ՏԱՆՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (1947 թ. մայիսի 20 – 1988 թ. դեկտեմբերի 7)

ՏԱՆՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ (1947 թ. մայիսի 20 - 1988 թ. դեկտեմբերի 7)

Կոպիտ պոեզիա-թղթե վարդ
Իմ պատուհանին դու մի՛շտ կաս – թղթե ծաղիկ,
ձեռքով պատրաստած,
Եվ բոլորը տեսնում են, որ դու թղթից ես ու կոշտ,
անճարակ սարքած.
– Ես չեմ ամաչում, ուրիշներն ամաչում են
այսպիսի ծաղկի համար՝ իրենց պատուհանին:
Իմ պատուհանին դու միշտ կաս – թղթե կոշտ ծաղիկ,
Դրանով պարզ երևում է իմ վառ սերը
բոլոր ծաղիկների հանդեպ,
Որքան առմիշտ բացակա են այստեղ,-
Դրանով ակնհայտ է իմ վառ ցանկությունը,
Մեկընդմիշտ իմ կանչը՝ կենդանի ու
բուրող վա՛րդը դեպի…
Ուրիշներն ամաչում են – ես չեմ ամաչում,
Որ ցանկությունս այսպես կոշտ է երևում
իմ պատուհանին,
Ես միայն սաստիկ պիտի ամաչեի ու տխրեի,
թե չունենայի
պատկերը ծաղկի – բնա՛վ,-
Թե ցանկությունս իսպառ կորսվեր՝ այդ ծաղկի տեսքով – անհե՛տ:
Գիտե՞ք ինչ, դուք հենց նրանք եք,
որ չեն նվիրում ինձ բուրող վարդեր,-
Իսկ ես, ձեզ հակառակ, ահա գովում եմ
Թղթե վարդը-կոպիտ պոեզիան,-
Որ զարդարում է, իրոք, իմ կյանքը:-
Այն ճարտարությունն է՝ սերս ապրեցնելու առմիշտ,
Այն իմ ձեռքն է, չեղած տեղը
զարդարում է պատուհանս, առմիշտ:
Այն իմ սիրտն է, որ միշտ ծաղիկ է տալիս:
Ես սիրում եմ իմ ճարտար ձեռքը,
որ միշտ պատրաստում է վարդ,
Ես սիրում եմ իմ ճարտար սիրտը,
որ միշտ երազում է կյանք:

***
Իմ ու քո միջև ահագին տարածք կա,
այնինչ մենք ուզում ենք համբուրվել,
Ահագին տարածք կա՝ չորացած,
քարքարոտ ու ճաքած,
Եվ մարդիկ՝ գնում ու գալիս են հապշտապ,
Որը հարբած է, որը կոպիտ, մեծախոս ու անդուրեկան:
Իմ ու քո միջև երգեր են ձգվում,
Խռպոտված, աններդաշնակ, մեղեդայնությունից զուրկ,
Եվ ռումբերն են սուրում վերջին խոսքի,
Եվ խելակորույս, վտանգավոր արագ պտտվում է
Այս մեծ երկրագունդը ինքը,-
Իսկ մենք համբուրվել ենք ուզում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.