հետ ապրելն ավելի լավ է»: Մնում է ռուսական կողմը համոզվի, որ աբխազների ու օսերի համար վրացիների հետ իսկապես լավ է, և ուժ գտնի հրաժարվելու նրանց անկախության ճանաչումից: Տնտեսական համագործակցության ներկայիս նշմարվող դրական դրսևորումները առայժմ ի զորու չեն լուրջ փոփոխություններ մտցնելու կողմերի դիրքորոշման մեջ: Ինչ վերաբերում է ապագայի կանխատեսումներին, ապա քաղաքականության մեջ իրադարձություններից առաջ ընկնելը ոչինչ չի երաշխավորում: