Մայիսի 9-ին, Բիշքեկի անմար կրակի մոտ կայացած հանդիսավոր արարողությանը Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը տրաֆարետային արտահայտություններից հետո հայտարարել է, որ «Բայկալը», «Ենիսեյը», «Սիբիրը» հինավուրց ղրղըզական տարածքներ են, իսկ բուն Ռուսաստանը ղրղըզների նախահայրենիքն է: Այնուհետև՝ Կուտուզովը, Կարամզինը, Տուրգենևը, Կարա-Մուրզան ղրղըզական ծագում ունեն: Միաժամանակ, ըստ Ղրղըզստանի ազգային ժողովի պատգամավոր Ազամատ Արապբաևի, մի քանի տարի անց երկրում երկրորդ պետական լեզուն կլինի ոչ թե ռուսերենը, այլ անգլերենը: Անգլերենի խորացված ուսուցումը 7 տարի անց Ղրղըզստանը կդարձնի անգլիախոս երկրներից մեկը, ինչը թույլ կտա երկրի քաղաքացիներին Ռուսաստանի փոխարեն Եվրամիությունում աշխատել: Ատամբաևի այսօրինակ ելույթը թեև դուրս է ռուս-ղրղըզական բարեկամական հարաբերությունների և ԱՊՀ գաղափարախոսության շրջանակից, այդուհանդերձ, անզեն աչքով էլ նկատելի է, որ Ռուսաստանից «զգուշանալու» միտումը աստիճանաբար ազգային ինքնահաստատման ռազմավարության է վերածվել նաև հետխորհրդային մյուս տարածքներում: Փորձագետների կարծիքով, ԱՊՀ-ն, չնայած ռուսների ջանքերին, փաստորեն, չկարողացավ ԽՍՀՄ հանրապետությունների միջև հարաբերությունների նախկին ձևաչափն ամրագրել, վերածվելով պարզապես անիմաստ կառույցի, երբ պատմական ներկա ժամանակահատվածում ԽՍՀՄ-ի նախկին հանրապետություններից յուրաքանչյուրն իր «ազգաշինությամբ» է զբաղված: Այս ֆոնին նույնքան տրամաբանական է Ղազախստանի դիրքորոշումը: Ռուսներին լրջորեն անհանգստացրել է Նազարբաևի՝ մինչև 2025 թ. կիրիլիցայից ամբողջովին լատինատառ ուղղագրության անցնելու հայտարարությունը: Ղազախ գիտնական Ամանգելդի Այթալիին կարծում է, որ այս որոշումը փրկում է պարտադրված այբուբենից և կարևոր քայլ է դեպի ապագաղութացում: Հատկանշական է, որ Ղազախստանի կենտրոնախույս քայլերը պայմանավորված չեն միայն ուղղագրության փոփոխությամբ: Լրագրող Մարատ Տոկաշբաևը գրել է, որ Ղազախստանում միայն մեկ ազգ կա՝ ղազախականը, մնացած բոլորը սփյուռք են: Ըստ նրա՝ ղազախական հողում միայն ղազախը կարող է ազգ կոչվել, և որ սփյուռքը իրական հիմք չունի այստեղ ազգ կոչվելու: Ուստի հոգևոր վերափոխումներին զուգահեռ կարևոր է նաև միջէթնիկական քաղաքականությունը փոխել: Մոտակա հեռանկարում, ղազախական աճող էթնոազգայնականությամբ պայմանավորված, վտանգի տակ են ոչ միայն ռուս-ղազախական հարաբերությունները, այլև վերջին տարիներին ակնհայտ է դարձել ղազախների անհանդուրժողականությունն իրենց ռուսախոս համաքաղաքացիների նկատմամբ: Եվ այն, որ մինչ այժմ խուսափել են արյունալի կոնֆլիկտներից, պատճառը ռուսախոս բնակչության արտագաղթն է: 1992-2015 թթ. 2,5 միլիոն ռուսախոս բնակչություն է լքել Ղազախստանը, որից 60 տոկոսը՝ ռուսներ: Ակնհայտ է, որ նախկին «բարեկամները» այլևս չեն հավատում, որ հեռանկարում Ռուսաստանի հետ է իրենց երկրների առաջընթացը: Ուկրաինայի, Վրաստանի դեպքում, չնայած առկա բազում խնդիրներին, գործընթացը կարծես ավարտական փուլում է: Թեև Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հերքում է լուրերը, որ Մինսկն իր արտաքին քաղաքականությունն աստիճանաբար ուղղորդում է դեպի Արևմուտք, այդուհանդերձ, Ռուսաստանի կողմից իր տնտեսական ակնկալիքները չբավարարվելու դեպքում, դեմ չի լինի «դավաճանելու եղբորը»: Անդրադառնալով ռուսաց լեզվի կարգավիճակին՝ Լուկաշենկոն հայտարարել է. «Այն, որ բելառուսերենը չենք մոռանում, այդպես էլ պետք է լինի»: Անշուշտ, Բելառուսի առաջնորդի անորոշ քաղաքականությունը, երբ Ռուսաստանին հղված բարեկամական ելույթներից հետո նրա որոշ հայտարարություններ եղբայրական չես կոչի, նյարդայնացնում է ռուսներին, սակայն ուկրաինական դեպքերից հետո ռուսները կարծես զգուշանում են Բելառուսի նկատմամբ խստացնել խաղի կանոնները: Ռուս քաղաքագետները գտնում են, որ Ռուսաստանի պաշտոնական դեմքերն ու կոնկրետ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները հազվադեպ են հրապարակայնորեն քննադատում հետխորհրդային բարեկամների վարքն ու արտահայտությունները: Նրանց կարծիքով, ԱՊՀ երկրների նկատմամբ ռուսական «փափուկ ուժի» քաղաքականությունը պետք է կոչված լինի առաջ մղելու Ռուսաստանի հետաքրքրություններն այդ երկրներում: Կարևոր է, որպեսզի մշակույթի և կրթության ոլորտում հարևանների հետ համագործակցությունն ընթանա պետական լուրջ հսկողության ներքո: Ինչ վերաբերում է լեզվին, ապա լեզուն ոչ միայն հաղորդակցության միջոց է, այլև ազգային ծածկագիր, որին տիրապետելու պարագայում դժվար չէ ազգի դիմադրությունը կոտրել: Փաստ է, որ այդ երկրները կախվածության մեջ են Ռուսաստանից: Դրա համար պետք է ոչ թե խնդրել, այլ պահանջել, որպեսզի այդ երկրներում «ազգաշինությունը» չհակադրվի Ռուսաստանին ու ռուսներին:
Այսքանից հետո ինչքան ուզում ես՝ գոռա, որ ԱՊՀ-ն հավասարների միություն է: