2020-ի ողբերգական իրադարձությունների հետևանքները դեռևս զգալի են, ժամանակաշրջանը գերհագեցած է չսպիացող վերքերով ու անելանելիության տագնապներով։ Այսպիսի ծանր իրավիճակները բնորոշվում են նաև վեհի և ստորի, հերոսականության ու ստորաքարշության, անձնազոհության ու եսակենտրոնության կողք կողքի դրսևորումներով, որոնք ձևավորում են մի խոր, բարդ ու անհասկանալի հակադրամիասնություն։ Մինչ օրս փնտրում են ու դեռ երկար կշարունակեն փնտրել մեղավորներ, մեղադրում են միմյանց, և յուրաքանչյուրը փորձում է հրաժարվել մեղքի իր բաժնից։ Իսկ «ո՞րն է լուծումը» հարցը մնում է օդում կախված և անպատասխան։
Անցնող տարին լի էր իրադարձություններով, ակտիվություն էր նկատվում նաև գրական-մշակութային կյանքում, բայց բոլոր ոլորտներում սավառնում էր անորոշության մռայլ ուրվականը՝ երբեմն ստիպելով մտածել՝ այս փոքրիկ հողակտորի վրա չե՞ն իմաստազրկվել արդյոք մարդկային գործունեության բոլոր տեսակները, արդյո՞ք գիտությունն ու արվեստը շարունակում են պահպանել իրենց ամենազոր ուժը։ 2021-ին լույս տեսած գրական ստեղծագործությունների մեծագույն մասում այս կամ այն կերպ արծարծվել է 44-օրյա պատերազմի թեման, որ պատմական զուգահեռների լայն դաշտ է բացում, ստիպում է հայացք նետել անցյալին, դասեր քաղել սխալներից։ Այստեղ չեմ ուզում անդրադառնալ այդ ստեղծագործությունների գեղարվեստական արժեքին, որովհետև դա քննելի է այլ հարթակում։ Բայց կարող ենք արձանագրել այն ցավոտ փաստը, որ պատերազմական թեման անբաժան է հայ գրականությունից, և դա մեր ժողովրդի պատմական ծանր ճակատագրի հետևանքն է։
Տարին լի էր նաև մշակութային գործիչների կորուստներով։ Քաղաքական վազվզոցների, ծեծված ճառերի, անձնակենտրոն աթոռակռիվների այս գերիշխող մթնոլորտում մշակութային գործիչներից յուրաքանչյուրը մի օազիս է, և նրանց հեռացումն անդառնալի և անփարատելի կորուստ է հատկապես այս դժվար ժամանակներում։ Կարելի էր առանձին-առանձին անդրադառնալ նրանցից յուրաքանչյուրին և խոնարհվել նրանց հիշատակի առաջ, բայց խոսքս ուզում եմ կենտրոնացնել հատկապես հայ տաղանդավոր արձակագիր, հասարակական-քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի վրա։ Մարդ, որի անձի շուրջ մինչ օրս կան հակասական կարծիքներ, մարդ, որ յուրօրինակ ներդաշնությամբ իր մեջ համատեղել է նուրբ և զգացմունքային գեղագետին և սթափ բանականության կրողին, մարդ, որի կորուստը կստիպի վերընթերցել և նորովի արժևորել նրա գրականությունն ու հրապարակախոսական ժառանգությունը։ Վանոն չափից դուրս խորքային էր ազգի լայն զանգվածների կողմից ընկալելի և ընդունելի լինելու համար։ Հիրավի, մեծ է կորուստը, բայց մնացել է նրա գրական ժառանգությունը, որ այս ծանր ժամանակաշրջանում կարող է դառնալ ճշմարիտ հայրենասիրության և ճգնաժամը հաղթահարելու ամփոփ բանաձև։