-Ինչո՞վ էիք զբաղված մեծ պատերազմի տարիներին, պարո՛ն Ջոյս:
– Ես Ուլիսեսն էի գրում: Իսկ ինչո՞վ էիք զբաղված դուք:
Թոմ Սթուփրդ, «Տնազներ»
Թե ինչով էր զբաղված Ս. Մկրտչյանը վերջին մի քանի տարիներին, վկայում է «Ուլիսեսի» ստվարածավալ հայերեն հատորը: Հայտնի իրողություն է, որ օտար լեզվի թեկուզ փայլուն իմացությունը գրական գործի թարգմանության համար բավարար գործոն չի կարող լինել: Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է «Ուլիսեսին». վեպ, որը դասվում է համաշխարհային մոդեռնիստական գրականության բարդ, դժվարընկալելի նմուշների շարքին, և որի թարգմանությունը ամեն լեզվով չէ, որ խիզախել են իրականացնել: Անհնարին է թարգմանել «Ուլիսեսը»` առանց զգալու Ջոյսի ոգին, նրա լեզվամտածողության նրբին խաղարկումները, ենթատեքստի հետևում թաքնված մյուս ենթաշերտերը: Իսկ Ջոյսի ոգին հեշտ տրվողներից չէ: Թերևս այդ է պատճառը, որ «Ուլիսեսը» համաշխարհային գրականության մեջ համարվում է անթարգմանելի գործ: (Վրացերեն թարգմանվել է միայն 3 գլուխ, ռուսերենի թարգմանությունն ընթացել է 8 տարի): Թե որքան ջանք, տառապալից աշխատանք ու թանկագին ժամանակ է ծախսվել այն հայ ընթերցողինը դարձնելու համար, գիտի միայն թարգմանիչը, իսկ թե որքան պատասխանատվություն, սեր ու նվիրում է ներդրել թարգմանիչն այս աշխատանքի համար, բացահայտվում է գրականությանը մերձ կանգնած յուրաքանչյուրի համար, ով ծանոթացել է հայերեն գրքին:
Առանց գրական ստեղծագործության հանգամանալի ուսումնասիրության բացառվում է հաջող թարգմանությունը: «Ուլիսեսի» նման բարդ տեքստի դեպքում բազմապատկվում է նմանօրինակ անհրաժեշտութունը: Ակնհայտ է, որ «Ուլիսեսը» առաջին ընթերցումով չի թարգմանված: Ինչպես իր հարցազրույցներից մեկում նշել է թարգմանիչը, նա տարիներով ընդառաջ է գնացել «Ուլիսեսին»` խորությամբ ուսումնասիրելով այն: Այդ իմաստով սա լոկ թարգմանություն չէ, այլ գիտական աշխատությանը համարժեք մի աշխատանք: Այդ մասին վկայում է նաև գրքի կառուցվածքը. նախքան բուն տեքստը, ընթերցողին է ներկայացված ժամանակագրություն` սկսած Ջոյսի ծննդից մինչև նրա մահը (1941), ներառյալ պատմաքաղաքական իրադարձությունները, ապա անդրադարձվել է նրա մահվանից 10 տարի անց կնոջ մահվան փաստին և 1966 թվականին, երբ Ցյուրիխի քաղաքապետարանը վերաթաղում է նրանց մարմինները միասին: Ընդ որում` լակոնիկ, առանց կենսագրական ընդունված պատումի, ինքնատիպ դիզայնով: Ուրույն էքսկուրս է Դուբլինի քարտեզը` նշված «Ջեյմս Ջոյսի Դուբլինը», որի փողոցների, սրճարանների, հիվանդանոցի և մի շարք այլ վայրերի անունները հիշատակված են վեպում: Շատ կարևոր է նաև Գիլբրթի սխեմայի ընդգրկումը, որը վեպի 18 գլուխները միմյանց կապող աղյուսակ է, ինչը բավականաչափ մոտեցնում է ընթերցողին վեպի կառուցվածքային ամբողջական ընկալմանը: Յուրաքանչյուր գլուխ ունի իր անվանումը` ըստ վայրի, ժամի, մարդու օրգանի, գույնի, խորհրդանիշի, գիտության կամ արվեստի, զուգահեռների, ոճի: Օր. գլուխ 7` Էոլոս, վայրը` խմբագրատուն, ժամը` 12:00, օրգանը` թոքեր, գույնը` կարմիր, խորհրդանիշը` խմբագիր, գիտություն կամ արվեստը` հռետորական արվեստ, զուգահեռները` Էոլոս-Քրոֆորդ: Արյունապղծություն` լրագրություն, լողացող կղզի` մամուլ, ոճը` էնթիմեմիկ: Եվ այսպես համապատասխանաբար` 18 գլուխների համար: Գրքի վերջնամասում տրված է հավելված-պատկերասրահ` Ջոյսին վերաբերող տարբեր նկարներով: Բավականին ինքնատիպ է մտահղացումը ծանոթագրությունների առումով. էջը բաժանված է 3 մասի` բուն տեքստ, տողատակի ծանոթագրություն և հիմնական, լուսանցքային ծանոթագրություն, ինչը անմիջապես լրացնում է բուն տեքստը` առանց հեռանալու տեքստի տարածքից, ընդ որում, էջ` առանց լուսանցքային ծանոթագրության, չկա: Բացի բուն վեպի շարադրանքից, այս ամենը գիրքը դարձնում է մի ուրույն ուղեցույց-ձեռնարկ դեպի «Ուլիսես» տանող ճանապարհը, ինչը վկայում է Սամվել Մկրտչյանի` ընթերցողի հանդեպ ունեցած հարգանքի ու հոգածության մասին, այլապես խիստ բարդ կլիներ այդ ճանապարհը, հատկապես եթե ընթերցողը առաջին անգամ է ծանոթանում Ջոյսի գրականությանը: Տեղին է Ժակ Դերիդայի դեստրուկտուրալիստական ոգով խոսքը. «Անխոհեմություն մի՛ թույլ տուր ասելու` ես կարդացել եմ Ջոյս, որովհետև մենք միշտ գտնվում ենք նրան ընթերցելու եզրին»:
«Ուլիսեսում» Ջոյսը բացառում է ամեն տեսակի լեզվական կամ ոճական կայունություն: Դրվագ առ դրվագ գրքի լեզուն բարդանում է` իր հետ բերելով լեզվական ամենատարբեր շերտեր, ամենախայտաբղետ աշխարհընկալման և լեզվամտածողության ոճեր: «Ջոյսի տեքստը ամենահոսության վտակներից մեկն է, մինչդեռ «Ուլիսեսը» այնքան է անհամապարփակ և անհամընդհանուր (վեպն ընթերցելու անհնարինության պատճառներից), որ յուրաքանչյուր փոքրիշատե պատճառաբանված կարծիք կարող է ճշմարիտ թվալ (ամեն ինչ և ոչինչ, գլուխգործոց և զառանցանք)»,-նշում է Ս.Մ.-ն իր նախաբանում: Այդուհանդերձ, գրքում հանդիպում ենք այնպիսի ապշեցուցիչ հաջողված բառախաղերի, որ ակամա հարց է ծագում` արդյոք դրանք անգլերեն նույնչափ հաջո՞ղ են հնչում, ինչպես որ հայերեն են ստացվել («եզահամբույր», «հազար մերսի առանց հերսի», «մատուցո՛ղ, մատուցիր քո մատույցներում» և այլն):
Ջոյսին բնորոշ է բառի հետևում շնչող ենթատեքստը, և հայերեն ընտրված բառի ճշգրտությունից է կախված հավատարմությունը Ջոյսի ոգուն: Թարգմանիչը պեղել է հայերենի բազմածալք շերտերը` խիզախորեն ընդառաջ գնալով Ջոյսի լեզվի հորձանքներին, ինչը նրան մեծապես հաջողվել է: Տեքստում երբեմն կերպարի խոսքի հետ միախառնվում է հեղինակի խոսքը, և դժվար է դառնում դրանց սահմանի զանազանումը: Կարևոր մի նրբություն. անհնարին կլիներ զգալ արական և իգական սեռի կերպարների խոսքի ընկալման սահմանը (արևելահայերենի «նա» անձնական դերանվան անսեռ գործածության պատճառով), քանի որ Ջոյսի խոսքը հիմնականում ներքին մենախոսություն է`տարբեր կերպարների հաջորդումով ու միահյուսմամբ: Ահա թե ինչու է թարգմանիչը դիմել արևմտահայերենի «նե» տարբերակին, ինչը այս դեպքում լիովին արդարացված է, ու դրանով իսկ գտել ընթերցողին շփոթությունից ազատելու հրաշալի լուծումը, այլապես արական ու իգական «նա»-ի նույնությունը կխճճեր ընթերցողին: «Ուլիսեսի» թարգմանությունը ինչ-որ տեղ նաև հարգանքի տուրք է հայոց լեզվին` ի ցույց հանելով նրա անսպառ լեզվական հնարավորությունները` գրաբարից մինչև ժարգոն, բանաստեղծականությունից մինչև ոչ պատշաճ բառապաշար` ճշգրիտ փոխանցելով մեզ Ջոյսի ոգին: Դրան թերևս նպաստել է և այն, որ «Ուլիսեսին» նախորդել են դժվար թարգմանելի և մշակութային առումով հիմնարար հեղինակների գործեր` Շեքսպիր, Էլիոթ, Մելվիլ, Լորենս, Ֆոլկներ և այլն: Թարգմանված հեղինակների բազմաժանր լինելը ամենևին չի խանգարել թարգմանչին` պահպանելու նրանց ոճական տարբերություններն ու հավատարիմ մնալու նրանց գրական տարբեր ուղղություններին. մի բան, որ թարգմանական գործում խիստ կարևոր սկզբունք է, պահանջում է արհեստավարժություն, գրականության ընկալման նրբին զգացողություն ու խորատես հայացք: Այս ամենին նոր միայն կարող է գումարվել լեզվի երկուստեք իմացությունը, ինչպես և այս ամենի առկայության դեպքում է հարստանում թարգմանական գրականությունը, հետևաբար` թարգմանական գրականության լեզուն: «Ուլիսեսի» թարգմանությունը հայերենի անսպառ հնարավորությունների շքեղ ցուցադրություն է, ինչը հնարավոր էր իրականացնել բացառապես մեծ սիրո առկայության դեպքում թե՛ առ հայոց լեզուն, թե՛ առ Ջեյմս Ջոյսը: Այսօր մենք վստահաբար առիթ ունենք հպարտանալու մեր թարգմանական գրականության մեջ համալրված համաշխարհային գրականության երևույթներից մեկի` «Ուլիսեսի» փառահեղ թարգմանությամբ ու նույնքան փառահեղ հրատարակությամբ: